Խայտառակութեան գագաթնակէտն է

ՅԱԿՈԲ ՔՈՉԱՐԵԱՆ
Նիկոլ Փաշինեանի մօտ նախագահ աշխատող Վահագն Խաչատուրեանը, որի արածն այսքան տարի եղել է պետութեան հաշւին արտասահմաններում անիմաստ շրջագայելն ու թաղման արարողութիւններին մասնակցելը, վերջին օրերին ակտիւացել է։ Օրերս Սիւնիք կատարած այցի, այն էլ՝ եռօրեայ այցի ընթացքում մի շարք տարօրինակ, երբեմն էլ՝ անհարկի յայտարարութիւններ արեց։
Հայաստանի ու հայ ժողովրդի կեանքում ոչնչով աչքի չընկած նախագահի մինչեւ հիմա հնչեցրած քաղաքական մտքի փայլատակումներին չենք անդրադառնայ։
Անդրադառնանք նրա այն յայտարարութեանը, որ Հայաստանում փողի խնդիր չկայ։
Ասում է՝ Հայաստանում փողի խնդիր չկայ, բայց չի ասում, որ ընդամէնը 6 ամսում միայն 1 միլիարդ դոլարից աւելի նոր պարտքեր են դրել պետութեան վրայ։
Մէկ այլ հարց է, թէ ի՞նչ են արել այդ գումարները։
Պարտք են վերցրել, որ բիւջէի ծախսերը կատարեն, չեն կատարել, բայց դրանց դիմաց տոկոսներ են վճարել։ Առաջին կիսամեակում պիտի 1 տրիլիոն 727 մլրդ դրամի ծախս անէին, 1 տրիլիոն 472 միլիարդինն են արել. 255 մլրդ դրամով կամ 660 մլն դոլարով բիւջետային ծախսերը թերակատարել են։
Սա խայտառակութեան գագաթնակէտն է։ Եթէ չէին կարողանում նախատեսւած ծախսերը կատարել, ինչո՞ւ են այդքան պարտքեր վերցրել ու թողել պետութեան վրայ։ Չէ՞ որ դրանց դիմաց տարեկան հարիւրաւոր միլիոն դոլարների տոկոսներ են վճարւում։
Այս տարւայ միայն առաջին կէսին պարտքի սպասարկման համար աւելի քան 169 մլրդ դրամ են վճարել՝ համարժէք 439 մլն դոլարի։ Նախորդ տարւայ համեմատ կառավարութեան պարտքի սպասարկման ծախսերը 15.9 մլրդ դրամով կամ 40 մլն դոլարով աւելացել են։ Սա դեռ՝ միայն առաջին կէսին։
439 մլն դոլար վճարել են միայն պարտքի տոկոսների դիմաց։ Թէ ինչքան էլ վճարել են պարտքերը փակելու համար, դեռ մի կողմ թողնենք։
Պարտքեր են վերցրել բիւջէով նախատեսւած ծախսերը կատարելու համար, տոկոսներ են վճարել, բերել բանկերում աւանդ են դրել։ Շատ յաճախ այդ աւանդների տոկոսներն աւելի ցածր են, քան վերցրած պարտքերի տոկոսներն են։ Արդիւնքում՝ պետութիւնն է տուժում, վնասներ է կրում։ Արտաքուստ աւանդներից բիւջէն եկամուտներ է ստանում, բայց պարտքերի տոկոսների դիմաց ոչ պակաս ծախսեր է կատարում։
«Հաշւետու ժամանակահատւածում բանկերում եւ այլ ֆինանսավարկային հաստատութիւններում բիւջէի ժամանակաւոր ազատ միջոցների տեղաբաշխումից եւ դեպոզիտներից ստացւել են 18.9 մլրդ դրամ տոկոսավճարներ, որոնք 30.7 տոկոսով (4.4 մլրդ դրամով) գերազանցել են կիսամեակային ծրագրային ցուցանիշը եւ 3.6 տոկոսով (651 մլն դրամով)` նախորդ տարւայ նոյն ժամանակահատւածի ցուցանիշը:
Տոկոսավճարների գերակատարմանն էապէս նպաստել է պետական պարտատոմսերի՝ ծրագրւածից աւել տեղաբաշխումը, որից ստացւած միջոցներն աւանդադրւել են՝ ապահովելով լրացուցիչ տոկոսավճարներ»,- խոստովանել է ֆինանսների նախարարութիւնն առաջին կիսամեակի պետական բիւջէի կատարման հաշւետւութեան մէջ։
Այս տարւայ սկզբին, ինչպէս յայտնի է, կառավարութիւնը 750 մլն դոլարի եւրոպարտատոմսերի հերթական տեղաբաշխումն արեց։ Չնայած դրա աննախադէպ բարձր գնին՝ 7,1 տոկոս, պահանջւածից նոյնիսկ աւելի շատ պարտք ներգրաււեց։ Գումարի մի մասով վճարեց նախորդ թողարկման պարտքը, իսկ միւս մասը՝ շուրջ 164 մլրդ դրամը, դրեց բիւջէի ազատ միջոցների հաշւին։ Բիւջէում ազատ միջոցներ կային, որոնք չէին կարողանում ծախսել, մի բան էլ պարտքերով նորերն աւելացրին։
Տարիներ շարունակ Նիկոլ Փաշինեանի կառավարութիւնների համար խնդրայարոյց է եղել՝ ինչպէս ընդհանրապէս բիւջէի, այնպէս էլ՝ յատկապէս վարկային ծրագրերի, այն էլ՝ նպատակային վարկային ծրագրերի կատարողականը։
Առաջին կիսամեակում նախատեսել են նպատակային վարկային ծրագրերով 100 մլն դոլարի աշխատանքներ իրականացնել, իրականացրել են ընդամէնը 37 միլիոնինը։
Կատարողականը կազմել է հազիւ 37 տոկոս։
Այսպէս են իրականացնում վարկային ծրագրերը ու դեռ ամէն անգամ պարտքային բեռ են աւելացնում պետութեան վրայ։
Նպատակային վարկային ծրագրերի կատարողականը խայտառակ վատ վիճակում է։
Տարւայ առաջին կէսին նախատեսել են Համաշխարհային բանկի հետ իրականացնել 6.2 մլրդ դրամի ծրագրեր, իրականացրել են 1.9 միլիարդինը՝ 3.2 անգամով աւելի քիչ, քան պիտի իրականացնէին։ Կատարողականը կազմել է ընդամէնը 30 տոկոս։
Եւրոպական ներդրումային բանկի հետ նախատեսւած 2.9 միլիարդի ծրագրերից ընդհանրապէս ոչինչ չի կատարւել։ Բացարձակ զրօ է կատարողականը։
Ասիական զարգացման բանկի պարագայում կրկնակի աւելի քիչ նպատակային ծրագրեր են արւել, քան պիտի արւեն։
Ամենամեծ շեղումը Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկի հետ նախատեսւած ծրագրերի իրականացման պարագայում է։ Աւելի քան 26 մլն դոլարի նախատեսւած ծրագրերից կատարւել է ընդամէնը 1.3 միլիոնը։
Կատարողականը կազմել է 5.2 տոկոս։
Սրանք նպատակային վարկեր են, որոնց տակ ծրագրեր են դրւած՝ կատարման յստակ ժամկէտներով։ Այդ ծրագրերը պիտի իրականացւեն, որ արդիւնք ստացւի։ Բայց ոչ միայն ծրագրերը չեն իրականացւում, արդիւնքներ չեն ստացւում, մի բան էլ ուշացրած ծրագրերի դիմաց պետական բիւջէն տուգանքներ է վճարում՝ չիրացւած գումարների դիմաց։ Բարձր տոկոսները քիչ են, նաեւ տուգանքներ ենք վճարում։ Այսպէս են քոռ ու փուչ անում հարկատուների վճարած գումարները։
Շարունակում են մեծապէս թերակատարել նաեւ բիւջէի կապիտալ ծախսերը։
Տարւայ առաջին կէսին կատարել են նախատեսւածի ընդամէնը 73 տոկոսը։ Աւելի քան 107 մլրդ դրամի կամ 278 մլն դոլարի աշխատանքներ չեն իրականացւել։ Դրանից 87 միլիարդը եղել է շէնք-շինութիւնների կառուցումը։
Բիւջէի ծախսերի ընդհանուր թերակատարումը հասնում է գրեթէ 15 տոկոսի։ Դրա հիմնական պատճառն այն է, որ չեն կարողանում նախատեսւած ծրագրերը ժամանակին կատարել։ Չնայած դրան, շարունակում են մեծ տեմպերով պարտքեր վերցնել ու ծանրաբեռնել պետական պարտքի բեռը։ 7 տարում աւելի քան 7.2 միլիարդի պարտք են կուտակել ու դեռ ցինիկաբար յայտարարում են, թէ Հայաստանը փողի խնդիր չունի։ Եթէ փողի խնդիր չունի, ինչո՞ւ էք այդքան պարտքեր վերցրել։
168.am