Կարէն Իգիթեան. «ՀՀ իշխանութեան ու Իլհամ Ալիեւի մօտեցումները համընկնում են»

«ԱԼԻՔ» – ՀՀ իշխանութիւններն ուղղակի չեն ցանկանում գերիների հարցերով զբաղւել, քանի որ փակել են Արցախի հարցը։ Alpha News-ի ուղիղ եթերում ասել է տարածաշրջանային հարցերով փորձագէտ Կարէն Իգիթեանը։
«ՀՀ գործող կառավարութեան համար այն ամէնն, ինչ կատարւել է Արցախում, ոչ միայն կարեւոր չէ, այլ նաեւ իրենք թշնամանք ունեն այդ ամէնի հանդէպ։ Եթէ այն ժամանակ Բաքւում ցանկանում էին դատել Արցախի ազատագրական պայքարի առաջնորդներին, Հայաստանում արդէն իսկ դատում էին։ Խօսքը Արցախի ղեկավարների, զինւորականների մասին է։ Հիմա Ադրբեջանը հասել է իր նպատակներին։ ՀՀ իշխանութեան համար սա մեծ խնդիր չէ։ Եթէ խնդիր լինէր, գիտենք, թէ ինչ էմոցիոնալ ելոյթներ կունենային»,- նկատել է մեր զրուցակիցը։
Նրա խօսքով՝ ՀՀ գործող իշխանութեան ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի տեսակէտները համընկնում են։
«Իմ կարծիքով՝ իրենք ուղղակի չեն ցանկանում գերիների հարցերով զբաղւել, որովհետեւ փակել են Արցախի հարցը։ Ինչպէս Ալիեւն է ասում՝ Արցախի հարց չկայ, Մինսկի խումբն էլ են նոյն ձեւ ընկալում Ալիեւն ու ՀՀ իշխանութիւնը։ Մինսկի խումբը, ԵԱՀԿ-ն որպէս կառոյց զբաղւում են Արցախի հարցով ու ունեն 3 գրասենեակ Երեւանում, Ստեփանակերտում ու Բաքւում։ Աշխատողները գնում էին այդ երեք մայրաքաղաքներում աշխատելու։ Սա արդէն խօսում էր այն մասին, որ Արցախն ունէր կարգավիճակ։ Խնդիրն այն է, որ տասնամեակներ շարունակ այս թիմը, որ հիմա ղեկավարում է ՀՀ-ն, Արցախի ազատագրական պայքարի դէմ էր։ Հիմա մենք տեսնում ենք, որ համընկնում են նրանց ու Ադրբեջանի մօտեցումները»,- նկատել է Կարէն Իգիթեանը։