ԻՐԱՆԸ ՉԻ ՀԱՆԴՈՒՐԺԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԻՐ ՍԱՀՄԱՆԻ ՓԱԿՈՒՄԸ

«ԱԼԻՔ» – Իրանում շարունակում են ուշադրութեան կենտրոնում պահել նախօրէին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդութեամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նախաստորագրւած «Խաղաղութեան եւ միջպետական յարաբերութիւնների հաստատման մասին համաձայնագիրը», որի առանցքային բաղադրիչներից մէկը ՀՀ տարածքում «Թրամփի ուղի՝ յանուն միջազգային խաղաղութեան եւ բարգաւաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցութեան ծրագրի, նոյն՝ «Զանգեզուրի միջանցք»-ի իրականացման մասին Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ կայացած պայմանաւորւածութիւնն է, համաձայն որի՝ այն 99 տարով արտապատւիրակւելու է Միացեալ Նահանգներին:
Իրանում, փորձագիտական շրջանակներն արդէն հասցրել են արձագանքելու վաշինգտոնեան հանդիպման արդիւնքում նախաստորագրւած համաձայնագրին՝ յստակ նշելով, որ այն լրջագոյն մարտահրաւէր է ուղղւած Իրանի Իսլամական Հանրապետութեան ազգային անվտանգութեանն ու տարածաշրջանային շահերին:
Ուշացնել չի տւել նաեւ պետական-պաշտօնական շրջանակների արձագանքը: Երէկ՝ օգոստոսի 10-ին, Իսլ. յեղափոխութեան առաջնորդի X-ի հարթակը հրապարակում է կատարել՝ յստակ նշելով. «ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԸՆԴՈՒՆԻ ԱՅՆՊԻՍԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ ԵՒ ԾՐԱԳՐԵՐ, ՈՐՈՆՔ ԿԸ ՅԱՆԳԵՑՆԵՆ ԻՐԱՆԻ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՒ ՍԱՀՄԱՆԻ ՓԱԿՄԱՆԸ»:
«Զանգեզուրի միջանցք»-ն ունի աշխարհաքաղաքական հետեւանքներ, եւ Իրանն այն պարզապէս չի անտեսի
Աւելի վաղ, Միջազգային յարաբերութիւնների ռազմավարական խորհրդի քարտուղար Ալի Բաղերի Քանին յայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցք»-ն ունի աշխարհաքաղաքական հետեւանքներ, եւ Իրանն այն պարզապէս չի անտեսի:
«Սա, անկասկած, կունենայ աշխարհաքաղաքական հետեւանքներ։ Ահա թէ ինչու Թեհրանը պաշտօնապէս յայտարարում է, որ այս հարցը հեշտ չէ անտեսել, եւ Իրանի համար կարեւոր է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն կայունութիւն, զարգացում եւ առաջընթաց Իրանի Իսլամական Հանրապետութեան սահմաններում, ինչպէս նաեւ պայմաններ Իրանի եւ նրա հարեւանների համապարփակ համագործակցութեան համար։
Այն փաստը, որ օտարերկրացիները, յատկապէս ԱՄՆ-ն, ձգտում են ներթափանցել տարածաշրջան եւ ապահովել իրենց շահերը՝ տարածաշրջանի երկրների շահերի հաշւին, անկասկած, անընդունելի է թէ՛ Իրանի, թէ՛ տարածաշրջանի երկրների եւ ժողովուրդների համար»,- ասել է նա:
Մենք թոյլ չենք տայ, որ մեր սահմանամերձ շրջանների անվտանգութիւնը խաթարւի
Թեման քննարկման առարկայ է նաեւ Իսլ. խորհրդարնի պատգամաւորների շրջանակում: Մասնաւորապէս, երէկ՝ օգոստոսի 10-ին, խորհրդարնի Ազգային անվտանգութեան եւ արտաքին քաղաքականութեան յանձնաժողովի անդամ Ալաէդդին Բրուջերդին անդրադառնալով թեմային՝ յայտարարել է, որ Իսլամական Հանրապետութեան համար կարեւոր է, որպէսզի քաղաքական եւ աշխարհագրական սահմանները մնան անփոփոխ։
«Դրանից ելնելով՝ եթէ գործարկւի հսկիչ-անցակէտ, ապա այն որեւէ կերպ չպէտք է խախտի Հայաստանի տարածքային ամբողջականութեան կարեւոր սկզբունքը։ Կարծում եմ՝ հէնց Հայաստանը այս հարցում աւելի զգայուն է, քան ցանկացած այլ երկիր։
Բնականաբար, մենք թոյլ չենք տայ, որ մեր սահմանամերձ շրջանների անվտանգութիւնը խաթարւի։
Մենք չենք ընդունի սահմանների որեւէ աշխարհաքաղաքական փոփոխութիւն։ Ամերիկացիները ցանկացած համատեքստում սպառնալիք են տարածաշրջանային անվտանգութեան համար»,- յստակեցրել է նա:
Ալիեւը եւ Փաշինեանն աւելի լուրջ սխալ են թոյլ տւել, քան Զելենսկին
Այս համատեքստում ուշագրաւ է յատկապէս Իսլ. յեղափոխութեան պահապանների կորպուսի հրամանատարի քաղաքական հարցերով տեղակալ, գեներալ Եադօլլահ Ջաւանիի յայտարարութիւնն այն մասին, որ Ալիեւը եւ Փաշինեանն աւելի լուրջ սխալ են թոյլ տւել, քան Ուկրաինայի նախագահ Զելենսկին:
«Ակնյայտ է, որ Իրանը, Ռուսաստանը եւ Հնդկաստանը լուռ չեն մնալու այս կործանարար իրադարձութեան առջեւ։
Եթէ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Հայաստանի վարչապետ Փաշինեանը գոնէ մի փոքր մտածէին ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային եւ ՆԱՏՕ-ին կովկասեան տարածաշրջան ներքաշելու իրենց որոշման հետեւանքների մասին, նրանց ոչ մի դէպքում չէր խաբի Թրամփը։ Այս երկու երկրների պաշտօնեաները, ուշադրութիւն չդարձնելով կովկասեան իրողութիւններին եւ տարածաշրջանի միւս երկրների շահերին, ԱՄՆ-ի, սիոնիստական ռեժիմի եւ մի շարք եւրոպական երկրների խոստումների ազդեցութեան տակ գնացին իրենց երկրների համար արկածախնդիր քայլի։ Այս երկուսը գործել են նոյն սխալը, ինչ Ուկրաինայի նախագահ Զելենսկին։
Միամիտ ուկրաինացի նախագահը, կարծելով, թէ ՆԱՏՕ-ին անդամակցութիւնն իր երկրին պայծառ ապագայ կը բերի, իր ազգին տարաւ կործանման ճանապարհով։ Եթէ Զելենսկին ուշադրութիւն դարձնէր այն բանին, որ ռուսաստանեան անվտանգութեան հայեցակարգում նախկին Խորհրդային Միութեան սահմանները համարւում են անվտանգութեան կարմիր գծեր, նա երբեք իր երկիրը չէր ենթարկի ռուսաստանեան բանակի ներխուժմանը:
…Զարմանալի է, որ Իլհամ Ալիեւը եւ Նիկոլ Փաշինեանը ոչ միայն դասեր չքաղեցին Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմից եւ չհասկացան, թէ ինչու է սկսւել այդ պատերազմը, այլեւ գործեցին նոյն սխալը, որը կարող է նմանատիպ հետեւանքներ ունենալ իրենց եւ իրենց երկրների համար։
…Նրանց սխալը շատ աւելի լուրջ է, քան Ուկրաինայի նախագահի սխալը։ Զելենսկին իր ռազմավարական սխալով միայն սադրեց ռուսաստանցիներին եւ նրանց տրամադրեց իր դէմ։
Սակայն Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների գործողութիւնները Սպիտակ տանը, որոնք, համաձայնագիր կնքելով, ամերիկացիներին 99 տարով «Զանգեզուրի միջանցք»-ի ստեղծման բացառիկ իրաւունք տւեցին, իրենց դէմ տրամադրեցին տարածաշրջանի մի քանի կարեւոր երկրների։
Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը եւ Հնդկաստանը, իւրաքանչիւրը իւրովի, «Զանգեզուրի միջանցք»-ի յանձնումը Միացեալ Նահանգներին գնահատում են որպէս իրենց ազգային շահերին բացայայտ հակասութիւն։ Ակնյայտ է, որ այս երկրները լուռ չեն մնայ տարածաշրջանի համար այս կործանարար իրադարձութեան առջեւ, եւ իւրաքանչիւրն իր շահերն ու անվտանգութիւնը կը պաշտպանի այս կամ այն կերպ»,- նշել է Ջաւանին։
Խնդրին անդրադարձել է Կապանում Իրանի գլխաւոր հիւպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը: Խօսելով Սիւնիքով «Թրամփի երթուղու» մասին, Աբեդին Վարմինը յայտարարել է, որ Հայաստանն ինքը պէտք է վերահսկողութիւն իրականացնի իր սահմանների նկատմամբ։
Հարաւային Կովկասում սահմանների փոփոխութիւն չպէտք է լինի, որքան էլ գեղեցիկ արտայայտութիւններով փաթեթաւորւի
«Իրանը շարունակում է մնալ իր դիրքորոշմանը. Հարաւային Կովկասում սահմանների փոփոխութիւն չպէտք է լինի, որքան էլ գեղեցիկ արտայայտութիւններով փաթեթաւորւի։ Հայաստանն ու Իրանը երկու հնագոյն պետութիւններ են, դրանք գոյութիւն են ունեցել դեռ այն ժամանակ, երբ որոշ արեւելեան հարեւաններ դեռ չկային: Երեւանն ու Թեհրանն իրենք են ընդունակ լուծել իրենց հարցերը»,- նշել է դիւանագէտը՝ յաւելելով, որ արտատարածաշրջանային ոչ մի ուժ չի կարող երաշխաւորել անվտանգութիւնը տարածաշրջանում, եւ յիշեցրել է, որ այս սկզբունքը հաւասարապէս գործում է ինչպէս Պարսից ծոցի տարածաշրջանում, այնպէս էլ Հարաւային Կովկասում:
Նա նշել է, որ Վաշինգտոնում ստորագրւած փաստաթղթում բազմաթիւ հարցական նշաններ կան, եւ ժամանակ է պէտք դրանց էութիւնը հասկանալու համար։
Մեր դիրքորոշումը Զանգեզուրի եւ այս հարցի վերաբերեալ լիովին յստակ է
ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին էլ իր հերթին անդրադառնալով թեմային՝ լրագրողների հետ զրոյցում նշել է. «Մեր դիրքորոշումը Զանգեզուրի եւ այս հարցի վերաբերեալ լիովին յստակ է։ Մենք ողջունում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ որեւէ խաղաղութիւն եւ աւելի վաղ յայտնել ենք մեր պատրաստակամութիւնը՝ համագործակցելու եւ նպաստելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ գործընթացին։
Ինչ վերաբերում է Կովկասեան տարածաշրջանին, մեր դիրքորոշումը միանգամայն յստակ է. մենք պահանջում ենք, որ տարածաշրջանի բոլոր երկրները պահպանեն լիակատար ինքնիշխանութիւն իրենց տարածքների նկատմամբ, յարգեն տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականութիւնը եւ չենք ընդունի միջազգային սահմանների որեւէ փոփոխութիւն»:
ԱԳ նախարարը տեղեկացրել է, որ այսօր՝ օգոստոսի 11-ին, նախատեսւած է հեռախօսազրոյց Հայաստանի արտաքին գործերի նախարարի եւ վարչապետի հետ, իսկ երեքշաբթի օրը Թեհրան կը ժամանի Հայաստանի արտաքին գործերի փոխնախարարը։