Հայաստան - ԱրցախՔաղաքական

ՔՊ-ի նոր «նշաձո՞ղը», թէ՞ հատւած եզրագիծ

Այս կիրակի, առանց տեղեկատւական աղմուկի, գրեթէ սուսուփուս, ազատ արձակւեցին անցած ուրբաթ օրը մեծ աղմուկ-աղաղակով ձերբակալւած անձինք, այդ թւում՝ ՀՅԴ երիտասարդական կազմակերպութեան անդամներն ու համակիրները: Մի խօսքով՝ «հասէ՜ք, փրկէ՜ք, ահաբեկչական խումբ ենք բռնել» աղմուկով ձերբակալւած 7 անձից 5-ը 72 ժամ անց ազատ արձակւեց: Ի դէպ, այս պատմութիւնը, որն արդէն ստացել է «Սթրայքբոլի գործ» անունը, շատ իրաւաբանների կարծիքով, կարող է դասւել անիմաստ ու անհեթեթ, անբովանդակ ու անհասկանալի գործերի համաշխարհային թոփերում: Ի դէպ, յատկանշական էր, որ բանտից ազատ արձակւող տղաներին դիմաւորելու գնացած ՀՅԴ-ական գործիչները նկատել էին եւս մէկ անձնաւորութեան, որն ընդհանրապէս ոչ մի բանի հետ կապ չունէր, մասնագիտութեամբ սանտեխնիկ է, բայց «հէնց այնպէս» նա էլ էր ձերբակալւել:

Այս անհեթեթ «գործի» հետ կապւած՝ փաստաբան Ռուբէն Մելիքեանն իր ֆէյսբուքեան էջում մի բաւական հետաքրքիր պատմութիւն էր յիշել, որը, կարծում ենք, չափազանց բնութագրական է. «1890-ականներին Աւստրօ-Հունգարիայի քաջարի իրաւապահները ձերբակալում են շախմատի աշխարհի առաջին չեմպիոն Վիլհելմ Ստէյնիցին՝ յօգուտ Ռուսաստանի լրտեսութեան մեղադրանքով։ Ի՞նչ էր արել այդ մարդը։ Ամէն օր ինչ-որ անհասկանալի հեռագիր էր ուղարկում Պետերբուրգ ու ստանում նոյնքան անհասկանալի պատասխան հեռագիր։ Դէ, բնականաբար, դատաւորը (անունը, կարծեմ, Մոնբլան Մելքիոր էր) տալիս է երկամսեայ կալանք, ու … այդ պատճառով կիսատ է մնում Ստէյնից-Չիգորին շախմատային հեռավար պարտիան։ Ստէյնիցի ծանօթների, ինչպէս նաեւ սանտեխնիկների ձերբակալման մասին տեղեկութիւններ չեն պահպանւել»։

Այո, իսկապէս շատ ուշագրաւ պատմութիւն է ու տեղին յիշւած: Ամբողջ ողբերգութիւնն այն է, որ դա եղել է 19-րդ դարի վերջին, իսկ այն, ինչ կատարւում է հիմա, իրականութիւնն է, որի մէջ ապրում ենք բոլորս:

Բայց այս պարագայում հարցն այն չէ, թէ կոնկրետ որ ընդդիմադիր կուսակցութեան կամ ուժի հետ էր կապւած իրականացւող այդ ֆանտասմագորիան: Բուն հարցն այն է, որ Նիկոլ Փաշինեանն ու իր վարչախումբը հասել են մի նոր «նշաձողի» (իրենց սիրած բառով): Խօսքն այն «նշաձողի» մասին է, որ փաշինեանական իշխանութեան «իրաւապահ» մարմինները Նիկոլ Փաշինեանի քմահաճոյքները բաւարարելու ճանապարհին քրէական «գործ կարելու» համար այլեւս շատ չեն չարչարւում, չեն էլ փորձում ինչ-որ քրէօրէն պատժելի արարք գտնել, ինչ-որ ապացոյցներ, հիմքեր պարզել:

Այսինքն, մարդուն ձերբակալելու, կալանաւորելու համար էլ շատ «բանի յետեւից» չեն ընկնում: Իրենց մտքով անցե՞լ է, որ անեն, անում են: Արդէն թափով մօտենում են «մտքի յանցագործութեան» մակարդակին (հազար ողորմի Օրուելին):

Այլեւս ոտնահարւած ու մոռացւած են «հին ձեւերը»՝ օրէ՜նք, օրինականութի՜ւն, յանցանշա՜ն, ապացո՜յց: Թէկուզ սարքովի, թէկուզ հնարովի, բայց գոնէ «տակը մի բան դնելու» ջանքերն այլեւս «նորաձեւ» չեն: Փաշինեանի ու ՔՊ-ի քաղաքական շահերն սպասարկող իրաւապահները նման բառերն ու, որ աւելի վատ է, հասկացութիւնները քմծիծաղած ունեն: Պարզ ասած՝ դրանք այլեւս կարեւոր չեն:

Իսկ կարեւոր են նկատում հետեւեալ «մեղքերը». Նիկոլ Փաշինեանի դէմ ես խօսե՞լ, դէ՞մ ես այս իշխանութեանը, Արարատի՞ն ես նայում, այլ ոչ թէ՝ Արագածին, դեռ Արցախի մասի՞ն ես խօսում… վե՛րջ, ուրեմն դու մէկն ես, որին պէտք է չէզոքացնել, մեկուսացնել, կալանաւորել: Առաւել եւս, դու Հայ Առաքելական եկեղեցու կողքի՞ն ես, սատարում ես, վերջ՝ գնացիր կալանքի…

Ու բացարձակապէս ոչ մի նշանակութիւն չունի, որ ո՛չ մեղադրանք կայ, ո՛չ ապացոյց, ո՛չ հիմնաւորում: Այսինքն, որոշակի իմաստով անգամ անիրաւութիւնը բնորոշող յայտնի բռնատիրական ասացւածքն է հնացել, թէ՝ «կարեւորը՝ մարդ լինի, մեղադրելու յօդւած կը գտնւի»: Այս առումով էլ Փաշինեանի իշխանութիւնն ու իւր իրաւապահները ակնարկւած «նշաձողի» տիրոյթում հասել են նոր «բարձունքի», այսինքն՝ «կարեւորը՝ մարդ լինի, էլ յօդւած-մօդւած էլ պէտք չի, ձեռաց կը ձերբակալենք…»:

Արժէ, ի դէպ, թեթեւակի յիշեցնել, թէ ծայր առած ձերբակալութիւններն ինչ տեղեկատւական աղմուկով էին ուղեկցւում, յատկապէս՝ իշխանական քարոզիչների ու քարոզչութեան կողմից: Նրանք միաձայն «դայլայլում» էին, թէ՝ «ահա՜, ահաբեկչութիւն էր պլանաւորւում…»: Աւելին, իշխանութեան միանգամայն պաշտօնաւոր ներկայացուցիչները յայտարարում էին, թէ պէտք է դադարեցնել ՀՅԴ գործունէութիւնը, առհասարակ, արգելել բոլոր ընդդիմադիրների գործունէութիւնը:

Ի վերջոյ, Փաշինեանն ԱԺ-ում, նեարդային պոռթկում ցուցադրելով, իր ենթականերին հրամայեց, որ ձերբակալեն, «ԱԱԾ պադւալները գցեն» բոլոր ընդդիմադիրներին…

Այսինքն, գնում եւ ում պատահի՝ բռնում են, ապատեղեկատւական տեռորով հասարակութեանը ներշնչում են, թէ ցանկացած ձերբակալւած յանցագործ է ի սկզբանէ, իրաւապահներն էլ պարզապէս կուրօրէն հրահանգներ են կատարում:

«Անմեղութեան կանխավարկածը» նեարդայնացած ծխում է մի մութ անկիւնում:

Ու կապ չունի՝ դու այնտեղ ինչ-որ սթրայքբոլ էիր խաղում, «հրացանը» Վարդավառի ջրացո՞ւ էր, «նռնակն» էլ՝ սիսեռահատիկներո՞վ, թէ՞ ինչ…

Կարող էր դա էլ չլինել, ի դէպ: Կարող էր ընդհանրապէս ոչ մի բան չլինել:

Ի դէպ, այն 18-ամեայ տղան, որի ամբողջ մեղքը, որքան կարելի է հասկանալ, ինչ-որ «կռիւ-կռիւ» խաղալու «զէնք» ու ՀՅԴ-ի հետ կապ ունենալու մէջ է, ահաբեկչութեան մեղադրանքով մնացել է կալանքի տակ…

Բայց, կրկնում ենք, կարող էր ընդհանրապէս ոչինչ չլինել: Այլեւս դա կարեւոր չէ՝ ըստ փաշինեանական մերօրեայ «նշաձողի»:

Ի՜նչ իմաստ ունի որեւէ ապացոյց, յանցանշան գտնել, առհասարակ՝ քննութիւն իրականացնել: Շուտով կը հասնեն եւ այն «նշաձողին», որ դատաւորներ ու դատարաններ էլ պէտք չեն լինի, կարելի է ստեղծել մի «տրոյկա» ու վերջ, ի՞նչ քննութիւն, ի՞նչ ապացոյց, ի՞նչ դատ, ի՞նչ դատարան… Ո՛չ դատարաններ են պէտք, ո՛չ իրաւապահներ ու քննիչներ, միեւնոյնն է, իւրային քարոզչամիջոցով «ապացոյցներ» են շրջանառում, դրանց հիման վրայ զանգւածային ձերբակալութիւններ են անում: Բայց որպէսզի սովորական մարդկանց ահաբեկեն, ցուցադրում են մարդկանց ունեցած օրինական, հիմնականում՝ որսորդական զէնքերը:

Ի դէպ, փաշինեանական իշխանութեան այդ «նշաձողի» բնութագրական բաղադրիչներից մէկն էլ այն է, որ ապօրինաբար արգելափակւում է փաստաբանների, պաշտպանների մուտքը՝ «շեղ հայեացքի» համար ձերբակալւած քաղաքացիների մօտ: Կարճ ասած, մարդկանց կարող են ձերբակալել, ինչ ասես՝ անել, ինչի մէջ ասես՝ մեղադրել, իսկ փաստաբաններին «ներս չթողնել»: Սա ժողովրդավարութեան, իրաւականութեան «նորաձեւութեան» վերջին ծղրտոցն է: Դէ, ՄԻՊ-ն էլ իշխանութեան «պարականոն» խօսքի ու պահւածքի, թոյլ տւած ապօրինութիւնների մասին լռում է, իսկ Փաստաբանների պալատի հետ լեզւակռւի մէջ մտնում: ՔՊ-ին յարիր մօտեցում…

Եւ մի բան էլ «նշաձողի» մասին: Հնարաւոր է, որ ՔՊ-ում իսկապէս էլ համարում են, որ նոր «նշաձող» («նշաձողեր») են սահմանել: Բայց մի փոքր պէտք է հիասթափեցնենք նրանց. դա «նշաձող» չէ, դա անդառնալիօրէն հատւած եզրագիծ է:

«Փաստ»

Related Articles

Back to top button