Հայաստան - ԱրցախՔաղաքական

Վիգէն Յակոբեան. «Արեւմուտք ասելիս՝ իրենք ընդամէնը շղարշ են անում, որպէսզի բնակչութեանն աւելի հեշտ վաճառեն դէպի Թուրքիա գնալու իրենց վեկտորը»

«ԱԼԻՔ» – Շւէյցարական Դաւոսում յունւարի 24-ին աւարտւել է Համաշխարհային տնտեսական ֆորումը: Համաժողովի թեման է՝ «Համագործակցութիւնն ինտելեկտուալ դարաշրջանի համար»:

Դաւոսում էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը, որը, ըստ պաշտօնական հաղորդագրութիւնների՝ Դաւոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում մասնակցել է «Ինչպէս ընդլայնել Եւրոպայի ազդեցութիւնը» թեմայով պանելային քննարկմանը, ներկայացրել «Խաղաղութեան խաչմերուկ» հեղինակային նախագիծը։

Յիշեցնենք՝ մինչեւ Դաւոսը Նիկոլ Փաշինեանի կառավարութիւնը տարեսկզբին դէպի ԵՄ գնալու ցանկութիւնն ամրագրեց կառավարութեան որոշմամբ, ապա ԱՄՆ-ի հետ ռազմավարական կանոնադրութիւն ստորագրեց, որից յետոյ՝ դարձեալ շրջադարձ կատարեց Ռուսաստանին՝ նախ յայտարարելով, թէ Ռուսաստանի Դաշնութեան հետ յարաբերութիւնները պրակտիկ են առաւել, քան երբեւէ, իսկ յետոյ հեռախօսազրոյց ունեցաւ Պուտինի հետ, ինչին էլ յաջորդեց արդէն ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանի այցը Ռուսաստան։

Հայաստանի իշխանութիւնների այս շրջադարձը դէպի Ռուսաստան կարելի՞ է համարել վերադարձ, կամ՝ ընկալում, որ Արեւմուտքից ունեցած ակնկալիքները հնարաւոր է չարդարանան, թէ՞ սա գուցէ բալանսաւորւած քաղաքականութեան դրսեւորում է:

Հարցի պատասխանը ստանալու նպատակով 168.am-ը զրուցել է քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգէն Յակոբեանի հետ։

Ի պատասխան՝ քաղտեխնոլոգը նշել է. «Ընդհանուր առմամբ, չեմ կարող պնդել, թէ Փաշինեանի կառավարութիւնը վերադարձաւ դէպի Ռուսաստան։ Խնդիրն այն է, որ այս կառավարութիւնը ստրատեգիական առումով չունի արտաքին քաղաքականութիւն. այն, ինչ իր մօտ կոչւում է բալանսաւորւած արտաքին քաղաքականութիւն, իրականում սիտուացիոն արտաքին քաղաքականութիւն է։ Այսինքն՝ այս պահին աշխարհաքաղաքական կոնիւնկտուրան այսպիսին է, կամ՝ ճնշման վեկտորը Ռուսաստանից է իր վրայ գալիս, այդ պահին ինքն անում է յայտարարութիւն, երբեմն՝ ինչ-որ գործողութիւններ, որոնք բխում են հէնց այդ պահից»։

Ըստ Վիգէն Յակոբեանի՝ այդ տեսանկիւնից, մինչեւ Դաւոսը դեռեւս հնարաւոր էր խօսել Ռուսաստան վերադարձի մասին, բայց՝ ոչ այսօր, երբ Նիկոլ Փաշինեանն արդէն Դաւոսում՝ գլոբալիստների բարձրագոյն հարթակներից մէկում, խօսում էր Եւրոպա գնալու ձգտման մասին։

«Սա ինչպէ՞ս է շաղկապւում, ասենք, Մոսկւայում կայացած հանդիպման յայտարարութիւնների ու տոնայնութեան հետ։ Այնպէս որ, խօսել, թէ ՀՀ իշխանութիւնը ստրատեգիական առումով ունի նախօրօք մտածւած արտաքին քաղաքականութեան ուղղւածութիւն, մեղմ ասած, ադեկւատ չէ Նիկոլ Փաշինեանի վարքագծին։ Չկա՛ քաղաքականութիւն. կայ սիտուացիոն վարքագիծ, ինչը հիմնականում պրօռէակտիւ է։

Եւ եթէ որէ մէկին թւում է, թէ աշխարհաքաղաքական հիմնական կենտրոնները չեն հասկանում, թէ նա ու իր վարքագիծն իրենցից ինչ են ներկայացնում, ապա չարաչար սխալւում են. բոլորն էլ դա հասկանում են։

Դուք տեսնում էք՝ այսօր աշխարհում բաւականին լուրջ նոր շրջան է սկսւում. «որձ լիդերների» վերադարձ է սկսւել։ Իսկ Նիկոլ Փաշինեանի տիպի քաղաքական լիդերների շրջանը վերջացել է։ Այժմ եկել են լիդերներ, որոնք ի վիճակի են պատասխանատւութիւն վերցնել իրենց վրայ, ատամներով պահել իրենց երկրների շահերը, իսկ մնացեալները՝ այս տիպի լիդերները, աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից օգտագործւում են որպէս գործիք։ Նիկոլ Փաշինեանին ե՛ւ ՌԴ-ն է օգտագործում, ե՛ւ Արեւմուտքը, ե՛ւ այլ աշխարհաքաղաքական ուժային կենտրոններ»,- պարզաբանել է վերլուծաբանը։

Յստակեցմանը, թէ՝ ամէն դէպքում, տեսակէտներ կան, որ սա հաւասարակշռւած քաղաքականութեան փորձ է, Վիգէն Յակոբեանն արձագանգել է՝ յիշեցնելով, որ վարւող քաղաքականութիւնը պէտք է ուղղւած լինի ինչ-որ նպատակի՝ անվտանգային, տնտեսական՝ մինչդեռ, մասնագէտի համոզմամբ՝ այսօր ականատեսն ենք իրողութեան, որ ՀՀ քաղաքական այս շարժուձեւի հետեւանքով ՀՀ-ն անվտանգային առումով իմունիտետ չունեցող երկիր է դարձել։

«Իսկ երբ ասում ենք՝ բալանսաւորւած արտաքին քաղաքականութիւն, դա ենթադրում է պրակտիկ, շահեկան ու մօտ յարաբերութիւններ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների, ռեգիոնալ, ուժային կենտրոնների հետ։ Բայց Հայաստանն այսօր հաւասարապէս հեռու է բոլորից, եւ ոչ թէ հաւասար մօտ է բոլորին։ Եթէ այս առումով համարենք, որ բոլորից հաւասար հեռու լինելը ու, ըստ էութեան, ոչ մէկին մօտ չլինելն ու պէտք չլինելը համարւում է արտաքին բալանսաւորւած քաղաքականութիւն, ապա, այո, կարելի է դա համարել նման դրսեւորում»,- յաւելել է նա՝ նկատելով, որ բոլորից հաւասարապէս հեռու լինելու հետեւանքը մեր անվտանգային համակարգի՝ «սպիդով» հիւանդ լինելն է:

Այս համատեքստում անդրադառնալով եւրոպական յոյսերին ու հնարաւոր յուսահատութիւններին՝ վերլուծաբանը շեշտել է, որ 2020 թւականից յետոյ պարզ է դարձել արդէն, որ, ցաւօք սրտի, Եւրոպան չի կարող լինել Հայաստանի անվտանգութեան երաշխաւորը, որ Եւրոպան ինքը պաշտպանութեան կարիք ունի։

«Եւրոպայի անվտանգային համակարգը հիմնւած է ԱՄՆ անվտանգային ռեսուրսի վրայ, ինչի դէմ այժմ շատ է ընդվզում Թրամփը, որն ասում է՝ ըստ էութեան, դուք պարազիտ էք։ Ու յետոյ, ես կարծում եմ, որ այսօր միացեալ Եւրոպան դեռ ինքը կարիք ունի հասկանալու, թէ ինչպիսին է իր ներկան այս ռուս-արեւմտեան պատերազմի հետեւանքով, եւ որն է իր հեռանկարը։

Տեսնում ենք՝ այսօր Եւրոպական Միութեան երկրներում բաւականին բարձրացել է աջ եւ ուլտրաաջ ուժերի կշիռը, որոնք, ըստ էութեան, աւելի հակւած են վերադառնալ մինչ եւրամիութենական ֆորմատը (այսինքն՝ առանձին պետութեան ֆորմատը), որովհետեւ այդ միութեան խոշոր դերակատարները՝ օրինակ, Գերմանիան, Ֆրանսիան… համարում են, որ չեն ցանկանում կողքից ձրիակերներ պահել, քանի որ իրենք չունեն այդ ռեսուրսը։

Նիկոլ Փաշինեանի կառավարութեան հիմնական յոյսը եւ քաղաքական հայրն Էրդողանն է, եւ Արեւմուտք ասելիս՝ իրենք ընդամէնը շղարշ են անում, որպէսզի բնակչութեանն աւելի հեշտ վաճառեն դէպի Թուրքիա գնալու իրենց վեկտորը,- արձանագրեց Վիգէն Յակոբեանը, ապա աշխարհաքաղաքական հեռանկարների մասին իր դիտարկումներում վերստին պնդեց,- ի՞նչ Եւրոպա, ես էլ չեմ ուզում խորանալ այս բլեֆի վրայ. Եւրոպան այսօր մտահոգւած է իր ներկայով եւ իր համար բաւականին մշուշոտ հեռանկարով, առաւել եւս՝ Թրամփի իշխանութեան գալուց յետոյ, որը, կարծէք թէ, աւելի շատ խաղադրոյք է դնում Չինաստանը ՌԴ-ից պոկելու վրայ։ Իսկ այդ պարագայում, սովորաբար, երբ Չինաստանն ու Ռուսաստանն իրարից անջատ են լինում, ՌԴ-ն Գերմանիայի հետ է դաշնակից դառնում։

Եթէ Եւրոպան պոկում ես ՌԴ-ից, ՌԴ-ն գնում է դէպի Չինաստան, երբ Չինաստանը պոկում ես ՌԴ-ից, ՌԴ-ն մերձենում է Եւրոպայի հետ՝ ի դէմս Գերմանիայի։ Եւ այս հրահրւած պատերազմի հիմնական նպատակներից մէկն էլ այն էր, որ ՌԴ-ն Մերկելի Գերմանիայի հետ չմերձենայ ընդհանուր Եւրոպայի պլատֆորմի շուրջ։ Դա գեոքաղաքական յայտնի դիլեմա է»,- իր խօսքն ամփոփել է Վիգէն Յակոբեանը:

Related Articles

Back to top button