Ադրբեջանը փորձում է արցախցիներիս զրկել վերադարձի կամքից
Արցախի բռնազաւթւած տարածքներում մշակութային ժառանգութեան պահպանութեան պետական խորհրդի քարտուղար, «Արցախի մշակոյթի եւ զբօսաշրջութեան զարգացման գործակալութիւն» ՀԿ նախագահ Սերգէյ Շահվերդեանի հետ «Ապառաժ»-ը զրուցել է Ադրբեջանի կողմից Արցախում իրականացւող բնաջնջման քաղաքականութեան եւ դրան հակազդելու քայլերի, Արցախի մշակութային ժառանգութեան միջազգային պաշտպանութեան ուղղութեամբ ՀՀ անելիքների շուրջ։
Սերգէյ Շահվերդեանը նշել է, որ արցախցիների իրաւունքների պաշտպանութիւնն այսօր իրականացնում են հասարակական տարբեր կազմակերպութիւններ, այլ շրջանակներ կամ անհատներ, ինչը գտնում է, որ ճիշտ չէ․ «Իհարկէ, Արցախի մշակութային ժառանգութեան, արցախցիների վերադարձի, նրանց սեփականութեան իրաւունքի թիւ մէկ պաշտպանը պէտք է լինի Հայաստանի Հանրապետութիւնը։ Ցաւօք, մենք որեւէ համարժէք արձագանգ չենք տեսնում Հայաստանի իշխանութիւնների կողմից։ Մենք հասկանում ենք, որ այսօր ՀՀ քաղաքականութիւնն ուղղւած է Ադրբեջանի հետ խաղաղութիւն հաստատելուն, բայց այդ ճանապարհին ՀՀ-ն մոռացել է արցախցիների շահերի պաշտպանութեան մասին, գոնէ այդպէս է երեւում հանրային հարթակներում»,- նշել է Սերգէյ Շահվերդեանը։ Ըստ նրա՝ Ադրբեջանը ոչնչնացնելով արցախցիների սեփականութիւնը եւ մշակութային կոթողները, մի քանի նպատակ է հետապնդում։ Առաջինը հայկական հետքի ոչնչացումն է, երկրորդը՝ Ադրբեջանն ի վիճակի չէ լիարժէք բնակեցում իրականացնել Արցախում, որոշել է պարզապէս նւազեցնել բնակարանային ֆոնդը։
Ադրբեջանն օգտւում է այն առիթից, որ ՀՀ-ի կողմից որեւէ լուրջ հակազդեցութիւն չկայ եւ փորձում է արագ հարցերը լուծել, նրանք նաեւ միջազգային իրավիճակի փոփոխութեան եւ հնարաւոր ճնշումների մտավախութիւն ունեն։ Սերգէյ Շահվերդեանը դժւարացել է Արցախում աւերւած շինութիւնների, կոթողների կոնկրետ թիւ շեշտել․ «Տւեալների մասին խօսելիս, խօսում ենք ընդամէնը մեզ հասանելի տւեալներից։ Բազմաթիւ տեղեկութիւններ ենք հրապարակել Ստեփանակերտի աւերումների մասին, բայց դրանք միայն այն տեղեկութիւններն են, որոնք մեզ հասանելի են։ Հնարաւոր է, որ աւերումները շատ աւելին են, եւ հէնց այս պահին էլ դրանք ընթանում են։ Շատ քիչ տեղեկութիւններ ունենք Արցախի շրջաններից, գործնականում չգիտենք, թէ ինչպիսին է պատկերը»,- ասել է նա։
Ըստ առկայ տեղեկատւութեան՝ Ադրբեջանի վարչակարգը մօտ 10 հա տարածք է աւերել Ստեփանակերտի ԱրՊՀ շրջակայքի թաղամասերում, մօտ 8.5 հա՝ քաղաքի պատմական վեց թաղամասերում։ «Ադրբեջանը փորձում է արցախցիներիս զրկել վերադարձի կամքից։ Մեր տունն էլ է աւերւել, բայց դա վերադարձի մեր ցանկութեան վրայ ոչ մի ազդեցութիւն չունի, Արցախն է իմ տունը»,- նշել է Սերգէյ Շահվերդեանը։
Սերգէյ Շահվերդեանը գտնում է, որ բոլոր հասանելի միջոցներով պէտք է Ադրբեջանի կողմից Արցախում իրականացւող բնաջնջումը ներկայացնել միջազգային կառոյցներին, ՀՀ-ում ներկայ միջազգային կազմակերպութիւններին եւ ՀՀ իշխանութիւնների առջեւ պահանջ դնել՝ զբաղւելու Արցախի մշակութային ժառանգութեան պահպանութեամբ։