Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արա Զոհրաբեան. «Հայաստանը ստիպւած խորհրդայնացւեց, որպէսզի փրկւի. արդեօ՞ք հիմա էլ նոյն վտանգները մեզ չեն սպառնում»

Արա Զոհրաբեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է.

«ԱՐԴԵՕՔ ՎԵՐԱՑԵԼ ԵՆ ՎՏԱՆԳՆԵՐԸ

Իւրաքանչիւր բանական մարդ խաղաղութիւն է ուզում:

Արդեօ՞ք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի կողմից Վաշինգտոնում 2025 թւականի օգոստոսի 8-ին ստորագրւած հռչակագիրը խաղաղութիւն է բերելու:

Չունեմ այդ լաւատեսութիւնը մի քանի պատճառով՝

1) Ադրբեջանը պայմանաւորւածութիւններ պահող չէ՝ վերջին թարմ հիմքը 09.11.2020 թ. եռակողմ պայմանաւորւածութիւնների խախտման փաստերն են.

2) Ռուսաստանի եւ Իրանի շահերի հետ այս գործարքը հակասութիւն է առաջացնում.

3) Այս գործարքով չեն կարգաւորւել Հայաստանի շահերից բխող մի խումբ հարցեր, որոնցից են օրինակ՝ գերիների վերադարձի, Արցախցիներից խլած տարածքները վերադարձնելու եւ անվտանգութիւնն ապահովելու հարցերը:

Չեմ անդրադառնում Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ տրամադրելու մանրամասներին, միայն կը նշեմ, որ այդ ճանապարհը պէտք է Ադրբեջանին եւ Թուրքիային ու ոչ թէ՝ մեզ:

Նոյնիսկ Հայաստանի օրէնսդրութեամբ սերւիտուտի (ուրիշի հողամասից սահմանափակ օգտւելու իրաւունքի) դէպքում օգտագործւող հողամասը կոչւում է ԾԱՌԱՅՈՂ գոյք, իսկ միւս սեփականատիրոջ հողամասը կոչւում է ԳԵՐԱԿԱՅ գոյք (ներկայացւած է որպէս համանման օրինակ):

Այսինքն այս գործարքով Հայաստանի տարածքը դառնում է ծառայող տարածք Ադրբեջանի համար:

Յիշենք նաեւ 105 տարի առաջ մեր ազգի գլխին եկածը: Սեւրի հաշտութեան պայմանագիրը ստորագրւել է 1920 թ. օգոստոսի 10-ին Ֆրանսիայի Սեւր քաղաքում:

Դա չխանգարեց, որպէսզի 1920 թւականի սեպտեմբերի 22-ին քեմալական Թուրքիան առանց պատերազմ յայտարարելու յարձակւի Հայաստանի վրայ։

Հայաստանին չօգնեց նոյնիսկ ԱՄՆ նախագահ Վիլսոնի կողմից 1920 թւականի նոյեմբերի 22-ին ընդունւած վճիռը, որով, Հայաստանին էր տրւում ընդհանուր առմամբ 103.599 կմ² տարածք։

Ինչու այդ տարածքները չդարձան հայկական, ինչու ԱՄՆ-ն եւ հզօր միւս պետութիւնները, որոնք նաեւ Սեւրի պայմանագրի կողմերն էին (օրինակ՝ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա) չկարողացան Հայաստանին օգնել: Հայաստանը ստիպւած խորհրդայնացւեց, որպէսզի փրկւի:

Արդեօ՞ք հիմա էլ նոյն վտանգները մեզ չեն սպառնում:

Յ.Գ. – Երբ ասեն, թէ՝ խաղաղութիւն եւ ապահովութիւն է, այն ժամանակ յանկարծակի կը հասնի նրանց կործանումը, ինչպէս լինում է յղի կնոջ երկունքը. եւ նրանք չեն փրկւելու։ (Թեսաղոնիկեցիներ 1 5:3)»:

Related Articles

Back to top button