Հայաստան - ԱրցախՔաղաքական

Լարիսա Ալավերդեան. «Խորշում եմ այդ ստերից. դա ցեղասպան թուրքի թերմացքի քաղաքականութիւն է»

«ԱԼԻՔ» – ՀՀ Մարդու իրաւունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդեանը խորշում է գործող իշխանութիւնների ստերից:

«Ես խորշում եմ այդ ստերից, այդտեղ անգամ մանիպուլիացիա չկայ, դրանք մերկ ստեր են: Որեւէ դրական արդիւնք չի կարող լինել. լինելու է աւելի կոշտ մէկ անձի պաշտամունքի հասնող կառավարման համակարգ: Դա անգամ աւտորիտարիզմ էլ չէ: Այստեղ խղճուկ գիտելիքներով միապետի իշխանութիւն է լինում. դեռ թողնենք մի կողմ, որ նա մազաչափ չի շեղւում այն ծրագրից, որի համար եկել է, ես խօսում եմ խորքային գիտելիքի պակասի մասին: Ինչին դիպչում են՝ պղծում են, եւ դա ոչ թէ այլասերւած գաղափարախօսութիւնների պատճառով է, այլ խղճուկ գիտելիքների կամ իրական գիտելիքի պակասի: Այդպիսի հիմքերով որեւէ բարեփոխում չեն կարող անել»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասել է նա՝ մեկնաբանելով իրաւապահ համակարգի բարեփոխումներն SMS-ով ոլորտի պատասխանատուներին աշխատանքից ազատելով եւ նոր նշանակումներ անելով պատկերացնող Նիկոլ Փաշինեանի գործելաոճին:

Հարցին՝ իր նշած գիտելիքի պակա՞սն է պատճառը, որ Նիկոլ Փաշինեանը հաւասարութեան նշան է դնում Արեւմտեան Հայաստանի եւ Արեւմտեան Ադրբեջան կեղծ թէզի մէջ, նա պատասխանել է.

«Այդ հաւասարութեան նշան դնելը գիտելիքի հետ կապ չունի՝ իր գաղափարախօսութեան հետ կապ ունի: Այդ թիմը դա հմտօրէն է անում: Պայքարող կողմն այդ հմտութիւնները չունի: Ես շնորհակալ եմ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին, որը ցոյց տւեց՝ որտեղ է գտնւում Արեւմտեան Ադրբեջան կոչւածը: Ե՛ւ քաղաքացի Փաշինեան Նիկոլը, ե՛ւ իրեն իշխանութեան պահողները գիտեն, որ գոյութիւն չունի այդպիսի ո՛չ աշխարհագրական, ո՛չ պատմագրական որեւէ տերմին: Որպէս կատարող՝ վարչապետի պաշտօնը զբաղեցնող անձն իրապէս եզակի է: Օրւայ իշխանութեան վարած քաղաքականութիւնը կարելի է բնութագրել՝ ինչպէս թուրք ցեղասպանի թերմացք, դրանից աւել հնարաւոր չէ պատկերացնել, դա իրօք ցեղասպան թուրքի թերմացքի քաղաքականութիւն է: Այլ բնութագիր չեմ կարող տալ»:

Իր հարցազրոյցի ժամանակ Նիկոլ Փաշինեանը նոյն հարթութեան վրայ էր դրել «Արեւմտեան Ադրբեջան» կեղծ թէզը եւ Արեւմտեան Հայաստանը: «Հիմա մենք նեղւում ենք եւ շատ ծանր ենք տանում, պրոբլեմ ենք համարում, որ ինչ-որ տեղ ինչ-որ մարդիկ օգտագործում են «Արեւմտեան Ադրբեջան» տերմինը, չէ՞։ Բա մենք որ ասում ենք՝ Արեւմտեան Հայաստան, չե՞նք մտածում, որ ինչ-որ մարդկանց դա գրգռում է։ Ոնց որ ասում են՝ «Արեւմտեան Ադրբեջան», եւ դա մեզ գրգռում է, այդպէս էլ, երբ ասում ենք՝ Արեւմտեան Հայաստան, ուրիշներին է գրգռում»,- ասել էր Նիկոլ Փաշինեանը:

Լարիսա Ալավերդեանն այս յայտարարութիւնն անբարոյ է համարում եւ կարծում է՝ աւելին է, քան տգիտութիւնը:

Զրոյցը՝ ՌԱԶՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆԻ

Related Articles

Back to top button