Դանիան արձագանգել է Ռուբիոյի խօսքերին. «Գրենլանդիան չի վաճառւում»
«ԱԼԻՔ» – Դանիան յայտարարել է, որ լրջամիտ է այն հարցում, որ Գրենլանդիան չի վաճառւում, այն բանից յետոյ, երբ ԱՄՆ պետքարտուղար Մարկօ Ռուբիօն ասել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի հետաքրքրութիւնը կղզին գնելու հարցում «կատակ չէ»: Այս մասին ըստ Reuters-ի՝ յայտարարել է Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լոքէ Ռասմուսէնը:
Իր վերջին հարցազրոյցներից մէկում Ռուբիօն նշել է, որ Թրամփի խօսքերը Արկտիկայի տարածաշրջանի անվտանգութեան իրավիճակի մասին, որտեղ գտնւում է Գրենլանդիան, «կատակ չեն»։
Ի պատասխան Ռուբիոյի հարցազրոյցին՝ Ռասմուսէնն ասել է, որ «աւելի կը զարմանար, եթէ նա ասէր, որ դա կատակ է»:
«Մեր խօսքերը լուրջ են, եւ դա վերաբերում է նաեւ Գրենլանդիային, այն մասին, որ Գրենլանդիան չի վաճառւում»,- ասել է նա:
Դանիայի ԱԳ նախարարը նշել է, որ ԱՄՆ-ի շահերը, ինչպէս Ռուբիօն ընդգծել է հարցազրոյցում, համընկնում են Դանիայի շահերի հետ։
«Եթէ մենք կարողանանք սրա շուրջ առարկայական քննարկում ունենալ, ապա մենք նաեւ լուծում կը գտնենք»,- ասել է նա։
Անդրադառնալով Ռուբիոյի մեկնաբանութիւններին՝ Ռասմուսէնը նշել է, որ «այդ յաւակնութեան էութիւնը կայանում է նրանում, որ եթէ Միացեալ Նահանգները պարզապէս տիրապետէր ամբողջ աշխարհին, ապա ամէն ինչ վերահսկողութեան տակ կը լինէր»։
«Սակայն դա տեղի չի ունենայ, ուստի մենք պէտք է գտնենք այլ ձեւ, որտեղ մենք կարող ենք համատեղ կը կատարենք այդ առաջադրանքները»,- յաւելել է նա: