Հայաստան - Արցախ

Բագրատ Սրբազան. «Շարժումը շարունակւելու է էլ աւելի մեծ թափով, որին դուք շատ շուտ ականատես կը լինէք»

«ԱԼԻՔ» – Երէկ՝ յունիսի 19-ին, «Տաւուշը յանուն Հայրենիքի շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը հրաւիրել էր մամլոյ ասուլիս, որի ընթացքում պատասխանել է շարժման ընթացքի եւ գալիք զարգացումներին վերաբերող հարցերին։

Հարցազրոյցի հիմնական թէզիստները ստորեւ.

– Այսօրւայ իշխանութիւնն արիւնատենչ փոքրիկ մի խումբ է, որը յանուն իր աթոռի պատրաստ է ցանկացած քայլի։ Յունիսի 12-ը դրա ապացոյցն էր։

– Քովիդից ու պատերազմի օրերից սկսւած, արդէն պարզ էր դառնում, որ այս մարդկանց համար մարդկային կեանքը ոչ մի արժէք չունի։ Յունիսի 12-ին ենթադրում էի, որ այս մարդիկ կը գնան արիւնահեղութեան, սակայն մտքիս ծայրում չէի ուզում դրան հաւատալ։

– Ոստիկաններն ու նռնակները եկան մեզ համոզելու, որ այս մարդիկ պատրաստ են ամէն ինչի, յանուն իրենց աթոռն ու փողը պաշտպանելու։

– Յունիսի 12-ի իրադարձութիւններն իշխանութեան կողմից ի սկզբանէ պլանաւորւած էր որպէս պատժիչ գործողութիւն այն քաղաքացիների ու լրագրողների նկատմամբ, որոնք մասնակցել են բողոքի ակցիաներին։

– Դուք ոչ միայն կատարել էք ձեր մասնագիտական պարտականութիւնը, այլեւ պայքարել էք ստի դէմ։ Յունիսի 12-ին լրագրողները տուժել են նաեւ ոստիկանական վայրագութիւններից։

– Մեր երկրում քաղաքացին պաշտպանւած չէ ո՛չ Ոստիկանութիւնից, ո՛չ Քննչական կոմիտէից, ո՛չ Դատախազութիւնից, ո՛չ էլ առհասարակ իրաւական մարմիններից։ Նրանք բոլորը ծառայում են մէկ մարդու քմահաճոյքներին։

– Շարժումը հրապարակը չի լքելու, այլ հակառակը, այն ընդգրկելու է Հանրապետութեան ողջ տարածքը։

– Թէ՛ մեծ, թէ՛ փոքր կուսակցութիւնների, ներառեալ կուսակցութիւններ չներկայացնող քաղաքական գործիչների հետ խորհրդակցութիւնները մտշապէս շարունակւում են։

Ստեղծում ենք նաեւ մեծ թւով խօսնակների ինստիտուտ։

– Արտաքին ուժերի աջակցութիւնն այս պահին մեզ համար հարցադրումներ է առաջացնում։

Յատկապէս Արեւմտեան ուժերն ու մասնաւորապէս ԱՄՆ դեսպանութիւնը, որի օժանդակութեամբ տեղի է ունենում ոստիկանական բարեփոխումները, պէտք է արձագանգեն տեղի ունեցած վայրագութիւններին, անկախ իրենց վերաբերմունքից մեր շարժմանը։

Եւ եթէ իրենք կարծում են, որ ժողովրդավարութիւնն այսպիսի տեսք ունի, ապա եւս մէկ անգամ մաղթում եմ, որ նոյն ժողովրդավարութիւնն էլ իրենց մօտ լինի։

– Մարտի 1-ը ողբերգութիւն է բոլոր առումներով եւ իմ համեմատութիւնը կապւած էր զուտ անձի հետ։

Այս մարդիկ 6 տարի է իշխանութեան են ու բոլոր հնարաւորութիւնն ունէին բացայայտելու, սակայն ոչինչ չեն արել։

Այդ մարդը (Փաշինեան) մարտի 1-ին քաղաքացիներին հրահրում էր ոստիկաններին երկաթներով ջարդելու ու յայտարարում էր, որ հոգին փառաւորում է։

– Այս Շարժումը քաղաքական հենարան չունի, բոլոր փորձերը կապելու նախկինների հետ, սին են ու դատարկ։

Ես որեւէ խնդիր չունեմ համագործակցելու բոլորի հետ։ Ես մտերմութիւն ունեմ թէ՛ առաջին, թէ՛ երկրորդ, թէ՛ երրորդ նախագահների շրջապատի հետ։ Նաեւ ուզում եմ շեշտել, որ թէպէտ ես ընդդիմադիր եմ եղել բոլոր իշխանութիւնների ժամանակ, սակայն թշնամի չեմ եղել։

Թերութիւններ եղել են բոլոր իշխանութիւնների ժամանակ, սակայն դրանք ողբերգութիւն չեն եղել, հայրենիք չեն յանձնել։

Եւս մի հարց, ինձ հրաւիրել էին ռուսական միջոցառման, սրանք աղմուկ էին բարձրացրել։ ԱՄՆ-ն, Ֆրանսիան կամ Մադագասկարը թող հրաւիրէին, էլի կը գնայի։

– Ճիշտ այս իշխանութեան մասին է ասւած, որ քաղաքականութիւնն անբարոյականութիւն է, սա իրենց բնութագիրն է։

Ով այդ բնութագիրը տւել է, երեւի տեսլիքում սրանց է տեսել ու ասել է։

– Երկրի ղեկավարը, որը մարդկանց ասում է բորդիւր կամ ասֆալտ պէտք է լիզէք, ոստիկանապետը, որը ցուցարարին ասում է լակոտ, կամ խորհրդարանում, երբ ինչ-որ անկենսագիր հարւածում է գեներալ գնդապետին, բա սա քաղաքական կեա՞նք է, հայրենիք յանձնելը, 5 հազար զոհ տալը քաղաքական կեա՞նք է, ողբամ նման քաղաքական կեանքը։

– Ռուբէն Վարդանեանը, որը մեր երկրում այսքան ներդրում ունի, սակայն Բաքւում ենթարկում են կտտանքների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան ձեռի հացը, որ այդքան կերել են, բայց հիմա լռում են, ուրացող չե՞ն։

Ասում էր, թող մեր ռազմագերիները երկու ամիս դիմանան, բա հիմա քանի՞ երկու ամիս է անցել։ Բա սա ուրացում չէ՞։

Այսօրւայ խաղաղութեան օրակարգը մուրացիկ է, երկիրը մաս-մաս յանձնում են, նոր ասում՝ եկէք խաղաղութիւն կնքենք։ Այնինչ խաղաղութիւնը ենթադրում է իրական բանակցութիւն, այլ ոչ պարտադրանք։

– Ապօրինի սահմանազատումը, որ սկսւեց Տաւուշից, արդէն տարածւում է ողջ Հայաստանում։ Այսինքն Տաւուշում տեղի ունեցող գործընթացները սոսկ տեղական խնդիր չեն եղել։

– Այս մարդը բոլորին վախեցնում է պատերազմով, բայց չի ասում, որ թշնամուն բերում դնում եմ ուղիղ ձեր տան մէջ, փոխարէնը ռիսկերը ոչ թէ վերացնում եմ, այլ՝ ընդամէնը նւազեցնում։

– Ժողովրդին մոլորեցնելու են, ասելով, որ եթէ այս գործընթացին համաձայնւէք, ազատ ելումուտ կունենաք Եւրպորական երկրներ։ Ահա այս քողի տակ են անցկացնելու հանրաքւէն։

– Այս իշխանութիւնների պատճառով արցախցիները զրկւել են իրենց տներից։ Ամօթ է թէ՛ այն զազրելի վերաբերմունքը, որը տարւում է արցախցիների նկատմամբ, թէ՛ այն, որ արցախցիները ստիպւած են Երեւանի կենտրոնում պայքարել իրենց իրաւունքների համար։

Այս ամէնը ոչ միայն բարոյական, այլեւ իրաւական հետեւանքներ պէտք է ունենայ։

– Բոլորն ասում էին, որ մեր ժողովուրդը մեռել է, հոգի չունի, պայքար չի ուզում եւ անտարբեր է։

Ընդամէնը երկու ամիս առաջ այդ բոլոր պիտակաւորումները տրւել են, ես շատ եմ տառապել, բայց միշտ ասել եմ, ժողովուրդը անտարբեր չէ, պարզապէս օրակարգ է պէտք։ Եւ այս շարժումը բացայայտեց մեր ժողովրդի խորքային ցանկութիւնն ու նկարագիրը ու ապացուցեց, որ բոլոր պիտակաւորումները սուտ են։

Related Articles

Back to top button