Այլ

Գիտնականները արեան մէջ մոլեկուլներ են յայտնաբերել, որոնք վաղ մանկութեան տարիքում ազդում են երեխաների զարգացման վրայ

Մաքմասթեր համալսարանի հետազօտողները արեան մէջ փոքր մոլեկուլներ են յայտնաբերել, որոնք վաղ տարիքում կարող են ազդել երեխաների զարգացման վրայ եւ ցոյց են տւել, թէ ինչպէս են սննդակարգը, վաղ կենսական փորձը եւ աղիքների առողջութիւնն ազդում երեխայի աճի եւ նրա ճանաչողական կարողութիւնների վրայ:

Մաքմասթեր համալսարանի թիմը, բրազիլացի գիտնականների հետ համագործակցութեամբ, վեց ամսականից հինգ տարեկան աւելի քան 5000 երեխաներից վերցւած արեան նմուշների ոչ նպատակային նիւթափոխանակային վերլուծութիւն են կատարել Բրազիլիայում մանկական սննդի ազգային  հետազօտութեան շրջանակներում:

Գիտնականները պարզել են, որ մի քանի մետաբոլիտներ՝ փոքր մոլեկուլներ, որոնք մարդու նիւթափոխանակութեան եւ մանրէների ֆերմենտացման կողմնակի արտադրանք են եւ յայտնի են որպէս ուրեմիկ տոքսիններ, հակադարձ համեմատական են զարգացման արդիւնքների հետ:

Պրոֆեսոր Ֆիլիպ Բրից-Մաքքիբինը եւ նրա թիմը կիրառել են բարձր արդիւնաւէտութեան մօտեցում ոչ նպատակային մետաբոլիտների պրոֆիլաւորման համար՝ լայնածաւալ ուսումնասիրութիւնները դարձնելով աւելի արագ եւ հասանելի:

Սա թոյլ է տւել նրանց յայտնաբերել անսպասելի մետաբոլիտներ, որոնք կապւած են նորածինների եւ մանուկների զարգացման հետ: Նրանց վերլուծութեան արդիւնքները հրապարակւել են eLife ամսագրում։ Հետազօտողները կենտրոնացել են արեան մետաբոլիտների վրայ, որոնք փոխկապակցւած են ճանաչողական զարգացման վաղ փուլերի հետ՝ օգտագործելով զարգացման գործակից (DQ) կոչւող ցուցանիշը:

Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնն օգտագործում է այս ցուցանիշը՝ պարզելու, թէ արդեօք երեխաները համապատասխանում են իրենց տարիքին սոցիալական եւ ճանաչողական զարգացման հարցում:

Գիտնականների այս նոր մօտեցումը յանգեցրել է մի քանի կենսաբանօրէն ակտիւ մետաբոլիտների բացայայտմանը, որոնք առաւել յաճախ կապւած են երիկամների քրոնիկ հիւանդութեան հետ, ինչը թոյլ է տալիս ենթադրել, որ դրանց մակարդակի նոյնիսկ աննշան աճը կարող է նպաստել վաղ մանկութեան տարիքում բորբոքմանը եւ զարգացման յապաղմանը:

News.am

Related Articles

Back to top button