Վահէ Դաւթեան. «Երկակի ստանդարտները դարձել են միջազգային կառոյցների թերեւս գլխաւոր բնութագրիչը»
«ԱԼԻՔ» – Քաղաքագէտ Վահէ Դաւթեանը «Ֆէյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի վերաբերեալ ԵԱՀԿ գործող նախագահի կողմից, իր իսկ ղեկավարած կառոյցի սահմանած մեթոդաբանութեան անտեսման փաստին:
«Այսօր (մայիսի 14) ԵԱՀԿ գործող նախագահ Եան Բորգը Ալիեւի հետ հանդիպելուց յետոյ գրել է, որ Հայաստանի ու Արդբեջանի միջեւ մեկնարկած սահմանազատման գործընթացը ճիշտ ու կառուցողական քայլ է։
Ու ոչ մի խօսք նոյն ԵԱՀԿ կողմից մշակւած ու ընդունւած սահմանազատման մեթոդաբանութեան կոպտագոյն խախտումների մասին։ Ոչ մի խօսք սահմանազատումը միջազգային իրաւունքի շրջանակներում անցկացնելու անհրաժեշտութեան մասին։
Իրականում սա ոչ միայն երկակի ստանդարտների դրսեւորում է, այլեւ՝ տւեալ միջազգային կառոյցի ինքնավարկաբեկում։
Միւս կողմից, սա նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականութեան բացակայութեան, միջազգային կառոյցների հետ աշխատանք չտանելու ուղիղ հետեւանք է։
Աշխատել է պէտք։
Յուսով եմ, դեռ ժամանակ ունենք»,- գրել է նա: