Քաղաքական

Նիկոլ Փաշինեանի խաբուսիկ խոստումները՝ գոյութիւն չունեցող խաղաղութեան մասին

Օգոստոսի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինեանը, դիմելով ժողովրդին, հանդէս եկաւ խաղաղութեան վերաբերեալ մի շարք մոլորեցնող եւ պարտւողական յայտարարութիւններով։ 

Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կայացած իր հանդիպումից յետոյ Փաշինեանը կեղծօրէն յայտարարեց, թէ խաղաղութիւն է բերել Հայաստան։ Հայերը խորհուրդ են տալիս. «Ջուրը չտեսած մի՛ բոբիկացէք», մինչդեռ ամերիկացիներն ասում են. «Երբեք մի՛ հաշւէք ձեր հաւէրը, նախքան դրանց ծնւելը»։ Այլ կերպ ասած՝ մի՛ շտապէք վաղաժամ եզրակացութիւններ անել։

Տեսնելով, որ ոչ ոք լուրջ չէր ընդունում իր պատրանքային խաղաղութեան մասին պնդումները, Փաշինեանը վերջապէս անցած շաբաթ խոստովանեց, որ խաղաղութիւնը դեռ շատ հեռու է. «Ես եւ Ադրբեջանի նախագահն ընդունեցինք անհրաժեշտութիւնը շարունակելու հետագայ գործողութիւնները հասնելու Խաղաղութեան Համաձայնագրի ստորագրմանը եւ վերջնական վաւերացմանը»։ Նախագահ Իլհամ Ալիեւը հաստատեց նոյն միտքը, երբ Սպիտակ տանը հանդիպումից քիչ անց կրկին պահանջեց, որ Հայաստանը փոխի իր Սահմանադրութիւնը, նախքան ինքը կը կարողանայ ստորագրել պայմանագիրը։

Օգոստոսի 18-ին Փաշինեանը, իր ուղերձում ժողովրդին, պաշտպանեց Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջեւանին կապող առաջարկւող ճանապարհը՝ յայտարարելով, որ այն «հիմնւած է պետութիւնների ինքնիշխանութեան, տարածքային ամբողջականութեան եւ իրաւազօրութեան յարգման վրայ»։ Իրականում, նա համաձայնում է Հայաստանի տարածքի կենսական նշանակութիւն ունեցող մի հատւածի վերահսկողութիւնը յանձնել օտար պետութեան՝ 99 տարով, եւս 99 տարով երկարաձգելու հնարաւորութեամբ։ Եթէ Փաշինեանի նպատակն ադրբեջանցիներին Հայաստանի տարածքով անցնելու հնարաւորութիւն տալն է, ապա ինչո՞ւ նրանց տրամադրել ԱՄՆ-ի վերահսկողութեան տակ գտնւող «անխոչընդոտ հաղորդակցութիւնը», ինչը նշանակում է՝ սահմանին չստուգել նրանց անձնագրերն ու ուղեբեռը։ Քանի որ համաձայնագիրը, իբր, «փոխադարձութեան սկզբունքով» է, ապա ինչո՞ւ Հայաստանը չի պահանջում ԱՄՆ-ի վերահսկողութեան տակ գտնւող նմանատիպ «անխոչընդոտ հաղորդակցութիւն» Ադրբեջանի տարածքով դէպի Ռուսաստան։

Հայ հասարակութեանը հետագայ զիջումների համար նախապատրաստելու նպատակով Փաշինեանը յայտարարեց. «Մենք սահմանի հատման պարզեցումների պատրաստակամութիւն ենք յայտնել»։ Սա քօղարկւած մեղմաբանութիւն է, որը նշանակում է՝ զրկել Հայաստանին ցանկացած  վերահսկողութիւնից ադրբեջանցիների կողմից հայկական սահմանը հատելու նկատմամբ։ Նախկինում նա յայտարարել էր, որ պատրաստ է «հեշտացնել» նրանց տարանցումը Հայաստանի տարածքով։

Փաշինեանը պատրանքներ էր փայփայում, որ Հայաստանն ու Ադրբեջանը «կնախանշեն պայծառ ապագայի ուղի… որը կանխորոշւած չէ անցեալի հակամարտութեամբ», պնդելով, որ «մեր ժողովուրդների համար վերջապէս ստեղծւել են բարիդրացիական յարաբերութիւններ սկսելու պայմաններ…»: Նա երկու անգամ յայտարարեց, թէ «Հայաստանի Հանրապետութեան եւ Ադրբեջանի Հանրապետութեան միջեւ խաղաղութիւն է հաստատւել»: Առանց իրական խաղաղութիւն ձեռք բերելու՝ Փաշինեանը յայտարարեց, որ Հայաստանի պաշտպանական բիւջէն էականօրէն չի աւելանալու, եթէ ընդհանրապէս աւելանայ, մինչդեռ Ալիեւը, որի բանակն արդէն զինւած է մինչեւ ատամները, ծրագրում է միլիարդաւոր դոլարների արժողութեամբ ժամանակակից զէնքեր գնել:

Ամենաանզգայ ձեւով Փաշինեանը յորդորեց հայերին դադարեցնել 2020 թւականի պատերազմում իրենց ընտանիքի անդամների կորուստը սգալը. «Մեր նահատակներին խնկարկելու եւ սրբացնելու, նրանց յիշատակի հետ յարաբերւելու մեր ձեւն անգամ պիտի կաթիլ-կաթիլ, միլիմետր առ միլիմետր փոխւի»։ Փաստացի, նա վշտակիր մայրերին ասում է՝ մոռանալ իրենց որդիների կորուստը։ Ուղերձը հետեւեալն է՝ «Կերէք, խմէք, քէֆ արէք…»։

Փաշինեանն անտեսեց 2021-2022 թւականներից Ադրբեջանի կողմից Հայաստանի աւելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածքի գրաւումը՝ պնդելով, թէ կան նաեւ ադրբեջանական տարածքներ, որոնք գտնւում են հայկական վերահսկողութեան տակ՝ նախքան Ալիեւի կողմից նման պահանջի ներկայացումը։ Նա միամտօրէն յոյս յայտնեց, որ տարածքների փոխանակման հարցը կը լուծւի ապագայ սահմանազատման ժամանակ։

Փաշինեանը նոյնիսկ արդարացրեց նախաստորագրւած խաղաղութեան պայմանագրից Բաքւում պահւող հայ ռազմագերիների ազատ արձակման պահանջի բացակայութիւնը՝ պնդելով, թէ գերիների ցանկացած յիշատակում կուշացնի նրանց ազատումը: Իրականում ճիշտ հակառակն է: Փաշինեանը ոչինչ չի արել նրանց ազատ արձակման համար՝ վախենալով, որ նրանք ազատւելով, կարող են մարտահրաւէր նետել իր անկայուն իշխանութեանը:

Վերջին սադրանքով, Փաշինեանը համարձակւեց կոչ անել հայերին ապստամբել իր իշխանութեան դէմ, եթէ նրանք դէմ են իր կողմից Արցախի յանձնմանը։ Հակառակ դէպքում, նա պնդեց, որ «ժողովուրդը համաձայն է ինձ հետ»։ Սա կեղծ ենթադրութիւն է, քանի որ բնակչութեան ճնշող մեծամասնութիւնը նրան չի աջակցում, ինչպէս ցոյց են տալիս բազմաթիւ հարցախոյզեր։ Ցաւօք, մարդիկ լիովին հիասթափւել են եւ չեն ցանկանում որեւէ առնչութիւն ունենալ քաղաքական հարցերի հետ։

Փաշինեանը նսեմացրեց Ղարաբաղեան պայքարը՝ կեղծօրէն պնդելով, որ այն «որոշ ուժեր պարզապէս օգտագործում էին որպէս գործիք Հայաստանի անկախութիւնը, ինքնիշխանութիւնը, պետականութեան կայացումն ու զարգացումը թոյլ չտալու համար»։ Այսպիսով, նա փաստօրէն խոստովանեց, որ ինքն էլ ծառայել է որպէս «գործիք» օտար տէրութիւնների համար, երբ 2019-ին յայտարարել է․ «Արցախը Հայաստան է, եւ վե՛րջ»։ Այժմ նա «անիրատեսական» է համարում Արցախի հայերի հնարաւոր վերադարձը իրենց հայրենիք եւ նոյնիսկ ասում է, որ այս հարցի բարձրացումը վտանգաւոր է, վնասակար Հայաստանի եւ Ադրբեջան յարաբերութիւնների համար եւ «երկու պետութիւնների միջեւ դառնալու է լարւածութեան նոր աղբիւր»։ Նա բացայայտեց, որ «իմ այս պատկերացումը կիսել եմ նաեւ պաշտօնական Բաքւի հետ։ Եւ արձանագրում եմ, որ այո՛, դա վտանգաւոր եւ վնասակար թեմա է նորընծայ խաղաղութեան համար»։

Փաշինեանն իր կեղծ յայտարարութիւնների շարքը եզրափակեց հայ ժողովրդին ուղղւած հետեւեալ պարտւողական ուղերձով. «Քո պարտութիւնն անխուսափելի է, ու դու անխուսափելիօրէն կը պարտւես, որովհետեւ անվերջ յաղթել հնարաւոր չէ»։

Հայաստանի 2020 թւականի աղէտալի պարտութիւնից յետոյ ես կոչ եմ արել Փաշինեանին անյապաղ հրաժարական տալ։ Ղեկավարը, որը պատասխանատու է նման խոշոր աղէտի համար, զուրկ է իր երկրի կենսական շահերը պաշտպանելու համար անհրաժեշտ բարոյական հեղինակութիւնից եւ ոգու տոկունութիւնից։

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ

«Կալիֆորնիա կուրիէր»

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ

Related Articles

Back to top button