
Հայոց Ցեղասպանութեան 111-ամեակին նւիրւած գեղարւեստական-բանախօսական երեկոյ էր կազամկերպւել Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան Կենտրոնական վարչութեան նախաձեռնութեամբ՝ ապրիլի 30-ին միութեան «Յովհաննէս Թումանեան» դահլիճում:
«Տէր Ողորմեա»-ով մեկնարկած ծրագրի բացման խօսքով եւ հաղորդավարութեամբ հանդէս եկաւ Լորեթա Ղեւոնդեանը, ընդգծելով. «111 տարի անց Հայոց Ցեղասպանութեան օրերից, նախնիների կտակը կրելով մեր ուսերին, ուժ ենք ստանում եւ քայլում հայոց արդար Դատի լուծման ճանապարհով:… Պահանջատէրն ենք փոխհատուցման, անկոտրում ենք մնալու մեր դիրքերում, որպէս իրական ժառանգորդը մեր արդար Դատի ու դարաւոր պատմութեան»:
Ոգեկոչման ծրագրին օրւայ բանախօս էր հրաւիրւել Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը: Իր ելոյթի ընթացում տէր հայրը քննադատական հայեացքով անդրադարձաւ անտարբերութեան քայքայիչ երեւոյթին եւ ընդգծեց մեր կորցրած արժէքները, Արցախը եւ հայրենի տարածքները վերադարձնելու համար անհրաժեշտ է թօթափել անտարբերութիւնը եւ պայքարել յանուն հայ ժողովրդի արդար Դատի իրականացման: Տէր հայրը ընդգծեց. «Այսօր ցաւօք անտարբերութիւնը հայի մօտ սերմանում է Հայրենի ղեկավարութիւնը, երբ փորձում է հայի ստից ու մտքից հանել Արարատ լեռը, Արցախը, հայոց եկեղեցին, մեր ազգային արժէքները եւ հային յետ մղում իր արդար պայքարից, որն է՝ Հայ Դատի պահանջատիրութեան ու հետապնդման արդար իրաւունքը»: Նա ընդգծեց, որ եթէ նոյնանման ընթացք լինէր 1918 թւականին մենք այսօր չունէինք Հայաստանի Հանրապետութիւն: Նա դիմեց երիտասարդութեանը, որպէսզի անտարբեր չլինեն ազգային արժէքների նկատմամբ, որպէսզի չիրականացւի մեր թշնամու դարաւոր փափագը՝ մէկ հայ թողնել եւ այն էլ թանգարանում եւ պայքարեն յանուն մեր դարաւոր իղձերի իրականցման:
Միջոցառման գեղարւեստան յայտագիրը յագեցած էր ազգային երգերով, ասմունքներով, դաշնամուրի կատարմամբ եւ Հայոց Ցեղասպանութիւն ու վերածնունդ խորհրդանշող պարային կատարումներով: Մեներգերով եւ զուգերգերով հանդէս եկան Արլէթ Սիմոնեանը, Եօլանդա Մանսուրեանը, Ֆրէդ Մաւաթեանը եւ Զօրիկ Ֆարհադեանը: Դաշնամուրային կատարումներով թէ՛ մեներգիչների հետ, եւ թէ՛ անհատապէս ելոյթով հանդէս եկաւ միութեան «Ուրարտու» երգչախմբի խմբավար Սերժիկ Միրզայեանը: Ոգեշունչ առանձին ասմունքներով հանդէս եկան Անայիս Աբնուսին, եւ Իրինա Մանսուրեանը, ով ներկայացրեց իր գրչին պատկանող «Դար» բանաստեղծական ասմունքը: Հայկական հեզաճկուն պարերով ելոյթ ունեցան «Կակաչ» պարախմբի սաները, գեղարւեստական ղեկավար՝ Արուս Աւագեան, բեմադրիչ, պարուսոյց եւ փորձավար Արմինէ Աւագեան: «Ակունք» պարային համոյթի պարախմբի սաները բեմադրիչ եւ գեղարւեստական ղեկավար Կարինէ Մանուչերեան:
Միջոցառմանը հրաւիրւեց խօսք փոխանցելու Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի օգնական Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը: Հայր Սուրբը փոխանցելով Սրբազան Հօր ողջոյնները ընդգծեց. «Այս երգերի, ասմունքների եւ պարերի միջոցով այսօր մշակութային ծաղիկների մի փունջ հրամցւեց: Եթէ Հայոց Ցեղասպանութիւնից յետոյ նայենք մեր մշակութային կտորներին, պիտի տեսնենք, որ այդտեղ միշտ սկզբում ցաւ կայ, տանջանք ու խեղդւած ձայն կայ, բայց վերջում կայ՝ սակայն, կրկին եւ դարձեալ բառերը, որոնք մեզ տալիս են յոյս եւ կեանքը շարունակելու կամք»: Հայր Սուրբը նշեց, որ թէեւ հայ ժողովուրդը ունի եւ ունեցել է դժւար պայմաններ ու կորուստներ բայց երբեք չի կարելի կորցնել յոյսը եւ պահանջատիրութեան կամքը, քանզի մենք իրաւունք չունենք մոռանալու մեր մէկուկէս միլիոն Սրբադասւած Նահատակներին, Արարատ լեռը, Արցախը եւ մեր պատմական Հայաստանը, քանզի դրանք ժամանակաւոր են բռնագրաււել:
Միջոցառմանը ներկայ էին Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Արա Շահվերդեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը եւ անդամներ, քահանայ հայրեր, Հայոց Ցեղասպանութեան 111-ամեակը ոգեկոչող Կենտրոնական յանձնախմբի նախագահ Մհեր Անդրէասեանը եւ անդամներ, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ եւ հայրենակիցներ:
Վերջում միութեան Կենտրոնական վարչութեան նախագահ Սերժիկ Հաքեանը, իր գնահատանքը յայտնեց՝ օրւայ բանախօսին, երկու պարախմբերին եւ ղեկավարներին, միութեան Գրական խմբին, «Ուրարտու» երգչախմբին, մեներգիչներին, ասմունքողներին եւ Կանանց միաւորին միջոցառումը կազմակերպելու համար եւ բոլոր ներկաներին: Նա ընդգծեց, որ աւարտին կազմակերպւել է յուշերեկոյ վաստակաւոր միութենական Յովիկ Անդրէասեանի 40օրեակի յիշակատին:
Թղթակցութիւնը՝ ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԻ















