Այլ

Օրական 5000 քայլը կարող է պաշտպանել ուղեղը Ալցհէյմերի հիւանդութիւնից

Նոր երկարաժամկէտ ուսումնասիրութիւնը ցոյց է տւել, որ ամենօրեայ ֆիզիկական վարժութիւնների քանակի աւելացումը կարող է օգնել դանդաղեցնել ուղեղում Ալցհէյմերի հիւանդութեան հետ կապւած վաղ փոփոխութիւնները։ Հետազօտողները 14 տարի շարունակ դիտարկել են գրեթէ 300 տարեց մարդկանց եւ պարզել, որ այն մարդիկ, ովքեր արդէն ունեցել են բետա-ամիլոիդի բարձր մակարդակ (Ալցհէյմերի հիւանդութեան վաղ նշան), յիշողութեան եւ մտածողութեան ունակութիւնները աւելի դանդաղ են կորցրել՝ ֆիզիկապէս ակտիւ լինելու դէպքում։ Ուսումնասիրութեան համաձայն՝ ամենօրեայ շարժումների նոյնիսկ փոքր կամ չափաւոր քանակութիւնը մեծ նշանակութիւն է ունեցել։ Ընդ որում, ուսումնասիրութիւնը ցոյց է տւել, որ այն չափահասների մօտ, ովքեր օրական քայլել են 5000-ից մինչեւ 7500 քայլ, մտածողութեան ունակութիւնները նւազել են երկու անգամ աւելի դանդաղ, քան այն մարդկանց մօտ, ովքեր հիմնականում աւելի պասիւ են եղել։

Բացի այդ, շարժումների քանակի աւելացումը յատուկ օգուտ չի բերել, ինչը վկայում է այն մասին, որ մարդիկ պարտադիր չէ, որ օրական 10000 քայլ կատարեն արդիւնք տեսնելու համար։

Ուսումնասիրութիւնը, որի արդիւնքները հրապարակւել են «Nature Medicine» ամսագրում, նաեւ ցոյց է տւել, որ ֆիզիկական վարժութիւնները չեն դանդաղեցնում բետա-ամիլոիդի կուտակումը։ Ընդհակառակը, դրանք կապւած են եղել տաուի աճի դանդաղեցման հետ. տաուն ուղեղի եւս մէկ թունաւոր սպիտակուց է, որը, փորձագէտների կարծիքով, անմիջական դեր է խաղում բջիջների վնասման գործում։

Այսօր գրեթէ 7 միլիոն ամերիկացի է տառապում Ալցհէյմերի հիւանդութեամբ եւ ակնկալւում է, որ մինչեւ 2060 թւականը այդ թիւը կը կրկնապատկւի։ Չնայած, որ ներկայումս հասանելի են երկու դեղամիջոց՝ «Լեքեմբի»-ն եւ «Քիսունլա»-ն, հիւանդութեան ընթացքը դանդաղեցնելու համար, բժիշկներն ասում են, որ կենսակերպի սովորութիւնները, ինչպիսին ֆիզիկական ակտիւութիւնն է, դեռեւս կարեւոր են։

Քանի որ ուսումնասիրութիւնը զուտ դիտողական բնոյթ է կրել, այն չի ապացուցում, որ ֆիզիկական վարժութիւններն անմիջականօրէն կանխում են Ալցհէյմերի հիւանդութիւնը։

Սակայն փորձագէտներն ասում են, որ այն հաստատում է ուսումնասիրութիւնների աճող թիւը, որոնք ցոյց են տալիս, որ շարժումը «փոփոխելի ռիսկի գործօն» է, այսինքն՝ դա մի բան է, որը մարդիկ կարող են փոխել՝ ուղեղի առողջութիւնը բարելաւելու համար։

News.am

Related Articles

Back to top button