Այլ

Կաթնաշոռը, սոյայի պանիրը եւ ոսպը նախաճաշին կարող են փոխարինել ձւին

Սոյայի տոֆու պանիրը, կաթնաշոռը եւ ոսպը կարող են նախաճաշին լիովին փոխարինել սպիտակուցներով հարուստ հաւի ձւին։ Դրա մասին բժշկագիտական Health News հանդէսին յայտնել է ԱՄՆ Ռոդ Այլենդի համալսարանի սննդաբան Դալիա Բէյդունը։

Ըստ բժշկի՝ միսն ու ձուն սննդակարգում սպիտակուցի հիմնական աղբիւրներից են։ Ձուն արագ է պատրաստւում եւ հեշտ էլ մարսւում է, բայց վաղ թէ ուշ ձուն սկսում է ձանձրացնել։

Բէյդունն առաջարկում է բազմազան դարձնել սննդակարգը սոյայի հատիկներից պատրաստւած բուսական ծագման մթերքով՝ տոֆուով: Համակազմւածքով եւ պատրաստման տեխնոլոգիայով տոֆուն նման է փափուկ պանրի: Սննդաբանը նշել է, որ այս մթերքը հարուստ է ոչ միայն սպիտակուցներով, այլեւ բջջանիւթով ու առողջարար ճարպերով։ Տոֆուն կարելի է տապակել թաւայի մէջ կամ ուտել մի կտոր հացի ու կանաչիի հետ։

Արագ եւ առողջ նախաճաշի մէկ այլ տարբերակ էլ ոսպն է։ Մէկ բաժակ ոսպը մօտ 18 գրամ սպիտակուց է պարունակում։ Սննդաբանը նշում է, որ ոսպն, ի տարբերութիւն հատիկաընդեղէնի այլ տեսակների, նախապէս թրջելու կարիք չկայ։ Բաւական է ոսպը շոգեխաշել եւ համեմել ըստ ճաշակի, որպէսզի ճաշատեսակը ամբողջական դառնայ։

Երրորդ այլընտրանքը կաթնաշոռն է։ Այս մթերքը պարունակում է ե՛ւ սպիտակուցներ, ե՛ւ ճարպեր, ուստի ճաշատեսակը պէտք է հաւասարակշռել՝ ածխաջրեր աւելացնելով: Մրգերը կատարեալ են ճաշատեսակի քաղցր տարբերակի համար, իսկ լոլիկը, վարունգը եւ ձիթապտուղը կօգնեն կաթնաշոռը միջերկրածովեան ոճի աղցանի վերածել:

News.am

Related Articles

Back to top button