Հայաստանը դուրս է մղւում
ՅԱԿՈԲ ՔՈՉԱՐԵԱՆ
Մինչ Հայաստանի իշխանութիւնները փորձում են սերտացնել կապերը Եւրոմիութեան հետ եւ դրա հաշւին թուլացնել կախւածութիւնը, նաեւ տնտեսական ու առեւտրային կախւածութիւնը Ռուսաստանից, եւրոպական երկրների հետ Հայաստանի տնտեսական յարաբերութիւնները վատագոյն ժամանակներն են ապրում։ Եւրոպական շուկաներում հայկական ապրանքները՝ ինչպէս տեղ չունէին, այնպէս էլ՝ շարունակում են չունենալ։ Աւելին, վերջին շրջանում մեծ արագութեամբ դուրս են մղւում։
Հայաստանից արտահանման ընդամէնը 2.9 տոկոսն է բաժին ընկել Եւրոմիութեանը։
Խօսքը ԵՄ մի քանի տասնեակ երկրների մասին է։ Անցած տարի գոնէ 11 տոկոսի սահմաններում էր։ Այս տարի գրեթէ 4 անգամով Եւրոմիութեան երկրների տեսակարար կշիռը Հայաստանի արտահանման մէջ կրճատւել է։ Արտահանումը ԵՄ երկրներ նւազել է շուրջ 32 տոկոսով։ Երեք ամսում ընդամէնը 126 մլն. դոլարի արտահանում է եղել։ Նախորդ տարւանից 59 մլն. դոլարով պակաս։
ԵՄ բազմաթիւ երկրներ արտահանումը պարզապէս գահավիժել է։ Եթէ անցած տարի Նիդեռլանդներ արտահանումն անցնում էր 100 մլն. դոլարից, այս տարի նոյնիսկ 19 միլիոնի չի հասնում։ Նախորդ տարւայ համեմատ՝ աւելի քան 81 տոկոսով նւազել է։
Ֆրանսիան, որն արտաքուստ սերտ յարաբերութիւնների մէջ է Հայաստանի հետ եւ մշտապէս պատրաստակամ օգնել, Հայաստանի հետ ունի չնչին առեւտրային հաշւեկշիռ։ Այն կազմում է արտաքին առեւտրի ընդամէնը 0.3 տոկոսը։
Այս տարւայ առաջին երեք ամիսներին Հայաստանից Ֆրանսիա է արտահանւել ընդամէնը 1.5 մլն. դոլարի ապրանք՝ 35 տոկոսով աւելի քիչ, քան անցած տարի։ Թէեւ անցած տարի էլ մեծ չէր՝ ընդամէնը 2.3 մլն. դոլարի կարգի։
Ֆրանսիայից ներմուծումը տարեսկզբին նւազել է աւելի քան 28 տոկոսով եւ կազմել հազիւ 24 մլն. դոլար։
Եւրոմիութեան բազմաթիւ երկրների հետ Հայաստանի առեւտրային յարաբերութիւններն այսպիսի վիճակում են։ Դրանք չնչին տեսակարար կշիռ ունեն։ Նախկինում էլ այդ կշիռը մեծ չէր, բայց գոնէ հասնում էր 15-20 տոկոսի։ Վերջին տարիներին գնալով կրճատւում է, այս տարի, կարելի է ասել, փլւել է, ինչը մէկ անգամ եւս ցոյց է տալիս, թէ Հայաստանի տնտեսութիւնը որքանով է պատրաստ ԵՄ երկրների շուկաներ մուտք գործելու համար։ Առաւել եւս՝ վերջին տարիներին այդ կարողութիւններն էապէս թուլացել են։ Հայաստանի տնտեսութիւնը պաշտօնապէս բարձր տեմպերով աճել է, բայց տնտեսութեան պոտենցիալը դրանից գրեթէ չի աւելացել, արտադրական ու արտահանման կարողութիւնները չեն մեծացել, ընդհակառակը՝ մրցակցային հնարաւորութիւններն արտաքին շուկաներում աւելի են թուլացել։
Հայաստանում իրականացւող տնտեսական ու յատկապէս արժութային քաղաքականութիւնը բերել է հայկական ապրանքների դիմադրողականութեան կտրուկ վատացման, մրցունակութեան կորստի, ինչի հետեւանքով էլ եւրոպական շուկաներից հայկական ապրանքներն աստիճանաբար դուրս են մղւում։ Եւ դա տեղի է ունենում արտաքին առեւտրի, ինչպէս նաեւ արտահանման հսկայական աճերի պայմաններում։
Յիշեցնենք, որ այս տարի Հայաստանի արտաքին առեւտուրն աւելացել է 2.1 անգամով, արտահանումը՝ նոյնիսկ աւելի շատ՝ 2.7 անգամով։
Արտահանւել է աւելի քան 4.4 մլրդ դոլարի ապրանք, որից ԵՄ երկրներ՝ ընդամէնը 126 մլն. դոլարի։
Սա գրեթէ 6 անգամով աւելի քիչ է, քան միայն ռուսական շուկայի մատակարարումները։
Չնայած այս տարի արտահանումը Ռուսաստան եւս կրճատւել է. 8,6 տոկոսի անկում կայ։
Պատճառն այն է, որ վերջին շրջանում սկսել են աստիճանաբար կրճատւել Հայաստանի միջոցով վերարտահանումները Ռուսաստան։ Նախորդ երկու տարիներին այն դարձել էր մեր արտահանման աճի վրայ ազդող հիմնական գործօնը։
Տարեսկզբին այդ գործօնը թուլացել է, սակայն մէկ այլ ուղղութեամբ է խորացել։
Եթէ նախկինում առեւտրային հոսքերն աճում էին Հայաստանի միջոցով ռուսական շուկայի պահանջարկը լրացնելու տեսքով, հիմա հակառակ ուղղութեամբ է. Հայաստանի միջոցով ռուսական ապրանքները դուրս են գալիս այլ երկրների շուկաներ։ Դրանով է պայմանաւորւած, որ Ռուսաստանից Հայաստան ներմուծումն այս տարի թռիչքային աճել է։
Նախորդ տարւանից 4 անգամով աւելի շատ ներմուծում է եղել։
Ներմուծումը Ռուսաստանից կազմել է աւելի քան 3 մլրդ. դոլար։ Միջին ամսական մէկ միլիարդի ներմուծում է արւել այդ երկրից։ Նախկինում անգամ տարեկան այդքանի չէր հասնում։ Այս տարի ռուսական որոշ ապրանքների վերարտահանումը Հայաստանի միջոցով հասել է հսկայական չափերի։ Խօսքը, մասնաւորապէս, ոսկու մասին է։
Ոսկու հումքի ներմուծումներով են պայմանաւորւած Ռուսաստանի հետ առեւտրային յարաբերութիւնների այն բարձր ցուցանիշերը, որոնք արձանագրւում են։ Հայաստանի միջոցով ռուսական ոսկին դուրս է գալիս յատկապէս ԱՄԷ։ Դրա արդիւնքում է, որ Էմիրաթները դարձել են Հայաստանի արտահանման առաջատարը։
Արտահանումների 46 տոկոսից աւելի բաժին է ընկնում այդ երկրին։ Նախորդ տարի ընդամէնը 17-18 տոկոսն էր։
Սրանում անգամ մեծագոյն ցանկութեան դէպքում դժւար է առեւտրային կամ տնտեսական դիւերսիֆիկացիա փնտրել, ինչպէս փորձում են ներկայացնել իշխանութիւնները. զուտ վերարտահանումային հոսքեր են՝ կապւած ռուսական ոսկու կամ ոսկու հումքի հետ։
Պատկերացնելու համար, թէ ինչ է տեղի ունենում՝ ասենք, որ այս տարւայ առաջին եռամսեակում 56 տոննայից աւելի անմշակ ոսկի է մտել Հայաստան. գրեթէ 19 տոննա՝ յունւարին, 26 տոննա՝ փետրւարին, եւ աւելի քան 13.4 տոննա՝ մարտին։ Հայաստանից արտահանւել է 37.5 տոննա անմշակ ոսկի. 6.3 տոննա՝ յունւարին, 14 տոննա՝ փետրւարին, եւ 17.2 տոննա՝ մարտին։
Արտահանւած անմշակ ոսկու մաքսային արժէքը կազմել է աւելի քան 2.5 մլրդ. դոլար։
Սա Հայաստանի ընդհանուր արտահանման գրեթէ 57 տոկոսն է։ Միւս բոլոր ապրանքների բաժինը կազմում է արտահանման ընդամէնը 43 տոկոսը։
Ոսկուն նաեւ թանկարժէք քարերն աւելացնելու պարագայում, կը ստացւի, որ արտահանման գրեթէ 75 տոկոսը բաժին է ընկնում այդ երկու ապրանքատեսակներին, մնացած բոլորին՝ հազիւ 25 տոկոսը։ Եթէ մի օր թանկարժէք քարերի ու ոսկու առեւտուրը փակւի, դժւար չէ պատկերացնել, թէ ինչ տեղի կունենայ Հայաստանի արտաքին առեւտրի հետ։
168.am