Աղքատութիւնը մէկ երրորդով մեծացնում է կաթւածի ռիսկը

Թասմանիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ ցածր սոցիալ-տնտեսական կարգավիճակ ունեցող մարդիկ 33%-ով աւելի յաճախ են կաթւած ստանում՝ համեմատած բնակչութեան աւելի ապահովւած խաւերի հետ։ Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Journal of Stroke and Cerebrovascular Diseases ամսագրում։
Հեղինակները վերլուծել են Թասմանիայի բնակիչների բժշկական տւեալները, ներառեալ հոսպիտալացումները եւ մահւան ելքերը՝ 2007-ից մինչեւ 2020 թւականն ընկած ժամանակահատւածի համար։ Վերլուծութիւնը ցոյց է տւել, որ սոցիալական դիրքը ուղղակիօրէն կապւած է անօթային հիւանդութիւնների զարգացման ռիսկի հետ։ Մասնաւորապէս, պարզւել է, որ ցածր սոցիալ-տնտեսական կարգավիճակ ունեցող մարդիկ 33%-ով աւելի յաճախ են տառապում ինսուլտներից (կաթւածներից)։
Հետազօտողների խօսքով՝ ցածր եկամուտ ունեցող մարդկանց մօտ աւելի յաճախ են հանդիպում հիպերտոնիա, սրտի ախտաբանութիւններ, շաքարախտ եւ նիւթափոխանակութեան խանգարումներ։ Բնակչութեան նման խմբերում աւելի յաճախ են ախտորոշւում նաեւ մարսողական եւ իմունային համակարգերի, իսկ երբեմն էլ ուռուցքաբանական հիւանդութիւններ՝ նոյնիսկ երիտասարդ տարիքում։
Հեղինակները նշում են, որ առանցքային դեր է խաղում բժշկական օգնութեան եւ կանխարգելիչ ծրագրերի սահմանափակ հասանելիութիւնը։ Նրանք ընդգծում են, որ առողջապահութեան հասանելիութեան պայմանների հաւասարեցումը եւ սոցիալապէս խոցելի խմբերում կանխարգելման ընդլայնումը կարող են զգալիօրէն նւազեցնել կաթւածից եւ սրտանօթային այլ հիւանդութիւններից մահացութիւնը։
News.am



