ԹեհրանՀամայնք

ԽՕՍՔ ԴԱՏԱՊԱՐՏԱՆՔԻ

Ցաւով տեղեկացանք Իսրայէլի կողմից Լիբանանի մայրաքաղաք Բէյրութի Դահիա թաղամասի վրայ յարձակման հետեւանքով լիբանանեան «Հեզբօլլահ» շարժման առաջնորդ Սէյէդ Հասան Նասրօլլահի եւ նրա զինակիցների նահատակութեան մասին:

Բէյրութի Դահիա թաղամասի վրայ հերթական յարձակումը ոչ այլ ինչ էր, քան մարդկութեան դէմ յանցագործութիւն եւ պատերազմական ոճրագործութիւն, որը կրկին բացայայտեց այդ ռեժիմի հակամարդկային եւ ահաբեկչական բնոյթը:

Խստօրէն դատապարտում ենք Պաղեստինի եւ Լիբանանի ժողովրդների դէմ Սիոնիստական յանցագործ ռեժիմի կողմից իրականացւող անմարդկային յարձակումները, եւ անսալով Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէիի կոչին՝ կանգնած ենք Պաղեստինի եւ Լիբանանի ժողովրդների կողքին: Համոզւած ենք, որ քաղաքակիրթ աշխարհն անյապաղ միջոցներ պէտք է ձեռնարկի կասեցնելու համար այս ռեժիմի ոճրագործութիւնները, որոնք խիստ վտանգաւոր մարտահրաւէրներ են՝ ուղղւած տարածաշրջանի խաղաղութեանը, կայունութեանը եւ անվտանգութեանը:

Ցաւակցում ենք Լիբանանի ժողովրդին, Կառավարութեանը եւ բոլոր զոհերի ընտանիքներին, հարազատներին եւ բարեկամներին: Ամենակարող Աստծուց Սէյէդ Հասան Նասրօլլահի եւ միւս բոլոր նահատակների հոգիների համար հայցում ենք հոգու խաղաղութիւն, եւ աղօթում ենք աշխարհի ու մեր տարածաշրջանի խաղաղութեան եւ անդորրի համար:

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

ԵՒ Թ. Հ. Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

29.09.2024 թ.

Related Articles

Back to top button