Կոնստանտին Զատուլին. «ՀՀ իշխանութիւնները շարունակում են անտեսել հայ գերիների եւ Արցախի գերեվարւած ղեկավարների ճակատագիրը»
Հայաստանի իշխանութիւններն անտեսել եւ շարունակում են անտեսել հայ գերիների, այդ թւում՝ Արցախի գերեվարւած ղեկավարների ճակատագիրը։ Այս մասին Alpha News-ի հետ զրոյցում ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եւրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտէի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
«Հայաստանի իշխանութիւնները չեն յիշում եւ չեն դնում այդ հարցը որեւէ տեղ բանակցութիւնների ընթացքում։ Մենք այդ մասին ոչինչ չենք լսում, ոչինչ չգիտենք, այլ հակառակը՝ լսում ենք, թէ այսօրւայ իշխանութիւնը հէնց շահագրգռւած է, որ այդ մարդիկ՝ իրենց հողի հայրենասէրները, մնան Ադրբեջանում անազատութեան մէջ եւ չխանգարեն նրանց իրենց հայրենակիցների նկատմամբ դաւաճանական գիծը տանել։ Բայց եթէ այդ ամէնը տեղի է ունենում, ապա ինչու պահանջներ ներկայացնել Ռուսաստանին»,- տարակուսանք է յայտնել քաղաքական գործիչը։
Նրա խօսքով՝ Ռուսաստանը 2020 թւականին առաջարկել է դադարեցնել պատերազմը, սակայն Հայաստանի ղեկավարը «անցել է այդ առաջարկի կողքով՝ յոյսը դնելով ինչ-որ այլ տարբերակների վրայ»։
«Ի վերջոյ, Ռուսաստանն այնտեղ էր տանում իր խաղաղապահ զօրակազմը, բայց այդ խաղաղապահ զօրակազմի թիկունքում, գտնւելով արեւմտեան մայրաքաղաքներում, Հայաստանի վարչապետը խոստովանեց, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մի մասն է, եւ այդ պահից սկսած խաղաղապահների գտնւելը կորցրել է ողջ իմաստը։ Ի՞նչ պէտք է անէին նրանք այնտեղ, եթէ դա Ադրբեջանի ներքին գործն է։ Կարգաւորել ճանապարհային երթեւեկութի՞ւնը: Առաւել եւս, որ որեւէ մանդատ նրանց որեւէ մէկը չի տւել… Ահա մենք յայտնւել ենք նման շատ յիմար, խայտառակ իրավիճակում։ Այո՛, մենք ունեցել ենք մեր սխալները, ես վստահ եմ, որ դա ապագայի համար քննարկման առարկայ է։ Բայց նախ ինքներդ ցոյց տւէք ձեր վճռականութիւնը, ասէք՝ ինչ էք ուզում եւ մի խաղացէք այս խաղերը, որոնք ամբողջ ընթացքում խաղում է պարոն Փաշինեանը՝ փորձելով խուսափել պատասխանատւութիւնից։ Առաջին հերթին սեփական ժողովրդի հանդէպ պատասխանատւութիւնից»,- նշել է նա։