Այլ

Յաճախակիօրէն գերմշակւած սնունդ օգտագործող կանանց մօտ ԴՆԹ-ի փոփոխութիւններ են նկատւում

Վերջերս կատարւած ուսումնասիրութիւնը ցոյց է տւել, որ այն կանայք, ովքեր յաճախ օգտագործում են գերմշակւած սնունդ, զգալի փոփոխութիւններ են ունենում ԴՆԹ-ի մեթիլացման մէջ՝ գէների գործառոյթը կարգաւորող քիմիական մարկերներում։

Գիտնականները կարծում են, որ սա կարող է լինել սննդի հետ կապւած կենսաբանական տեղաշարժերի վաղ նշան եւ բացատրել են, թէ ինչպէս են ամենօրեայ սննդային սովորոյթներն ազդում օրգանիզմի վրայ մոլեկուլային մակարդակով։

Ուսումնասիրութիւնը, որի արդիւնքները հրապարակւել են «Nutrients» ամսագրում, իրականացւել է 20-40 տարեկան տարբեր մարմնի զանգւածի ինդեքս ունեցող կանանց շրջանում։ Մասնակիցները մի քանի օր մանրամասն սննդային օրագրեր են պահել, ինչից յետոյ հետազօտողները հաշւարկել են գերմշակւած մթերքներից՝ քաղցրաւենիքից, չիփսերից, ըմպելիքներից, պատրաստի ուտեստներից եւ այլ խիստ մշակւած արտադրանքներից ստացւած էներգիայի բաժինը։ Այնուհետեւ համեմատւել են երկու ծայրայեղ խմբերը՝ նրանք, ովքեր ամենաքիչն էին կերել այդպիսի սնունդը եւ նրանք, ովքեր ամենաշատն էին կերել։

Պարզւել է, որ այն կանանց մօտ, որոնք ունէին նման մթերքների օգտագործման բարձր մակարդակ, փոփոխւած է եղել ԴՆԹ-ի միանգամից 80 հատւածներում գտնւող մեթիլացումը եւ գրեթէ բոլոր դէպքերում նկատւել է դրա նւազում։ Այս հատւածներն առաւել յաճախ գտնւել են գէների կարգաւորման հետ կապւած գօտիներում։ Գիտնականները ենթադրում են, որ նմանատիպ փոփոխութիւնները կարող են կապւած լինել մետաբոլիկ եւ բորբոքային խանգարումների ռիսկի հետ, սակայն պատճառահետեւանքային կապը դեռ հնարաւոր չէ հաստատել. դրա համար աւելի շատ ուսումնասիրութիւններ են անհրաժեշտ։

Այսօր գերմշակւած մթերքները շատ երկրներում կազմում են օրական սննդակարգի մինչեւ կէսը։ Դրանք կապւած են ոչ միայն ճարպակալման, այլեւ հոգեկան եւ սրտանօթային առողջութեան վատթարացման, ինչպէս նաեւ կենսաբանական ծերացման արագացման հետ։ Նոր աշխատանքն ընդամէնը ընդգծում է, որ այն, ինչ մենք ուտում ենք, կարող է հետք թողնել նոյնիսկ մեր գէների կառուցւածքում։

News.am

Related Articles

Back to top button