Հաջիեւ. «Բաքուն Երեւանից քայլեր է ակնկալում «Զանգեզուրի միջանցք»-ի մասով»

«ԱԼԻՔ» – Հայաստանը կարող է մաս կազմել տարածաշրջանային հիմնական տրանսպորտային հաղորդակցութիւնների քննարկումներին: Այս մասին Չեխիայում GLOBSEC 2025 ֆորումի ընթացքում յայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը։ Նա նշել է, որ Բաքուն Երեւանից քայլեր է ակնկալում «Զանգեզուրի միջանցք»ի- մասով։ Հաղորդում է Yerevan.today-ը:
«Դա հնարաւոր է, քննարկում ենք։ Մեր նպատակը չի տեսնել մէկ այլ մեկուսացում, մարգինալիզացում տարածաշրջանում, բայց միեւնոյն ժամանակ մենք եւս որոշ ակնկալիքներ ունենք Հայաստանից։ Մենք հիմա ակնկալում ենք, որ Հայաստանը կարեւոր առաջին քայլը պէտք է անի «Զանգեզուրի միջանցք»-ի մասով։ Ես գիտեմ, որ իմ որոշ հայ գործընկերներ բարկանում են «միջանցք» բառից, ես միշտ կատակում եմ, որ Ադրբեջանի ամբողջ տարածքն է միջանցք: Լաւ, այն անւանէք անցուղի, մենք ցանկանում ենք առաջին հերթին ունենալ կապ Նախիջեւանի հետ, քանի որ 30 տարի մենք զրկւած ենք եղել այդ հնարաւորութիւնից: Հէնց որ լինի Նախիջեւանի հետ կապը, ես կարծում եմ, որ այստեղ կարող են բացւել այլ հնարաւորութիւններ Հայաստանի համար եւս։ Բայց մենք եւս կուզենք տեսնել Հայաստանին որպէս հիմնական տրանսպորտային հաղորդակցութիւնների մաս»,- ասել է Հաջիեւը։