2020-ից ի վեր ադրբեջանցիներն աւերել են հայկական պատմամշակութային 570-ից աւելի նմուշ
«ԱԼԻՔ» – Հայկական պատմամշակութային ժառանգութեան ոչնչացումը Բաքւում, Նախիջեւանում, Գանձակում ու Դաշտային Ղարաբաղի այլ բնակավայրերում սկսւել է դեռ Ադրբեջանական ԽՍՀ–ի կողմից, 1960-ական թւականներից։ Sputnik Արմենիայի հետ զրոյցում այս մասին ասել է «Քանդակագործութեան ազգային պարկ» թանգարանի հիմնադիր տնօրէն եւ «Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգութեան պաշտպան» հասարակական կազմակերպութեան հիմնադիր, քանդակագործ Արթուր Գէորգեանը։
«Ի տարբերութիւն նախորդ ժամանակաշրջանի, 2020 թւականի պատերազմի ժամանակ, երբ ադրբեջանցի զինւորների ձեռքին կային սմարթֆոններ, նրանք իրենց վանդալիզմը նկարահանում ու տեղադրում էին ինտերնետում։ Ադրբեջանի իշխանութիւնը, հասկանալով, որ գործ ունի ակնառու փաստերի հետ, որոնք քրէօրէն պատժելի են միջազգային իրաւունքի ատեանների կողմից, միանգամից արգելեց։ Բայց, անկախ դրանից, այսօր կայ նաեւ տիեզերական նկարահանման հնարաւորութիւն, որով կարելի է ցանկացած հատւածում տեսնել, թէ ինչ է կատարւում»,- ասել է քանդակագործը։
Նրա տւեալներով` 2020 թւականի 44-օրեայ պատերազմի ժամանակ եւ դրանից առաջ Արցախում ու յարակից շրջաններում ոչնչացւել են հայկական պատմամշակութային ժառանգութեան 250 եւ աւելի կոթողներ, մեծ մասը` Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի յուշարձաններ, իսկ պատերազմից յետոյ ադրբեջանցիներն ամէն շաբաթ 3-4 յուշարձան ու խաչքարեր են ոչնչացրել։