Վահէ Դաւթեան. «Հարւածի տակ է յայտնւում Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգը… ՀԷՑ-ի շուրջ ծաւալւող գործընթացները առաւել քան տեղաւորւում են այս ռազմավարութեան մէջ»

Քաղաքական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Վահէ Դաւթեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է. ««Թրամփի երթուղու» էներգետիկ չափումը.
«Թրամփի երթուղին» ունի նաեւ շատ յստակ էներգետիկ արտայայտում, ինչն անխուսափելիօրէն յանգեցնելու է հայ-ռուսական ու հայ-իրանական էներգատրանսպորտային կապերի խզմանը:
Երկու դիտարկում՝
- «Զանգեզուրեան/Թրամփի միջանցքը» ծառայելու է որպէս գազի արտահանման երթուղի՝ «Անդրկասպեան գազամուղ» նախագծի ռեանիմացման հեռանկարով: «Միջանցքով» կարող է իրականացւել գազի մատակարարում Հայաստան՝ սցենար, որին արդէն մօտ 2 տարի է ՔՊ-ական իշխանութիւնները պատրաստում են հանրութեանը՝ յայտարարելով Ադրբեջանից բնական գազի ներկրման պատրաստակամութեան մասին:
Ադրբեջանի գազային էքսպանսիայի սպասարկման համար վաղ թէ ուշ բարձրացւելու է ռուսական «Գազպրոմին» պատկանող Հայաստանի գազատրանսպորտային համակարգի «պետականացման» հարցը: Միաժամանակ, մշուշոտ է դառնում նաեւ Իրան-Հայաստան գազամուղի ապագան: Վերջինիս շահագործումը ուղիղ հակասելու է Բաքւի գազային էքսպանսիայի ռազմավարութեանը:
- Հարւածի տակ է յայտնւում Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգը: Այստեղ առկայ է մի քանի բաղադրիչ: Նախ՝ Բաքուն ու Անկարան բազմիցս են յայտարարել, որ «միջանցքը» ծառայելու է նաեւ որպէս էլեկտրաէներգիայի արտահանման երթուղի, որը կարող է ինտեգրւել նաեւ Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգին:
Փաստացի խօսք է գնում Ադրբեջանից Հայաստան էլեկտրաէներգիայի մատակարարման մասին, ինչը ռազմավարական առումով բացարձակ անհեթեթութիւն է՝ հաշւի առնելով Հայաստանում առկայ էլեկտրաէներգետիկ հզօրութիւններն ու արտադրական պոտենցիալը:
Հէնց այստեղ է, որ պէտք է անդրադառնանք հարցի երկրորդ բաղադրիչին՝ ԱԷԿ-ին: Վերջինս, աւանդաբար գտնւելով թուրք-ադրբեջանական դիւանագիտական ու ինֆորմացիոն հարւածների տակ, այսօր վերածւել է յայտարարւած հայ-ամերիկեան էներգետիկ մերձեցման խոչընդոտի: Փաստացի Հայաստանում վերջին տարիներին առաջ մղւող ամերիկեան էքսպերիմենտալ մոդուլային ռեակտորի նախագիծը կարող է առաջիկայում տրամաբանական հանգուցալուծում ստանալ՝ դուրս մղելով «Ռոսատոմը» Հայաստանի «խաղաղ ատոմի» տիրոյթից:
Դա, իր հերթին, կը նշանակի Հայաստանի էներգետիկ ու, հետեւաբար, արդիւնաբերական պոտենցիալի վերջնական մսխում: «Հայատանի էլեկտրական ցանցերի» շուրջ ծաւալւող գործընթացները առաւել քան տեղաւորւում են այս ռազմավարութեան մէջ:
Էլեկտրաէներգետիկ այսպիսի ճարտարապետութիւնը թոյլ կը տայ Բաքւին ու Անկարային վերջնականապէս դուրս մղել Հայաստանը «Հիւսիս-Հարաւ» էլեկտրաէներգետիկ միջանցքից (Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան)՝ վերածելով մեզ էլեկտրաէներգիայի սովորական նետտո-ներկրողի»:
168.am