ԵԱՀԿ Մինսկի խմբի շուրջ նոր իրավիճա՞կ կը ստեղծւի

Օրերս ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգէյ Կոպիրկինն անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունէութեան վերականգնման թեմային։ Հայաստանում Ռուսաստանի դեսպանը 24News-ին տւած հարցազրոյցում յայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման մանդատով օժտւած ԵԱՀԿ Մինսկի խումբը դէ-ֆակտօ չի աշխատում։ Նա յիշեցրել է, որ ԵԱՀԿ ՄԽ արեւմտեան համանախագահներն են հրաժարւել աշխատել ՌԴ համանախագահի հետ՝ նրան փաստի առջեւ կանգնեցնելով։
«Հիմա իրավիճակն իհարկէ փոխւել է։ Բայց դժւար է պատկերացնել, թէ ինչ ձեւաչափով կաշխատի ԵԱՀԿ ՄԽ-ն, երբ համանախագահներից մէկը, փաստօրէն, ռուսատեաց դիրք է զբաղեցնում, երկրորդը՝ գերագնահատում է իր դիրքը ՌԴ-ի նկատմամբ։ Բացի այդ, որպէսզի ԵԱՀԿ ՄԽ-ն աշխատի, պէտք է լինի բոլոր կողմերի համաձայնութիւնը։ Անմիջականօրէն ներգրաււած երկրները պէտք է պայմանաւորւեն դրա շուրջ»,- ասել է ռուս դիւանագէտը։
Բացի այդ, նա ընդգծել է, որ կարեւոր է՝ տարածաշրջանի գործերով զբաղւեն տարածաշրջանային երկրները, ինչպէս նաեւ բացառւի երրորդ ուժերի միջամտութիւնը դրսից, որպէսզի կանխւի Հարաւային Կովկասում ընթացող գործընթացների խեղաթիւրումը:
Հարկ է նշել, որ ադրբեջանական կողմը ձգտում է Հայաստանի հետ համատեղ դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման համար: Նիկոլ Փաշինեանը նշել էր, որ դէմ չէ այդ քայլին։ Իսկ յունւարին իր հրապարակած 12 առաջարկներից մէկով Փաշինեանն ամրագրել էր, որ առաջարկում է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։
«Երեւանն ու Բաքուն պէտք է նաեւ հրաժարւեն միմեանց նկատմամբ առաջադրւած պահանջներից, ներառեալ, բայց ոչ միայն միջազգային դատական ատեաններում, աշխատեն խաղաղութեան պայմանագրի կէտերի ամբողջական եւ արդիւնաւէտ իրագործման վրայ, սպառազինութիւնների փոխադարձ վերահսկման, քւոտաւորման, կիրառման սահմանափակումների շուրջ բանակցելու մեխանիզմ ձեւաւորեն, երկու երկրներից փախստականների հետ կապւած հարցերը քննարկեն ամբողջութեան մէջ, խաղաղութեան հաստատումից յետոյ ձեւաւորելով համատեղ մասնագիտական, փորձագիտական յանձնաժողով, ինչպէս նաեւ լուծարեն ԵԱՀԿ Մինսկի խումբը»,- նշել էր նա։
Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների վերսկսման ճանապարհին առկայ աշխարհաքաղաքական բարդ խնդիրներին ու կողմերի պաշտօնական դիրքորոշումներին, Երեւանում քաղաքական, փորձագիտական եւ հասարակական շրջանակներից շատերը գտնում են, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը ԼՂ հակամարտութեան կարգաւորման միջազգայնօրէն միակ մանդատ ունեցող հարթակն է, չպէտք է լուծարւի, քանի որ հակամարտութիւնը կարգաւորւած չէ։
Ռուս վերլուծաբան Ֆեոդոր Լուկիանովը 168.am-ի հետ զրոյցում արձանագրեց, որ յետպատերազմեան տեւական ժամանակահատւածում, երբ Ռուսաստանի ու Արեւմուտքի միջեւ աշխարհաքաղաքական առճակատում սկսւեց Ուկրաինայի շուրջ, ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը յայտնւեց վերջնական փակուղում, ապա՝ զրոյացաւ։
Ըստ նրա, այդ իրավիճակում բարդ կը լինէր այդ խմբի համար այլ ելք պատկերացնել, քանի որ վերջին տարիներին մենք ականատես եղանք աշխարհակարգի փլուզման, որի տարրն էր նաեւ ԵԱՀԿ ՄԽ-ի հետ տեղի ունեցածը։
«Եթէ աւելի վաղ Մոսկւայի ու Արեւմուտքի միջեւ կային խնդիրներ, այդ խումբը կարողանում էր այնուամենայնիւ աշխատել, ճանաչելով դրանում ՌԴ դոմինանտ դերակատարութիւնը։ Պատերազմից յետոյ ուկրաինական իրադարձութիւններին զուգահեռ՝ Արեւմուտքը սկսեց ազդեցութեան գօտիների վերանայման գործընթաց, շահերը եւ նպատակները փոխւեցին, ուստի ԵԱՀԿ ՄԽ-ն աշխարհաքաղաքական առումով եւս դարձաւ անհետաքրքիր կառոյց»,- բացատրեց Լուկիանովը։
Ներկայումս, սակայն, նրա խօսքով, մենք գտնւում ենք աշխարհաքաղաքական ակտիւ տրանսֆորմացիոն փուլում։ Այդ տրանսֆորմացիաներն, ըստ նրա, վերաբերում են Ռուսաստան-ԱՄՆ յարաբերութիւններին, ստեղծւելու է այդ յարաբերութիւնների նոր ճարտարապետութիւնը, ինտենսիւ տրանսֆորմացիոն գործընթացներ են նաեւ եւրոպական մայրցամաքում, որոնք վերաբերում են ընդհանուր առմամբ Արեւմուտքին։
«Ուստի դեռ հնարաւոր չէ ասել, թէ այս ամէնի վերջնարդիւնքում յարաբերութիւնների ինչպիսի իրավիճակ կը հաստատւի։ Այս պահին հնարաւոր չէ ոչինչ բացառել։ Ռուսական դիւանագիտութիւնն Արեւմուտքի հետ բանակցութիւնների ֆոնին չի կարող բացառել որեւէ հեռանկար։ Հակւած եմ կարծել, որ նոր մոդելներ ձեւաւորելու անհրաժեշտութիւն կայ։ Կարծում եմ՝ ռեգիոնալ երկրներն իրենք են շահագրգիռ քննարկելու ռեգիոնում առկայ հակամարտութիւնները։ Դա ցանկանում է ե՛ւ Իրանը, ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Թուրքիան, իսկ Ադրբեջանի ու Հայաստանի պարագան այլ է, քանի որ նրանցից իւրաքանչիւրն այս հարցում առաջնորդւում է իր առանձին շահերով․ Երեւանը ցանկանում է արեւմտեան միջնորդութիւն եւ հովանի, իսկ Բաքուն՝ գործընթաց՝ առանց միջնորդների։
Ցանկացած պարագայում, բացի արտաքին դերակատարներից, կողմերը եւս պէտք է կողմ լինեն որեւէ ձեւաչափում աշխատել, սակայն մենք հասկանում ենք, որ դա եւս կախւած է աշխարհաքաղաքական զարգացումներից։ Եթէ դրանք բարենպաստ լինեն ռեգիոնալ դերակատարների համար, ապա, բնականաբար, նրանք հէնց ռեգիոնալ հարթակներն առաջ կմղեն։
Սակայն ՌԴ դիւանագիտութեան կողմից այս հարցը չբացառելը պայմանաւորւած է ռուս-ամերիկեան բանակցութիւններում առաջընթացով եւ դրա հեռանկարներով, այն հեռանկարով, որ հնարաւոր է գտնել որոշակի ընդհանուր շահեր ՌԴ-ի ու ԱՄՆ-ի միջեւ՝ բացի Ուկրաինայից՝ այլ ռեգիոններում համագործակցութեան հարցում։ Սակայն ԵԱՀԿ ՄԽ-ի վերականգնման համար միայն ՌԴ-ի ու ԱՄՆ-ի դիրքորոշումները բաւարար չեն, յատկապէս, երբ Ֆրանսիան ներկայումս փորձում է ղեկավարել եւրոպական քաղաքականութիւնն ընդդէմ Ռուսաստանի»,- նման մեկնաբանութիւն արեց վերլուծաբանը։