Վիկտոր Սողոմոնեան. «Հասարակութիւնը չափազանց ծանր խնդիր չպէտք է դնի Սրբազան շարժման առաջ»
Հասարակութիւնը չափազանց ծանր խնդիր չպէտք է դնի Սրբազան շարժման առաջ, չսպասի, որ վաղը, կամ, օրինակ, սեպտեմբերի 5-ին շարժումը դուրս է գալու փողոց եւ իշխանութիւն փոխի։ Այս մասին Alpha News-ի եթերում ասել է Alpha News-ի հիմնադիր, քաղաքական գիտութիւնների դոկտոր, Մոսկւայի միջազգային յարաբերութիւնների պետական ինստիտուտի պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնեանը։
«Յաճախ ասում են՝ իշխանափոխութեան հազար ճանապարհ կայ, ոչ, այդպէս չէ։ Իշխանափոխութեան ճանապարհները 3-4-ն են։ Մարդկութիւնը դեռ ուրիշ ոչինչ չի յօրինել։ Դրանք են՝ խաղաղ իշխանափոխութիւնը, զինւած յեղաշրջումը՝ անտեսելով օրէնքները, ընտրութիւններն են եւ երբ իշխանութիւնն ինքն է որոշում խաղաղ ճանապարհով հրաժարական տալ։ Հիմա այս եղած ձեւերից զինւած յեղաշրջման, բարեբախտաբար, ոչ ոք չի դիմում, քանի որ դա կործանարար ճանապարհ է ցանկացած պետութեան համար, խաղաղ անհնազանդութիւնով կարծես թէ իշխանութիւնը չի փոխւում, ընտրութիւններով մինչեւ հիմա չի փոխւել, բայց առջեւում նորից ընտրութիւններ են։ Այս տեսանկիւնից ես կուզէի մենք՝ որպէս հասարակութիւն, չափազանց ծանր խնդիր չդնենք Սրբազան շարժման առաջ, չսպասենք, որ վաղը, օրինակ, սեպտեմբերի 5-ին կամ 10-ին, կամ հոկտեմբերին Սրբազան շարժումը դուրս է գալու փողոց եւ իշխանութիւն փոխի»,- նշել է Սողոմոնեանը։
Նա փոխարէնն առաջարկում է հարցին այլ տեսանկիւնից նայել, օրինակ, թէ ինչ տւեց շարժումը հասարակութեանը։
«Շարժումը միաւորեց բազմաթիւ մարդկանց, որոնք մերժում են մաքուր քաղաքականութիւնը, այսինքն՝ նրանք չեն ուզում լինել ընդդիմութեան, իշխանութեան, քաղաքական կուսակցութիւնների կողքին, բայց նրանք պատրաստ են որպէս անհատների միաւորում հասարակութեան առողջացմանը ծառայել։ Ըստ իս՝ սա շատ լաւ բան է, որը մինչ օրս ոչ մէկին չէր յաջողւել։ Միւս կողմից շարժման մէջ որոշակի քաղաքական շփոթ կայ, այսինքն՝ դրա մասնակիցների տեսակը, քանակը, եւ տարբեր բեւեռների ներկայացուցիչ լինելը փոքր-ինչ շեղում է բուն քաղաքական ուղղւածութիւնից։ Իմ կարծիքով՝ շարժումը շարունակելու է ալեկոծել հասարակութեանը, այն կարեւոր դեր է կատարելու եւ ցոյց է տալու, որ հայ ժողովուրդը դեռ ունի իմունիտետ եւ պատրաստ չէ հլու-հնազանդ ընդունել այն հիւանդութիւնը, որն ունի, եւ այն վտանգները, որ պատել են իրեն։ Եւ շարժումը գալու է մի իրավիճակի, երբ որոշակի ինստիտուցիոնալ ձեւ պէտք է ստանայ, եւ դա չպէտք է լինի նրա համար, որ մենք այդպէս ենք ուզում, այլ նրա համար, որ քաղաքական միջավայրը պահանջում է որոշակի ինստիտուցիոնալիզացիա»,- եզրափակել է Սողոմոնեանը: