ԱտրպատականԻրանՀամայնք

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի շնորհաւորական այցը Արեւմտեան Ատրպատականի նահանգապետին

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Կիրակի՝ դեկտեմբերի 29-ի ժամը 16:30-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը այցելեց Արեւմտեան Ատրպատականի նորանշանակ նահանգապետ դոկտ. Ռեզա Ռահմանին, եւ ընդունւեց նրա պաշտօնական դահլիճում:

Սրբազան Հօրը ընկերակցում էին Ազգային բարերար Էդիկ Մեջլումեանը, Պատ­գամաւորական ժողովի փոխնախագահ Սաքօ Մեջլումեանը, Թեմական խորհրդի ատենադպիր Վարդան Կարապետեանը, Ռիքարդօ Իւհաննայեանը եւ Սեւան Ազիզ­եա­նը:

Առաջնորդ Սրբազանը անդրադարձաւ հայ ժողովրդի դարաւոր ներկայութեա­նը Իրանում, սկսելով 68 թւականից, երբ Ս. Թադէի վանքի շրջակայքում նահատակւեց Առաք­եալը: Նա նշեց, որ Ատրպատականում մեծաթիւ եկեղեցիների գոյութիւնը, իւրաքան­չիւր գիւղում եւ քաղաքում, հայերի մեծաթիւ ներկայութեան փաստ է: Սրբազանը յի­շեց, որ դրանց բոլորի տեղագրութիւնը արձանագրել եւ հրատարակել է մեծածաւալ եռահատոր տպագրութեամբ:

Ինչ վերաբերում էր Ուրմիայում բնակւող մեծաթիւ հայ համայնքին, Սրբազան Հայրը պատմական տւեալները յիշատակեց, թէ ինչպէս 1890 թւականից սկսեալ հա­մայնքը ունեցել էր իր եկեղեցին, որը 2001 թւականին հիմնովին վերակառուցւել էր Էդիկ Մեջ­լում­եանի բարերարութեամբ: Այս առիթով նա շեշտեց բարերարին այն մօտեցումը, որով նա տարբերութիւն չի՛ դնում հայի եւ օտար տեղացու միջեւ, նրանց համար էլ ար­դէն 4-րդ դպրոցը կառուցելով:

Համայնքի վերածաղկման որեւէ ճիգ չխնայելու մասին արտայայտւելով, առաջնորդ Սրբազանը յիշեցրեց, որ Ուրմիա քաղաքում 5000 մետր հողատարածքի սեփականատէրը լինելով, Ազգային առաջնորդարանը ծրագրել է բնակարաններ կառուցել այնտեղ, համայնքի կեանքը վերաշխուժացնելու սքանչելի միջոց իբրեւ:

Նահանգապետ դոկտ. Ռահմանին խօսք առնելով շնորհակալութիւն յայտնեց Սրբազան Հօրը եւ նրան ընկերակցող ազգային պատւիրակութեանը, յիշեցնելով երկրի նախագահ Փեզեշքիանի այն տնօրինումը, որով նա Փոքրամասնութիւններին համահաւասար իրաւունքներ տալու արտայայտութիւն էր ունեցել: Իրանի լայնախոհ պետութեան, եւ իր քաղաքացիների միջեւ տարբերութիւն չդնելու մօտեցումը մէջբերելով, նահանգապետը իր ամբողջական պատրաստակամութիւնը յայտնեց Ատրպատականի հայոց թեմին, օգտակար հանդիսանալու հայ համայնքի բարգաւաճման ծրագրերին:

Հանդիպումը եզրափակւեց յուշանւէրների փոխանակումով, Սրբազան Հօր եւ Նահանգապետի միջեւ:

Related Articles

Back to top button