Հայաստան - ԱրցախՔաղաքական
Նիկոլ, Ռամիլ Սաֆարովները անխոչընդոտ գնալ-գալո՞ւ են. ո՞ւմ դէմ է զինւում ալիեւը. յաղթելու մէկ ճանապարհ կայ

«ԱԼԻՔ» – 168TV-ի «Դասեր» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում Սաթիկ Սէյրանեանը հիւրընկալել էր Գիւմրիի աւագանու «Իմ հզօր համայնք» խմբակցութեան ղեկավար, քաղաքական գործիչ Ռուբէն Մխիթարեանին:
- Վաշինգտոնում տեղի ունեցածն ինչ-որ իմաստով յիշեցնում է նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութիւնը. դարձեալ երեք երկրների ղեկավարներ էին ստորագրել, որոնցից մէկը դարձեալ գերտէրութեան ղեկավար էր: Յետոյ տեսանք, թէ այդ թուղթն ինչ դարձաւ:
Ընդ որում, տեսանելի էր, թէ ինչպէս էին երկու երկրների ղեկավարներ փորձում տեղաւորւել գերտէրութեան ղեկավարի համապատասխան վայրում:
- Ով ինչ ասում էր, Փաշինեանն ամէն ինչի հետ համաձայնում էր: Ով ինչ փորձում էր իր համար Հայաստանից պոկել, տալիս էր, համաձայնում էր:
- Ադրբեջանը ստացաւ Հայաստանով անխոչընդոտ անցնելու ճանապարհ, իսկ դրա դիմաց Հայաստանին, ըստ ձեւակերպման, ինչ-որ առաւելութիւններ են իբր տալու, որի մասին ոչ մէկս չգիտենք՝ ինչ: Երեւի հայերը, օրինակ, Ադրբեջանով անցնելուց մէկումէջ կը գերեվարւեն…
- Ադրբեջանը ստացել է այն ամէն ինչը, ինչ ցանկացել է, Հայաստանն Ադրբեջանից ստացել է մի քանի լուսանկար եւ մի թուղթ, որի հետեւում, ինչպէս երեւում էր լուսանկարներում, թաքնւել էր Նիկոլ Փաշինեանը: Վստահեցնում եմ ձեզ, ինքն ապագայ ընտրութիւններում պախկւելու է հենց այս թղթի յետեւում, որպէսզի ցոյց տայ, թէ իբր ինքը բերել է խաղաղութիւն:
- Ադրբեջանը, վստահաբար, որպէս իր առաջին թիրախ՝ դիտարկում է Հայաստանը:
- Հայ գերիների մասին որեւէ խօսք չեղաւ. այդ թղթի 5 կէտերի մէջ որեւէ տող գրւած չէր նաեւ, որ Ադրբեջանը դուրս է գալիս Հայաստանի Հանրապետութեան տարածքից: Իսկ Ալիեւը բառացի յայտարարում է, որ Փաշինեան Նիկոլը տնային աշխատանք ունի անելու՝ ՀՀ Սահմանադրութեան փոփոխութիւնը, եւ աւելին, Ալիեւը յատուկ նշում է, որ Փաշինեան Նիկոլն ինքն է առաջարկել մեր Սահմանադրութեան մէջ փոփոխութիւններն անել, որովհետեւ, ըստ Ալիեւի, գոյութիւն ունեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ: Իսկ Ալիեւը, փաստօրէն, տնային աշխատանք չունի, որ Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս գայ:
- 30 եւ աւելի տարի առաջ 907 բանաձեւի շրջանակներում ԱՄՆ Կոնգրեսը սանկցիա էր կիրառել Ադրբեջանի ռազմական համագործակցութեան նկատմամբ, որպէսզի բացառւի ուժի կիրառումը Հայաստանի եւ Արցախի նկատմամբ. Թրամփն այդ պատժամիջոցը վերացրեց, ԱՄՆ-ը եւ Ադրբեջանը վերսկսում են ռազմական համագործակցութիւնը: Դա եւս մէկ կարեւոր ձեռքբերում էր Ալիեւի համար:
Ի դէպ, Փաշինեան Նիկոլը փաստացի արձակուրդի մէջ է, եւ նա որեւէ բան ստորագրելու իրաւունք չունէր:
- Երբ հարցնում են, թէ ինչ ստացաւ Հայաստանը վաշինգտոնեան եռակողմ այս հանդիպումից, անընդհատ էս նկարը ցոյց տւէք՝ թղթի հետեւում պախկւած Փաշինեան: Հայաստանը ստացաւ մի թուղթ, որով Փաշինեանը պէտք է կառուցի իր քաղաքական վերարտադրութեան, իշխանութեան մնալու գործընթացը:
Հարց է ծագում. ըստ այս եռակողմ Հռչակագրի, Հունգարիայում քնած ժամանակ հայ սպայ Գուրգէն Մարգարեանին կացնով սպանած Ռամիլ Սաֆարովը պէտք է Հայաստանի տարածքով անխոչընդոտ անցնի ու գնայ Ադրբեջան, Նախիջեւա՞ն:
- Քանի որ մենք Խաղաղութեան համաձայնագիր կոչւածի վերջնական տեսքին ծանօթ չենք, բայցեւ տարբեր յայտարարութիւններից հասկացել ենք, որ Հայաստանը նաեւ հրաժարւելու է իր բոլոր միջազգային հայցերից եւ պահանջներից, ապա, այո, ենթադրւում է, որ ոչ միայն Ռամիլ Սաֆարովը, այլ նաեւ այն երկու դիւերսանտները, որոնք մեր հայրենակիցներին սպանել էին, դատարանի վճռով դատապարտւել էին եւ Փաշինեանի ձեռքով հէնց առաջինը յանձնւեցին Ադրբեջանին:
- Թուրքիան, Ադրբեջանը մեզ ասել են՝ կը ներէ՞ք, որ մենք էլ ներենք նրանց կամ չներենք:
ՍԱԹԻԿ ՍԷՅՐԱՆԵԱՆ