Լիլիթ Գալստեան. «1937 թ. ձեռագիր է, գործ ունենք քաղաքական դասական հետապնդումների հետ»

«ԱԼԻՔ» – «Մենք գործ ունենք վերջին շրջանում յատկապէս սրւող քաղաքական կլասիկ հետապնդումների հետ, որտեղ ռեպրեսիւ ողջ գործարանը եւ գործիքակազմը՝ այս իշխանութիւնների հիմնական յենարանը, գործի է դրւել: Եւ սա առաջին դէպքը չէ »: Երէկ՝ յուլիսի 19-ին, Երեւանի Աւան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրաւասութեան դատարանի բակում լրագրողների հետ զրոյցում ասել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը՝ խօսելով ԱԺ նախկին պատգամաւոր Ռուբէն Յակոբեանի նկատմամբ յարուցւած քրէական վարոյթի եւ դատարանի որոշման մասին:
«Մեզ շարունակ կարելի է տեսնել դատարանների առջեւ: Դատարանները դարձել են ռեպրեսիւ գործիքներ: Ուզում եմ յիշեցնել, որ այդ հրահանգը Փաշինեանը տւել է խորհրդարանում, երբ ընդդիմադիրներին ուղղակի ահաբեկեց, պոռթկաց ու սպառնաց՝ բոլորիդ կը լցնեմ «ԱԱԾ-ի պադւալները», դա բառիս բուն իմաստով ուղիղ հրահանգ էր ուժայիններին եւ այս ռեպրեսիաների նոր ալիքը նաեւ դրան յետեւեց: Ընդ որում, դա գործեր կարելու 1937 թւի ձեռագիր է՝ հանրութեանը պահելու վախի մթնոլորտում, քաղաքական ուժերին, ընդդիմադիր քաղաքական գործիչներին լռեցնելու եւ սեփական իշխանութիւնը երկարաձգելու ու սեփական աթոռը պահելու համար»,-ասել է Լիլիթ Գալստեանը:
Յիշեցնենք, որ Երեւանի Աւան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրաւասութեան դատարանը որոշում է ընդունել երկու ամսով կալանաւորել քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ նախկին պատգամաւոր Ռուբէն Յակոբեանին, ով վերջին շրջանում խիստ քննադատութեան է ենթարկում Նիկոլ Փաշինեանին: