«Թրամփի միջանցք»-ը՝ «Խաբար» հեռուստաալիքի յատուկ թողարկման թեմա
Դոկտ. Ահմադ Քազեմի. ««Թրամփի կամուրջ»-ի գաղափարը Էրդողանի առաջարկն է, որը բարձրացւել է Փաշինեանի Թուրքիա կատարած այցի ժամանակ»

«ԱԼԻՔ» – Օգոստոսի 8-ին, Իրանի «Խաբար» հեռուստաալիքի յատուկ թողարկման քննարկմումների թեման էր կեղծ «Զանգեզուրի միջանցք»-ի հետեւանքները: Միջանցք, ինչը նրբանկարօրէն շրջանցելով «Թուրանական ՆԱՏՕ» առանցքի նկատմամբ առկայ զգայնութիւնները, ներկայացւում է «Թրամփի միջանցք»-ի, կամ ինչպէս բնորոշել է ինքը՝ ԱՄՆ նախագահը «Թրամփը յանուն միջազգային խաղաղութեան եւ բարգաւաճման» նախագիծ:
Հեռուստաբանավէճին ներկայ էին Ադրբեջանի Հանրապետութիւնում եւ Հայաստանում Իրանի նախկին դեսպաններ Մուսաւին եւ Սաղայիանը, տարածաշրջանի հարցերով փորձագէտ դոկտ. Շոայբ Բահմանը եւ միջազգային իրաւունքի աւագ մասնագէտ դոկտ. Ահմադ Քազեմին:
Քննարկումների ընթացքում Սաղայիանը ներկայացրեց Արցախի կարգավիճակը ԽՍՀՄ եւ դրան յաջորդող շրջանում, ապա անդրադարձաւ 44-օրեայ պատերազմի իրադարձութիւններին, ինչպէս նաեւ նոյեմբերի 9-ին ստորագրւած փաստաթղթին, այն համարելով ոչ թէ Ադրբեջանի, այլ Թուրքիայի եւ Իսրայէլի յաղթանակը Կովկասում:
Անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակման փաստին նա նշեց, որ նման նախագծերը իրականանալու առիթ կունենան միայն այն դէպքում, երբ տարածաշրջանի երկրների մասնակցութեամբ կոնսերցիոմ հաստատւի՝ ճանապարհներն ու հաղորդակցութեան բոլոր առիթները միմեանց կապելով:
Ընթացքում Մուսաւին եւս յիշեցնելով նոյեմբերի 9-ի փաստաթղթով ենթադրւող ճանապարհների ապաշրջափակման մասին անդրադարձին, նշեց, որ «կորիդոր» ձեւակերպումն այստեղ սխալ է, քանի որ չկայ ոչ մի իրաւական փաստաթուղթ, որով այդ ճանապարհին նման որակում տրւած լինի: «Սա այն դէպքում, երբ Իրանը աւելի քան 30 տարի անարգել կերպով ապահովել է Ադրբեջանի Հանարպետութեան եւ Նախիջեւանի միջեւ ցամաքային կապը: Իսկ կորիդորային ձեւակերպման դէպքում, խախտւած պիտի համարել Հայաստանի ինքնիշխանութիւնն իր իսկ տարածքներում: Ինչ մնում է Իրանին- յաւելեց նա- Իրանի Իսլ. Հանրապետութիւնը ողջունում է կողմերի միջեւ հնարաւոր խաղաղութիւնը, սակայն Իրանի կարծիքով, այն պէտք է տեղի ունենայ տարածաշրջանի երկրների աջակցութեամբ, առանց արտատարածաշրջանային ուժերի միջամտութեամբ:
ԱՄՆ-ի միջնորդութեամբ տեղի ունեցող շփումները, քայլ է Իրանին, Ռուսաստանին եւ Չինաստանին Կովկասից դուրս մղելու եւ տեղի են ունենում այս երեքին կապող կարեւորագոյն տարածաշրջանը վերահսկողութեան տակ առնելու նպատակով: Այսպիսով փորձագէտը նշեց, որ Իրանի համար չի կարող ողջունելի լինել իր անվտանգութիւնը խաթարող եւ սիոնիստներին ու թաքֆիրականներին աջակցող նման չակերտեալ խաղաղութեանն ուղղւած փորձերը:
Ներկայ յօդւածում փորձելու ենք ծանրանալ միայն դոկտ. Քազեմիի կողմից այս կլոր սեղանի ընթացքում քննարկւած թեմաների վրայ, քանի որ միջազգային իրաւունքի առումով այն կարող է լոյս նետել այս «խաղաղութեան» մութ կէտերի վրայ:
Դոկտ. Քազեմի.
«Ինչպէս արդէն հինգ տարի է, ինչ ընդգծւում է, Իլհամ Ալիեւը եւ Նիկոլ Փաշինեանը, գործում են ինչպէս մկրատի երկու թեւեր: Նրանք անգլոսաքսոնական կարգի շրջանակներն են ձեււում Կովկասում, իսկ ներկայ զարգացումները վկան են այդ միտումների: Փաշինեանի կողմից Ղարաբաղի բնիկ հայերի էթնիկ զտումների անտեսումը անհերքելի փաստն է անգլոսաքսոնական առանցքի հետ Երեւանի համաձայնութեան եւ համընթաց քայլերի համար։
Ղարաբաղեան 2-րդ պատերազմից (2020) յետոյ, չնայած տարածքային ամբողջականութեան հասնելուն, Ադրբեջանի Հանրապետութիւնն իրեն աջակցած եղբայրների (Իսրայէլ, Թուրքիա եւ Պակիստան) հետ առանձին կամ համատեղ՝ շուրջ հիսուն զօրավարժութիւն է անցկացրել՝ ռազմական սպառնալիքների միջոցով կեղծ «Զանգեզուրի միջանցք»-ն ստանալու համար։ Հայաստանի կառավարութիւնը նոյնպէս օգտագործել է այս ռազմական սպառնալիքները որպէս արդարացում՝ համոզելու հայ հասարակական կարծիքին զիջել միջանցքը։
Նախագահ Էրդողանը բազմիցս է Իրանին ներկայացրել որպէս այդ կեղծ «Զանգեզուրի միջանցք»-ի իրականացման միակ խոչընդոտը: Այն բանից յետոյ, երբ Բաքուն եւ Անկարան չկարողացան վերացնել Իրանի կողմից այդ «ՆԱՏՕ-ի Թուրանական միջանցք»-ի իրականացման խոչընդոտը, նրանք փորձեցին ուղղակիօրէն ներգրաւել այս գործին՝ կուլիսներում գործող դերակատարներին, մասնաւորապէս՝ Միացեալ Թագաւորութեանը եւ Միացեալ Նահանգներին։ «Թրամփի կամուրջ»-ի գաղափարը Էրդողանի առաջարկն է, որը բարձրացւել է Փաշինեանի Թուրքիա կատարած այցի ժամանակ՝ 2025 թւականի յունիսին, եւ առաջին անգամ յիշատակւել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանի կողմից, ապա ԱՄՆ-ի կողմից որպէս գործարքի առաջարկ փոխանցւել՝ Հայաստանին։
Թրամփի միջանցքը նոյնն է, ինչ ՆԱՏՕ-ի Թուրանական միջանցքը կամ կեղծ Զանգեզուրի միջանցքը, որը հետապնդում է աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական եւ աշխարհամշակութային նպատակներ Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի դէմ: Այս միջանցքի իրականացումն արագացնելու եւ Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի խոչընդոտը վերացնելու համար, երկու երկրները՝ Թուրքիան եւ Ադրբեջանի Հանրապետութիւնը փորձեցին կապել Դոնալդ Թրամփի անձնական շահերն այս միջանցքի հետ, ուստի առաջարկելով Թրամփին շնորհել Նոբէլեան խաղաղութեան մրցանակ, վստահացան, որ Թրամփի հետ կապւած ընկերութիւնները երկարաժամկէտ ներդրումներ կը կատարեն այս նախագծում:
Սպիտակ տանն ստորագրւած փաստաթուղթը ներառում է երեք երկրների ղեկավարների յայտարարութիւնը, ինչպէս նաեւ Երեւանի եւ Բաքւի ԱԳ նախարարների կողմից ստորագրւած փաստաթղթեր՝ համաձայնեցւած շրջանակի եւ խաղաղութեան կէտերի վերաբերեալ: Եւ Մինսկի խմբի գործունէութիւնը դադարեցնելու խնդրանք, որը 1994 թւականից ի վեր աշխատում է ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման ուղղութեամբ՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահութեամբ:
ԱՄՆ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի Հանրապետութեան ղեկավարների 7 կէտից կազմւած յայտարարութեան առաջին պարբերութիւնում նշւում է, որ Բաքուն ու Երեւանը ապագայում կը շարունակեն իրենց լրացուցիչ ջանքերը՝ խաղաղութեան համաձայնագիր ստորագրելու եւ վերջնականապէս հաստատելու համար: Սա նշանակում է, որ երկու կողմերը ստորագրել են միայն համաձայնեցւած հարցերի վերաբերեալ շրջանակային փաստաթուղթ, իսկ առաջնորդների կողմից ստորագրւելիք «խաղաղութեան պայմանագիրը» դեռեւս վերջնականապէս չի հաստատւել։ Որոշ անհամաձայնութեան կէտեր մնում են անորոշ, այդ թւում՝ հայ ռազմագերիների, սահմանների սահմանազատման աշխատանքների, Հայաստանի սահմանադրութիւնը փոխելու պահանջի եւ հայերի Ղարաբաղ վերադառնալու իրաւունքի վերաբերեալ։
Հայաստանում եւ տարածաշրջանի երկրներում, մասնաւորապէս՝ Իրանում եւ Ռուսաստանում հասարակական կարծիքի բորբոքումից խուսափելու համար «Trump Route for International Peace and Prosperity: TRIPP» փաստաթղթում չի օգտագործւել «միջանցք» բառը, եւ միեւնոյն ժամանակ շեշտւել են տարածքային ամբողջականութիւնը, ինքնիշխանութիւնը, Հայաստանի իրաւասութիւնն այս երթուղու նկատմամբ եւ համատեղ կոնսորցիումում կառավարման հաւասարութիւնը։ Սակայն անգլոսաքսոնական ճակատի վերջնական եւ չյայտարարւած ծրագիրը վեց կիլոմետր լայնութեամբ եւ 43 կիլոմետր երկարութեամբ միջանցքի ստեղծումն է, որով տարածքը յանձնւելու է Միացեալ Նահանգներին ու ՆԱՏՕ-ին՝ ամերիկա-հայաստանեան կոնսորցիումի քօղի ներքոյ։ Այս կապակցութեամբ Միացեալ Նահանգներն ու Հայաստանը նախատեսում են առանձին փաստաթուղթ ստորագրել։
Իրանը դէմ չէ հաղորդակցութեան գծերի ապաշրջափակման բնականոն ձեւին, սակայն աշխարհաքաղաքական փոփոխութիւններ ստեղծող ցանկացած միջանցք կը խաթարի Իրանի կողմից Ադրբեջանի Հանրապետութեան եւ Հայաստանի իրաւական ճանաչմանը։
Փաշինեանի՝ Մինսկի խմբի գործունէութիւնը դադարեցնելու որոշումը նշանակում է հրաժարւել Ղարաբաղի հայերի իրաւունքից ու նրանց սպասւող ճակատագրի նկատմամբ պատասխանատւութիւնից, որոնք էթնիկ զտմանը ենթարկւեցին 2023 թւականին: Միջանցքի գաղափարը սպառնում է հէնց Հայաստանի գոյատեւմանը։
Ադրբեջանն արդէն իսկ հակաիրանական, հակառուսական եւ հակաչինական առանցքի էներգամատակարարման բազան է դարձել: Բաքուն մատակարարում է Իսրայէլի նաւթի, Սիրիայի գազի եւ Ուկրաինայի նաւթի ու գազի աւելի քան 60%-ը։
Կիեւում Ադրբեջանի դեսպանատան վրայ Ռուսաստանի գործողութիւնները, Ուկրաինա-Ռումինիա սահմանին գտնւող SOCAR նաւթամբարի պայթիւնը եւ Դոնեցկում ադրբեջանական գազային կայանի վրայ յարձակումը վկայում են Մոսկւայի զայրոյթի մասին Ալիեւի գործողութիւնների նկատմամբ եւ ցոյց են տալիս, որ Ռուսաստանը «Թրամփի միջանցք»-ը չի համարում պարզապէս տարանցիկ սխեմա։
ԱՄՆ-ի Տեխասում գտնւող Stratfor վերլուծական կենտրոնը, որը պատրաստում է ռազմավարական զեկոյցներ երկրի անվտանգութեան եւ ռազմական հաստատութիւնների համար, իր գնահատականում յայտարարել է, որ ցանկացած երկիր, որը կը վերահսկի Հայաստանի հարաւը (Սիւնիք), կունենայ ամենաազդեցիկ գործիքը Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի եւ Չինաստանի վրայ ազդելու համար։ Հետեւաբար, «Թրամփի միջանցք»-ը տարանցիկ ծրագիր չէ, այլ միջանցք՝ ՆԱՏՕ-ի, թուրքական, թաքֆիրական եւ եբրայական գործառոյթներով, որը կարելի է գնահատել որպէս Դաւթի սիոնիստական միջանցքի շարունակութիւն։
Ներկայիս զարգացումները ցոյց են տալիս, որ իրանական այն շրջանակների մօտեցումը, որոնք 2020 թւականից ի վեր Կովկասում զարգացումները համարում էին ռուսական խաղ եւ շեղում առաջացրեցին համակարգի որոշումների կայացման մէջ, եղել է ռազմավարական սխալ, քանի որ, ըստ էութեան, Երկրորդ Ղարաբաղեան պատերազմի նախագիծը անգլոսաքսոնական խռովութիւն էր՝ թաքֆիրականների եւ սիոնիստների մասնակցութեամբ՝ աշխարհաքաղաքական փոփոխութիւնների եւ միջանցքի համար՝ Ադրբեջանի Հանրապետութեան օկուպացւած հողերի «ազատագրման» քօղի տակ։ Այս պատերազմի ընթացքում Ռուսաստանը փորձեց նախաձեռնութիւն ցուցաբերել եւ նոյնիսկ փորձեց ռուսական միջանցքի գաղափարը շօշափելի դարձնել, սակայն մի քանի փուլերում, այդ թւում՝ Երրորդ Ղարաբաղեան պատերազմում (2023 թ.), որը հանգեցրեց ռուս խաղաղապահների վտարմանը՝ անգլոսաքսոնական «կանֆետ» խայծով (ռուսական գազի մի մասը Բաքւի խողովակաշարերով գաղտնի տեղափոխելով Եւրոպա)։
Եթէ Թրամփի միջանցքը յաջողւի իրականացնել, Ադրբեջանի Հանրապետութեան եւ Հայաստանի անյապաղ անդամակցութիւնը ՆԱՏՕ-ին կը լինի Վաշինգտոնի եւ Լոնդոնի յաջորդ ծրագիրը տարածաշրջանում, որի շրջանակներում Բաքւի եւ Երեւանի իշխանութիւնների կառավարման շարունակութիւնը կը երաշխաւորւի յաջորդ երկու տասնամեակների համար։
Եթէ «Թրամփի միջանցք»-ը իրականութիւն դառնայ, որի փաստաթղթերը ստորագրւել են հէնց այն օրը, երբ Թրամփը Պուտինին տւել էր՝ Ուկրաինայում դադարեցնել պատերազմը այլապէս պէտք է սպասել աւելի խիստ պատժամիջոցներով վերջնաժամկէտին, ռուսները կը հեռացւեն Կովկասից, եւ ՆԱՏՕ-ի ընդլայնումը դէպի Արեւելք կը մտնի նոր փուլ։
Ռուսաստանում ուկրաինական պատերազմի սկսւելուց մէկ օր անց Իլհամ Ալիեւն անձամբ ստորագրեց «Փոխադարձ դաշինքի» հռչակագիրը Պուտինի հետ։ Այժմ, կոչ անելով Ուկրաինային դիմադրել Ռուսաստանի դէմ, նա Ուկրաինային մատակարարում է նաւթ ու գազ։ Միացեալ Նահանգներում նա խոշոր նաւթային պայմանագիր է ստորագրում Exxon Mobil-ի հետ՝ Աբրահամի պլանի համակարգող Վիտկոֆի ներկայութեամբ, որպէսզի Մոսկւային հեռացնի տարածաշրջանի էներգետիկ հաւասարումից։
Իրանը Կովկասեան տարածաշրջանում խաղաղութեան ու կայուն զարգացման է ձգտում՝ Գերագոյն առաջնորդի 2020 թւականի չորս կէտանոց հրահանգի շրջանակներում, որը, երկրների տարածքային ամբողջականութիւնը եւ միջազգային սահմանները յարգելուց բացի, ընդգծում է Ադրբեջանի Հանրապետութիւնում թաքֆիրականների ու սիոնիստների հեռացման, ինչպէս նաեւ հայ փոքրամասնութեան (ձեւակերպումը բնագրինն է-ԽՄԲ.) առաջնորդի անվտանգութեան պահպանման անհրաժեշտութիւնը, ինչն այսօր կարելի է մեկնաբանել որպէս հայերի Ղարաբաղ վերադառնալու իրաւունքի անհրաժեշտութեան երաշխաւորը։
«Արաքսի միջանցք»-ը Հարաւային Կովկասի միակ տարածաշրջանային միջանցքն է, որը, ի տարբերութիւն կեղծ «Զանգեզուրի միջանցք»-ի կամ «Թրամփի միջանցք»-ի, միայն տարանցիկ նպատակներ ունի եւ կարող է կայուն խաղաղութիւն բերել տարածաշրջանում՝ Իրանի կողմից երեք տասնամեակ առաջ առաջարկւած 3+3 ձեւաչափի շրջանակներում։
Թրամփի միջանցքին կամ ՆԱՏՕ-ի Թուրանական միջանցքին հակազդելու համար Իրանը, Ռուսաստանի եւ Չինաստանի հետ համագործակցելու եզակի հնարաւորութիւնից բացի, պէտք է երկրի ներսում կոտրի ներթափանցում իրականացրած եւ ազգային համաձայնութիւնը վտանգող շրջանակները, որոնց պատճառով թշնամիներին բացայատելու եւ պատժելու փոխարէն մեղաւորին փնտրել ենք մեր մէջ:
«Թրամփի միջանցք»-ին հակազդելու համար երկրում կովկասեան որոշումների կայացման գործընթացը պէտք է Անվտանգութեան խորհրդում վերանայման ենթարկւի, միեւնոյն ժամանակ այն չպէտք է խոչընդոտներ ստեղծի ինքնաբուխ ժողովրդական շարժումների համար, յատկապէս Իրանի ազերիներով բնակեցւած շրջաններում, որոնք ձգտում են իրականացնել իրենց պատմական առաքելութիւնը՝ բացայայտելով ներթաթփանցած թշնամիներին եւ պաշտպանել շիիզմը Կովկասի հինաւուրց իրանական տարածքներում։