Հայաստանի համար՝ Բաքւի հետ «խաղաղութեան պայմանագրի» անվտանգային մարտահրաւէրները եւ իրանցի փորձագէտի անդրադարձը

«ԱԼԻՔ» – Կովկասի եւ Եւրասիական հարցերով փորձագէտ դոկտ. Էհսան Մովահեդիանն սոցիալական ցանցերի վարած իր միկրոբլոգներում գրառում է տեղադրել, որով մեկնաբանել է Փաշինեանի յայտարարած խաղաղութեան պայմանագրի ընդհանուր պատկերը:
Փորձագէտն անդրադառնալով խնդրի անվտանգային կողմին, ներկայացրել է երեք՝ «անվտանգութիւնը մասամբ վերահսկելի դարձրած օտերարկրեայ ուժերի դուրս բերման», «իրավիճակի լարման դէպքում արտասահմանեան ուժերի տեղակայման արգելքի» եւ իր «դիրքորոշումներում սկզբունքային փոփոխութեան» հետեւանքով սպասւող մարտահրաւէրները:
Մովահեդիանը գրել է.
«Բաքւի հետ խաղաղութեան պայմանագրի անվտանգութեան մարտահրաւէրները Հայաստանի համար հետեւեալ պատկերն է ունենալու.
1. Օտարերկրեայ խաղաղապահների հեռացում
Նախկինում Փաշինեանը պնդում էր, որ օտարերկրեայ դիտորդների (օրինակ՝ ԵՄ խաղաղապահների) դուրսբերումը կը ազդի միայն սահմանի նշանակւած հատւածների վրայ։ Այժմ նա հաստատել է, որ խաղաղութեան համաձայնագրի ստորագրման դէպքում դիտորդները կը լքեն երկու երկրների սահմանը։ Սա նշանակում է, որ սահմանին իրավիճակի վերահսկողութիւնն ամբողջութեամբ կը փոխանցւի Ադրբեջանին եւ Հայաստանին՝ առանց արտաքին զսպող գործօնների։
2. Արտասահմանեան ուժերի տեղակայման արգելք
Հայաստանը համաձայնել է երրորդ երկրների ուժեր չտեղակայել սահմանին. Սա կարող է նշանակել.
* Սահմանամերձ շրջաններում ռուսական ռազմական աջակցութիւն ստանալուց հրաժարւելը.
* Ապագայում արեւմտեան խաղաղապահ ուժերի տեղակայման հնարաւոր անհնարինութիւնը։
Եւ Հայաստանի ռազմական անվտանգութեան թուլացումը՝ հաշւի առնելով Թուրքիայի հետ Ադրբեջանի սերտ ռազմական համագործակցութիւնը։
3. Դիրքորոշումների փոփոխութիւն
Փաշինեանն ասում է, որ ինքը չի «փոխել իր դիրքորոշումը», այլ ընդամէնը «վերանայել» է համաձայնագրի տեքստը: Ուստի իրավիճակն աւելի անբարենպաստ է դարձել Հայաստանի համար, եւ այս խաղաղութեան պայմանագիրը վատ հետեւանքներ կունենայ Հայաստանի համար։
4. Բանակցութիւնների արդիւնքների պաշտօնականացում
Փաշինեանն ընդունում է, որ «տեքստերի փոխանակումն» աւարտւել է, եւ Հայաստանն այժմ թեւակոխում է պայմանների վերջնական ընդունման փուլ։ Սա նշանակում է, որ առանցքային դրոյթների վերանայման հնարաւորութիւն այլեւս չկայ։
Եզրակացութիւն
Այս խաղաղութեան պայմանագիրը կը հանգեցնի նրան, որ Հայաստանը կը կորցնի արտաքին ռազմական աջակցութիւնը Բաքւի հետ սահմանին։ Սա երկիրը խոցելի է դարձնում Ադրբեջանի եւ Թուրքիայի դիմաց: Դիտորդների եւ երրորդ կողմի ուժերի բացակայութիւնը նշանակում է, որ երկրի անվտանգութիւնն այժմ ամբողջովին կախւած է սեփական ուժերից, որոնք թուլացել են 2020 եւ 2023 թւականների պարտութիւններից յետոյ։
Սկզբունքօրէն, այս գործընթացը չի հանգեցնի Բաքւի եւ Անկարայի ճնշմանը յանձնւելով արդար ու տեւական խաղաղութեան ձեւաւորմանը։