Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի հանդիպումը Արեւելեան Ատրպատականի նորընտիր նահանգապետի հետ
Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Շաբաթ՝ դեկտեմբերի 28-ին, երեկոյեան ժամը 5:00-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը եւ Թեմական խորհուրդը շնորհաւորական այցով ներկայացան Ատրպատականի Արեւելեան շրջանի նահանգապետ դոկտ. Սարմասդին:
Նահանգապետարանի պաշտօնական դահլիճում կայացած հանդիպմանը, առաջնորդ Սրբազան Հօրը ընկերակցում էին Թեմական խորհրդի անդամները՝ ատենապետ Գագիկ Ջորջեանը, Ալէն Սայեադեանը, Հենրիկ Աբրահամեանը եւ Վարդան Կարապետեանը: Նահանգապետի կողքին էին քաղաքական եւ անվտանգութեան տեղակալ Մոհամմէդզադէ, Մշակութային ընդհ. տնօրէն դոկտ. Բելաղի, Փոքրամասնութիւնների գրասենեակի պատասխանատու Մուսաւի, եւ այլ բարձրաստիճան անձինք:
Սրբազան Հայրը շնորհաւորելով նահանգում բարձրագոյն պաշտօնը զբաղեցրած դոկտ. Սարմասդին, լայնօրէն անդրադարձաւ Ատրպատականում հայ համայնքի դարաւոր ներկայութեան, որը հարստութիւն համարեց նա, համայն Իրանի համար. «Հայերի ներկայութիւնը Ատրպատականում, մի քանի տասնամեակների մասին պատմող էջեր չի լցնում պատմութեան գրքում: Այս տարածաշրջանում մեր վանքերի եւ հարիւրաւոր եկեղեցիների գոյութիւնը վկայ է հանդիսանում այն փաստին, որ այս հողի հարազատ ծնունդ ենք հայերս»,- ասաց Սրբազանը: Ապա, նա խօսեց Իրան-Հայաստան բարի դրացիութեան ներկայ դրութեան մասին, բարձր գնահատելով Իրանի Իսլամական Հանրապետութեան եղբայրական մօտեցումները հայ ժողովրդին, որոնք դարեր շարունակ, ե՛ւ Իրանի սահմաններում, ե՛ւ Հայաստանում համագործակցութեան կերպերով են տնօրինել իրենց կապերը:
Նահանգապետը մեծ սիրով ու բացառիկ յարգանքով ողջունեց Սրբազան Հօրը եւ նրան ընկերակցող պատւիրակութեանը, վեր առնելով հայութեան անկոտրում ներկայութիւնը նահանգում, իբրեւ հարազատ իրանցիներ: Նա ասաց, որ վաղուց լինելով նահանգապետարանում այլեւայլ պաշտօններով, մօտկից ծանօթ է հայութեան եւ նրանց անցեալին ու ներկային: Նա կարեւորութեամբ յիշեց նաեւ այն հնադարեայ հարստութիւնը՝ վանքերի եւ եկեղեցիների, որոնք պարծանք են Իրանին եւ բոլոր այցելուների համար:
Նահանգապետը անդրադարձաւ Սրբազան Հօրը այն այցին, որը նա տւել էր երկրի Հոգեւոր առաջնորդին, Թեհրանում, ինչպէս նաեւ նոր նախագահ Փեզեշքիանի շնորհալի այն արտայատութիւններին, որոնք ասւել էին փոքրամասնութիւնների մասին, նրանք եւս անբաժանելի մասը համարելով Իրանի քաղաքացիների:
Թեմական խորհրդի ատենապետ Գագիկ Ջորջեանը եւս արտայայտւելով, խօսեց երախտագիտութեամբ հայ համայնքի նկատմամբ Իրանի պետութեան խնամատարական եւ հոգածու վերաբերմունքին: Նա լայնօրէն անդրադարձաւ Ատրպատականի թեմի «Մելիք Թանգեան» թանգարանի վերաբացման ջանքերին, որը շուտով տեղի է ունենալու: Նահանգապետը իր պատրաստակամութիւնը յայտնեց, միշտ օժանդակել բոլոր խնդիրներում, հայ համայնքին:
Հանդիպման աւարտին, նահանգապետը թանկարժէք նւէրր յանձնեց Սրբազան Հօրը, իսկ Սրբազան հայրը յատուկ յուշանւէր յանձնեց նահանգապետին, Մոհամմէդզադէին, եւ փոքրամասնութեան պատասխանատու Մուսաւիին, որոնք թաւրիզահայ արծաթագործների ձեռագործերից յիշատակելի եւ թանկարժէք նմոյշներ էին: