Ամօթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են, դուք մնալու էք գլխիկոր
Փառքի անկիւնները վերացնողների ու պատերից հերոսների նկարները ջնջողների մասին
![](/wp-content/uploads/2024/12/6297-780x470.jpg)
«ԱԼԻՔ» – Մարդ ու անասուն իրարից ջոկւում են յիշողութեամբ: Յիշողութիւնը դրած է անասունի ու մարդու արանքում: Յիշողութեան մէջ ես՝ ուրեմն վառւում ես, մարդ ես, հաշիւներ ունես, անհանգիստ ես եւ յիշողութեան մէջ չես՝ հրեն բաց դաշտում կովն արածում է առանց յիշողութիւնների, իսկ հորթին երեկ են մորթել»: Սրանք Հրանտ Մատթէոսեանի խօսքերն են՝ «Ծառերը» վիպակից։
Մատթէոսեանի այս մարգարէական բանաձեւն հիմա ամենօրեայ ապրում է ու մտրակող ցաւ… Ցաւ, որովհետեւ մեր կողքին կայ զուգահեռ մի իրականութիւն, ուր ամենօրեայ ռիթմով բախւում ենք անասունի կերպը նախընտրած «մարդկանց» տեսակին, ու նրանք քիչ չեն…: Նրանք հիմա պարարտ հող ունեն ու լծւել են ոգեղէն Հայաստանի փլուզմանը։
Հրահանգն այդպիսին է. եւ տեսակային վիրտուոզ սելեկցիան սրանց ջրի երես է հանել՝ կենսական դաշտ ապահովելով հնարաւոր ամենանողկալի որակների դրսեւորման համար…
Սրանցը ուրացումն է՝ պատմութիւնից մինչեւ հաւատ, դասագրքից մինչեւ եկեղեցի, անգամ սեփական կենսագրութիւն…
Այն տեսակի սրբազան փարոսները պաշտօնն ու փողն են։ Սրանք պատրաստ են կեանքի «սկզբունքներ ու համոզումներ» խմբագրել՝ ջրի երեսին մնալու ու յընթաց քամիներին ներդաշնակ լինելու, լափամանին մօտ ու յարմարաւէտ տեղաւորւելու համար։
Սրանց թւում է, թէ եկել է ապրելու, իրենց ապրելու ժամանակը՝ առանց հասկանալու, որ չկայ ներկայ առանց անցեալ։
Սրանք չգիտեն կամ չեն ուզում իմանալ, որ անցեալն իրենց ու մեր հաւաքական ինքնութեան մասն է, նոյնքան ներկայ։
Սրանք չեն հասկանում, կամ չեն ուզում հասկանալ, որ նիկոլի, ալիեւի կամ էրդողանի հրահանգով գրած պատմութեան մէջ իրենք էլ չկան, իրենք էլ են դառնում անպէտք ոչ մի բան, օգտագործւած ու շպրտւած ոչ մի բան, ոչնչութիւն, զրօ…
Սրանք չեն հասկանում, որ անգամ իրենք իրենց պէտք չեն, իրենք ինքնաընկալում էլ չունեն, իրենք իրենց ընթացիկ, ճղճիմ ու այսրոպէական շահից դուրս չկան…
Անհայրենիք էս տեսակը սրբութիւն չունի, չունի նաեւ անձնական ինքնորոշման կայուն յենարան։
Սրանք չգիտեն կամ ունակ չեն ընկալելու, որ պատմութիւնն ու անցեալը մեր ինքնութեան մասն են, չկայ ներկայ առանց անցեալ։ Ի վերջոյ, չկայ ազգ առանց պատմութեան։
Սա մշտապէս տէր փնտրող անողնաշար տեսակն է, ուժի դէմ քծնող ու ճկւող, արմատից թոյլ, բայց պոռոտախօս ու ոչնչատեսիլ։
Ի վերջոյ, պատեհապաշտ այս տեսակը թերագնահատում է մեր հաւաքական յիշողութիւնը։ Իսկ մենք հօ լաւ ենք յիշում իրենց պատերից չիջնող նախկինների նկարները, նախկիններին քսմսւելու ու մի բան թռցնելու կայուն վարքը, ազատամարտն ու հայրենասիրութիւնը բիսնեսի ու բաժակաճառի վերացրածների սրանց սին ու անբարո արժեքները։
Իրենք, վստահաբար, Այթմատով չեն կարդացել եւ չգիտեն, որ յիշողութիւնից բռնի զրկւածին ու սեփական արմատները չճանաչողին մանկուրտ են կոչում, ու սա հին սելջուկեան փորձւած միջոց է՝ հաւատարիմ ու անուղեղ ստրուկներ բուծելու միջոց…
Իսկ թուրքը՝ նաեւ ներքինը, վաղուց մտել է մեր կենսական տարածքներ, ուր հորթի անմեղութեամբ շարունակում են ապրել նաեւ ձեր զաւակները։
ԱՄՕԹԻ ՈՒ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՆԿՈՒՄԻ ԱՅՍ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԵՆ, դուք մնալու էք գլխիկոր։
Ձեզ չեն կարող հանգիստ թողնել իրական հերոսների փառքն ու ոգին…
Յ. Գ. – Արգահատելի են նաեւ նրանք, ովքեր այս պղծումի/ինքնասպանութեան/ լուռ ու հաշտ վկան են։
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր