Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը Alpha news-ին տւած հարցազրոյցում նշել է, որ լինելով Դեմոկրատական կուսակցութեան ներկայացուցիչների պալատի անդամ, Թալսի Գաբբարդը կոմիտէից ստացել է ամենաբարձր վարկանիշը, որը հեշտ չէ վաստակել:
«Այս վարկանիշը պէտք է վաստակել: Նա այն եզակի ամերիկացի օրէնսդիրներից է, որ այցելել է Արցախ եւ իր գործընկերներին տեղեակ պահել տեղի հայերի առջեւ ծառացած խնդիրների մասին: Միւս գործիչը Վիւեկ Ռամասւամին է, ով իր թեկնածութեան առաջադրման առաջին օրերից, կարծում եմ, նոյնիսկ դրանից առաջ, շատ ակտիւ հանդէս էր գալիս ի պաշտպանութիւն Հայաստանի եւ յատկապէս (սա իսկապէս կարեւոր պահ է) մատնանշում էր Ամերիկայի արտաքին քաղաքականութեան կեղծաւորութիւնը։ Նա յետեւում էր ԱՄՆ միջամտութիւններին արտերկրում եւ տեսնում էր, որ այս գործողութիւնների արդարացումը, նոյնիսկ երբ դրանք շատ դաժան եւ աւերիչ էին, հիմնւում էր այն գաղափարի վրայ, որ մենք միաւորւում ենք այլ դեմոկրատական երկրների հետ ընդդէմ բռնակալութեան:
Նա որպէս օրինակ բերել է Հայաստանը եւ ասել՝ «եթէ մենք իրականում ժողովրդավարութեան կողմն ենք, ապա ինչո՞ւ ենք զինում Ադրբեջանին, ինչո՞ւ ենք աջակցում Ադրբեջանին, ինչո՞ւ ենք նպաստում այն ցեղասպանութեանը, որ նրանք արել են Արցախի ժողովրդի դէմ եւ, միեւնոյն ժամանակ, թողնում ենք արցախցիներին։ Նա շատ սուր է արտայայտւել այս հարցի շուրջ։ Ռամասւամին այդ մասին ասել է Թակեր Կարլսոնի շոուի ժամանակ։ Այս մասին ես էլ խօսել եմ Պիրս Մորգանի հաղորդման ժամանակ»,- ասել է Համբարեանը։
Երրորդ գործիչն, ըստ նրա, Ռոբերտ Ֆրենսիս Քենեդի կրտսերն է, որի ընտանիքը՝ սկսած 1950-60-ական թւականներից, կարեւորել է հայկական հարցերը։ Նրանք ակտիւօրէն աջակցում էին հայերին Ուոթերթաունում եւ Մասաչուսեթսի արեւելեան հատւածում, ինչպէս նաեւ Ռոդ Այլենդում եւ այլ նահանգներում:
«Քենեդի կրտսերը շատ ուժեղ հայամէտ դիրքորոշում ունի:
Չորրորդ գործիչն ապագայ պետքարտուղար Մարկօ Ռուբիօն է, ով նոյնպէս բարձր վարկանիշն ունի։ Նա իր պարտականութիւնները կը սկսի Պետդեպարտամենտում, կարծում եմ, որպէս երկրի պատմութեան մէջ ամենահայամէտ թեկնածու։
Հինգերորդ գործիչը լիբանանեան արմատներով մարոնիտ Մասադ Բուլոսն է, նախագահի դստեր սկեսրայրը: Նախընտրական քարոզարշաւի ընթացքում նա ակտիւօրէն դիմում էր մերձաւորարեւելեան ընտրողներին: Նրանք տեղացի մահմեդականներ, արաբներ, քաղդեացիներ եւ հայեր էին: Ինձ թւում է՝ մարդիկ շատ առումներով դժգոհ էին ԱՄՆ արտաքին քաղաքականութիւնից։ Շատերն իսկապէս վրդովւած էին, իսկ Բուլոսը յայտարարել է, որ այդպէս չպետք է լինի»,- նշել է Համբարեանը։