Իսրայէլն ուզում է ամրագրել իր իրաւունքը Լիբանանի օդային, ծովային, ցամաքային սահմանների նկատմամբ
«ԱԼԻՔ» – Alpha News-ի հետ զրոյցում Բէյրութի «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը մեկնաբանել է Իսրայէլի եւ Լիբանանեան «Հեզբօլլահ» շարժման միջեւ հրադադար կնքելու մասին լուրերը:
Գանտահարեանը նշել է, որ հրադադարի հիմնական երաշխաւորը ամերիկեան կողմն է, սակայն մասնակցութիւն է ունենալու նաեւ Ֆրանսիան:
«Խօսքը ամերիկացի պատւիրակ Հոքշտէյնի միջնորդած բանակցութիւնների մասին է, սեղանի վրայ է ՄԱԿ-ի թիւ 1701 բանաձեւը:
Ըստ այդ բանաձեւի՝ իսրայէլական ուժերը պէտք է հետ քաշւեն Լիբանանի տարածքներից, իսկ «Հեզբօլլահ»-ի ուժերը՝ մինչեւ Լիտանի գետի հիւսիսային հատւածները»,- ասել է Գանտահարեանը:
Նրա խօսքով՝ Իսրայէլը պահանջել է, որ վերականգնւի իր տարածքի հիւսիսային հատւածի անվտանգութիւնը, իսկ տեղահանւած ժողովուրդը պէտք է վերադառնայ:
Նոյն 1701 բանաձեւն ըստ Գանտահարեանի՝ վերասահմանում է լիբանանեան կանոնաւոր բանակի կառուցւածքը:
««Հեզբօլլահ»-ի զբաղեցրած դիրքերը պէտք է փոխարինւեն լիբանանեան բանակով` զօրքերի համալրում, լիազօրութիւնների ընդլայնում, վերատեղակայում»,- թւարկել է նա:
Գանտահարեանը միեւնոյն ժամանակ շեշտել է՝ բանաձեւի հիմքում եղած նախապայմաններին աւելացել են նաեւ նորերը:
«Ըստ շրջանառւող լուրերի՝ պէտք է գործի վերահսկիչ յանձնաժողով, այստեղ պէտք է ներգրաււի նաեւ Ֆրանսիան»,- ընդգծել է «Ազդակ»-ի խմբագիրը եւ յաւելել, որ այս փոփոխութեանը դէմ է Թել Աւիւը, յատկապէս, որ վերջին տարիներին Իսրայէլ-Ֆրանսիա յարաբերութիւնները լարւած են:
Ըստ նրա՝ թէեւ Իսրայէլի եւ Լիբանանի կանոնաւոր բանակի միջեւ պատերազմ չի ընթացել, բայց հրադադարի համաձայնագիրն ընդունւել է պաշտօնական Բէյրութի կողմից։
«Իսրայէլը պահանջում է «Հեզբօլլահ»-ի համակարգի եւ ենթակառուցւածքների ամբողջական կազմաքանդում: Բացի դրանից, ցանկանում է ինքնուրոյն ճշտել լիբանանեան բանակի գործառոյթները եւ տեղակայման աշխարհագրութիւնը, սակայն, ոչ լիբանանեան բանակի եւ ոչ էլ միջազգային յանձնաժողովի երաշխիքները չեն բաւարարում Թել Աւիւին»,- նշել է Շահան Գանտահարեանը:
Հարցին, թէ Իսրայէլի պահանջներն աւելի շատ Լիբանանի դէմ են ուղղւած, թէ «Հեզբօլլահ»-ի, Գանտահարեանը պատասխանել է.
«Առաջին հայեացքից «Հեզբօլլահ»-ի դէմ են, բայց, ըստ էութեան, Իսրայէլն ուզում է ամրագրել իր իրաւունքը Լիբանանի օդային, ծովային, ցամաքային սահմանների նկատմամբ՝ իրականացնելով ռազմական գործողութիւն»: