Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի գործունէութեան շրջանն աւարտւելով, շրջանաւարտ Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը գնահատեց Խորհրդին ենթակայ խորուրդների եւ մարմինների ծաւալած 32-ամսեայ դրական գործունէութիւնը:
Այդ առիթով, ստորեւ ներկայացւում է իւրաքանչիւր մարմնի եւ խորհրդի գործունէութեան ամփոփ զեկոյցը՝
Կրթական Խորհուրդ, որը Թեմական խորհրդի հետ համախորհուրդ հետամուտ է եղել կրթական ասպարէզում Հայոց դպրոցների կրթադաստիարակչական ընդհանուր գործունէութեանը:
Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ կազմակերպւած դպրոց առ դպրոց ծնողների եւ ծնողական խորհուրդների հանդիպումներին մասնակից են եղել Թեմական խորհրդից երկուական ներկայացուցիչ, իսկ նաեւ Թեմական խորհրդի ատենապետ Նորայր Արամեանը, ընկերակցութեամբ Կրթական խորհրդի ներկայացուցիչների, պարբերաբար այցելել է թեմիս հայկական դպրոցներ եւ մանկապարտէզներ:
Կրթական խորհրդի գործունէութեան ընթացքում հանդիպումներ են կայացել՝ Սրբազան Հօր, Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի, Թեմական խորհրդի, Ուսումնադաստիարակչութեան ժամանակի նախարար՝ դոկտ. Իւսէֆ Նուրիի եւ նորանշակ նախարար՝ դոկտ. Ռեզամորադ Սահրայիի, 6-րդ շրջանի կրթադաստիարակչութեան կենտրոնի նորանշանակ տնօրէն՝ Զիափուրի, 8-րդ շրջանի կրթադաստիարակչութեան կենտրոնի պատասխանատուների, ասորի Քաղդեական, Կաթոլիկ եւ Արեւելեան ասորի եկեղեցիների ներկայացուցիչների, Թեհրանի դպրոցները սարքաւորումներով օժտող, զարգացնող եւ վերանորոգող կազմակերպութեան տնօրէն՝ Հասան Փուրի, Մարիամ հաստատութեան, Հայ Բարեգործական Ընդհանուր միութեան ներկայացուցիչների եւ Աւետարանական եկեղեցւոյ ներկայացուցիչ՝ Վերապատւելի Սերգէյ Շահվերդեանի, Կրթական խորհրդի ենթայանձնախմբերի, նաեւ հայկական դպրոցների տեսչութեան, հայ փոխտեսուչ-ուհիների, ուսուցիչ-ուհիների եւ ծնողական խորհուրդների ու ծնողների հետ:
Կրթական խորհուրդն իրականացրել է՝
- Հայեցի դաստիարակութիւն թեմայով ուսումնասիրութիւն՝ համագործակցութեամբ դոկտ. Ալիս Խաչեանի:
- «Հայեցի դաստիարակութիւն» թեմայով ուսումնասիրութիւնների շրջանակներում կազմակերպւել է մէկօրեայ խորհրդաժողով, ներկայութեամբ՝ Թեմական եւ Կրթական խորհուրդների ներկայացուցիչների, հայ տեսուչ-ուհիների, փոխտեսուչ-ուհիների, Հայոց լեզւի ու Կրօնի ուսուցիչուհիների, կրթական խորհրդի ենթայանձնախմբերի անդամների եւ դպրոցներում պաշտօնավարող հոգեբանների: Խորհրդաժողովի նպատակն էր ներկայացնել համայնքում հայեցի դաստիարակութեան արդի հիմնախնդիրները եւ դրանք հարթելու վերաբերեալ առաջարկները:
- Խորհրդատւական տեղեկատւական հանդիպում՝ 7-րդ, 8-րդ եւ 9-րդ դասարանների աշակերտների համար՝ «Ծանօթացում 10-րդ դասարանի ուսումնական ճիւղերի հետ» թեմայով:
- Կոնկուրսի եռօրեայ բացառիկ լսարաններ՝ 12-րդ դասարանի աշակերտների համար:
- Լսարաններ փոխտեսուչ-ուհիների համար, որտեղ ընդգրկւած են եղել՝ «Դրդապատճառներ եւ պատճառներ», «Հայացքներ եւ հաղորդակցութիւն» եւ «Գնահատման կարեւորութիւնը եւ նոր ծրագրերի մշակումը, մեր աշխատանքի յառաջադիմութեան մէջ» թեմաները:
- Դասախօսութիւններ Հայոց լեզու եւ Կրօն դասաւանդող ուսուցիչ-ուհիների համար, որտեղ ընդգրկւած են եղել՝ «Դասաւանդման աւանդական, ժամանակակից եւ նորարարական մեթոդներ», «Դասարանի կառավարման ձեւեր», «Գնահատման կարեւորութիւն», «Սովորելու դրդապատճառներ» եւ «Քննութիւնների անցկացման ձեւեր» թեմաները:
- Յովհաննէս Թումանեանի մահւան 100-րդ տարելիցի առիթով կազմակերպւած աշակերտութեան 7-օրեայ ճամբար՝ մանակցութեամբ թւով 12 աշակերտ-ուհիների:
- Գիշերային արշաւներ՝ 5-րդ եւ 8-րդ դասարանների աշակերտ-ուհիների եւ Աշակերտական խորհուրդների մասնակցութեամբ:
Հայկական դպրոցների հնարաւորութիւնների բարելաւման ուղղութեամբ՝
- Վերանորոգւել է «Թունեան-Թովմասեան» դպրոցի սրահի յատակը:
- Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի ջանքերի շնորհիւ եւ 8-րդ շրջանի քաղաքապետարանի աջակցութեամբ «Շանթ-Մարիամեան» դպրոցում տեղադրւել է վերելակ:
- Մի խումբ բարերարների միջոցով նորոգւել է «Շանթ-Մարիամեան» դպրոցի բեմը:
- Ծնող բարերարի միջոցով «Ահարոնեան» մանկապարտէզի բակում տեղադրւել է շարժողական ծածկ եւ կատարւել են սանհանգոյցների հիմնական նորոգութիւնները:
- Նկատի ունենալով «Թունեան-Թովմասեան» օրդ. եւ «Նայիրի-Սողոմոնեան» տղայոց միջն. դպրոցներում Համակարգչային ճիւղի առկայութիւնը, Թեմական խորհրդի կողմից սայթի սենեակների համար գնւեցին թւով 24 համակարգիչներ, որոնց աւելացնելով Երկրի դպրոցները սարքաւորումներով օժտող, զարգացնող եւ վերակառուցող կազմակերպութիւնից թւով 10 համակարգիչները, ընդհանուր թւով 34 համակարգչով օժտւեցին յիշեալ դպրոցների սայթի սենեակները:
Նշելի է, որ ընթացիկ շրջանում Թեմական խորհուրդը 1.700.000.000.-ռիալ բիւջէ յատկացնելով, սուբսիդաւորել է Հայոց Լեզւի դասագրքերի տպագրման ծախսի մէկ բաժինը:
Տւեալներ՝
- Վերջին երեք ուսումնական տարեշրջաններում (2021-2022, 2022-2023, 2023-2024) Թեհրանում աշխատել են ընդհանուր թւով 13 դպրոց եւ 4 մանկապարտէզ, որոնցից 4 դպրոց եւ 1 մանկապարտէզ միութենական եւ յարանւանական են:
- 2022-2023 ուսումնական տարեշրջանում դպրոցներին եւ մանկապարտէզներին տրամադրւած սուբսիդը կազմել է 76.188.218.577.-ռիալ:
Ստորեւ ներկայացնում ենք վերջին երեք ուսումնական տարեշրջանների աշակերտութեան ընդհանուր թւային պատկերները՝
- 2021-2022 ուսումնական տարեշրջանում՝ 1673 աշակերտ-աշակերտուհի
- 2022-2023 ուսումնական տարեշրջանում՝ 1695 աշակերտ-աշակերտուհի
- 2023-2024 ուսումնական տարեշրջանում՝ 1648 աշակերտ-աշակերտուհի
- Նաեւ Ուրբաթօրեայ յաճախող աշակերտութեան թիւը՝
- 2021-2022 ուսումնական տարեշրջանում՝ 174 աշակերտ-աշակերտուհի
- 2022-2023 ուսումնական տարեշրջանում՝ 143 աշակերտ-աշակերտուհի
- 2023-2024 ուսումնական տարեշրջանում՝ 143 աշակերտ-աշակերտուհի
Յիշեալ խորհրդի հետ կապն է եղել՝ Անի Միրզախանեանը:
***
Կտակա-կալւածային Մարմին, որը համաձայն թեմի կանոնագրութեան, հետամուտ է Թեհրանի եւ ենթակայ շրջանների թեմապատկան կալւածներին առնչւող աշխատանքներին:
Հարկ է ընդգծել յիշեալ մարմնի կարեւոր դերը անշարժ գոյքի ռեսուրսների շահաւէտ օգտագործման գործում: Այս կապակցութեամբ Թեմական խորհուրդը, Կտակա-կալւածային մարմնի հետ համագործակցաբար, ճշտել է թեմապատկան անշարժ գոյքերից առաւելագոյն գումար վաստակելու եւ միաժամանակ կառոյցիս կապիտալի կորուստը կանխարգելելու նպատակն իրագործելու ռազմավարութիւնը, չնայած որ երկրում տիրող տնտեսական ճգնաժամը եւ գների աննախադէպ սղաճը եւ ի դիմաց կառոյցիս ծախսերը եւ պարտաւորութիւնները խոչընդոտել են աշխատանքների բնականոն ընթացքը, սակայն բոլոր դժւարութիւններով հանդերձ երկամեայ գործունէութեան շրջանում գնւել է «Սողոմոնեան» անւամբ թեմապատկան շէնքի ներքնայարկում գտնւող առեւտրական գործառոյթով մէկ միաւորի փակագինը, վարձակալութեան են յանձնւել տարիներ պարպւած մնացած Բէյհաղի պողոտայում գտնւող թեմապատկան վեց միաւորները, արդիւնաւորւել է դոկտ. Սուլթանի անւամբ շէնքի թեմապատկան միաւորների ստացման գործընթացը նաեւ վերանայւել եւ օրւայ գներին համապատասխան թարմացւել են վարձակալութեան յանձնւած թեմապատկան կալւածների պայմանագրերը:
Յիշեալ մարմնի հետ կապն է եղել՝ Վահէ Թարոյեանը:
Թեմի ենթակայ շրջաններն են համարւում Արաք, Գորգան, Սարի, Ղազւին, Ռաշտ, Բանդար Անզալի եւ Մաշհադ քաղաքները:
Շրջաններում ի բացառեալ Մաշհադի, աշխատում է պատկան շրջանի Եկեղեցադպրոցական հոգաբարձութիւնը:
Թեմական խորհուրդն այս շրջանում, նկատի ունենալով շրջանների հեռաւորութիւնը եւ համայնքի թւային անկումը, առաւել կարեւորել է կալւածների տնօրինման հանգամանքը:
Հարկ է նշել, որ Անզալի քաղաքի թեմապատկան տարածքում բռնկւած հրդեհից առաջացած խնդիրներին վերահասութիւն տալու նպատակով, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի եւ Խորհրդի փոխատենապետ Վահէ Թարոյեանի այցելութիւններ են կատարւել յիշեալ տարածք, որտեղ հանդիպումներ են կայացել պատկան պատասխանատուների հետ:
Վերանորգման աշխատանքների կապակցութեամբ հաշւի առնելով Անզալի շրջանի կլիմայի եւ եղանակային տեղումների դժւարութիւնները, առաջին հանգրւանում ընթացքի մէջ դրւեց շէնքի տանիքի վերանորոգման աշխատանքները, որոնք արդէն իսկ աւարտւած են, սակայն լրացուցիչ վերանորոգման աշխատանքների համար ուսումնասիրութիւնները եւ աշխատանքների յստակեցման գործընթացն ընթացքի մէջ է:
***
Շինարարական Մարմին, որն ըստ իր առաքելութեան Թեմական խորհրդի կապի հետ անմիջական կապ հաստատելով, շարունակել է վերահասու լինել թեմապատկան բոլոր կալւածների, դպրոցների եւ եկեղեցիների շինարարական աշխատանքներին, հետեւել է աշխատանքների ընթացքին եւ արձագանգել է Թեմական խորհրդի կողմից Մարմնին ուղղւած նամակներին եւ յանձնարարութիւններին:
01.08.1400 թւականից մինչեւ 29.12.1402 թւականը, թեմապատկան կալւածների եւ շէնքերի իրագործւած նորոգութիւնների ծախսերը ներկայացւում են ըստ հետեւեալի՝
Կրթական համակարգ՝ 7.733.498.120.-ռիալ
Եկեղեցիներ՝ 17.768.239.294.-ռիալ
Հայոց զոյգ գերեզմանատներ՝ 8.202.118.600.-ռիալ
Թեմապատկան շէնքեր՝ 22.368.701.631.-ռիալ
Ազգային առաջնորդարան՝ 1.656.40.151.-ռիալ
Յիշեալ մարմնի հետ կապն է եղել՝ Հայկազ Շիրւանեանը:
***
«Ա. Աւետիսեան» ազգային բուժարան, որը հովանաւորութեամբ Թեմական խորհրդի եւ Խնամակալ մարմնի ջանքերի շնորհիւ շարունակել է համայնքին սպասարկել աւելի բարելաւած կարգավիճակով, սակայն բուժսպասարկութիւնների ընդլայնման եւ հասարակութեանը աւելի լաւ ծառայութիւններ մատուցել նպատակով, հիմնական աշխատանքը կենտրոնացած է եղել Բուժարանի կարգավիճակը բարեգործականից մասնաւոր դարձնելուն, որն արդիւնաւորւել եւ կատարելագործւել է բարեգործականից մասնաւորացման արտօնութեան փոխակերպումը:
Բուժարանում աշխատում են գերմասնագէտ եւ մասնագէտ բժիշկներ նաեւ փորձագէտներ:
Բուժարանի աշխատակազմի ընդհանուր թիւ 90 հոգի՝
- Անձնակազմ (staff)` 37 հոգի
- Ընդհանուր բժիշկ (پزشک عمومی) ՝ 9 հոգի
- Մասնագէտ բժիշկներ՝ 26 հոգի
- Բուժքոյրեր՝ 11 հոգի
- Փորձագէտներ՝ 7 հոգի
Յատկանշական է, որ դիմորդների թիւը ունեցել է ակնառու աւելացում՝ բժիշկների, անձնակազմի եւ ծառայութիւնների մատուցման որակի եւ քանակի բարձրացման շնորհիւ:
Վերջին տւեալների համաձայն 1403 թւականի խորդադ ամսում ընդհանուր դիմորդների թիւը կազմել է 12.837 հոգի:
Յիշեալ մարմնի հետ կապն է եղել՝ Լինդա Ղարախանեանը:
***
Կարիքաւորներին օժանդակող մարմին, որը Կարիքաւոր ընտանիքների սպասարկման աշխատանքներում, ոչ մի ջանք չխնայելով, շարունակւել են համայնքիս կարիքաւոր ընտանիքներին եւ խնամակալ չունեցող անհատներին կանոնաւոր կերպով ամսական նպաստների յատկացումը, բնակարանի վարձի կանխավճարի նպաստի, անակնկալ ծանր հիւանդութիւնների բուժման եւ վիրահատութեան ծախսերի որոշակի բաժնի յատկացումները եւ նիւթական դժւար պայմաններ ունեցող աշակերտութեան կրթաթոշակի վճարումը:
Ստորեւ ներկայացւում են վերջին տւեալները՝
- Մարմինը ամսական գումար տրամադրելով հովանաւորում է 100-ից աւել անհատ-ընտանիքների, ովքեր կանոնաւոր կերպով ստանում են նաեւ պարէնային կապոցներ: Օժանդակում է նաեւ միայն պարէն ստացող շուրջ 30 ընտանիքների։
- Ընթացիկ ժամանակահատւածում աւելի քան տասներկու անգամներ պարէնների բաժանում է կատարւել, 180-ից-200 ընտանիքների, որն իրականացել է նաեւ Նոր Տարւայ եւ Ս. Յարութեան (Զատիկ) տօնական օրերին նաեւ տարբեր առիթներում իսկ Ս. Ծննդեան տօնի առիթով նաեւ բաժանւել է տաք կերակուր:
- ԿՕՄ-ի հովանաւորութեան ներքոյ են տարբեր ծերանոցներում եւ հոգեբուժական կենտրոններում գտնւող թւով տասնվեց տարեցներ եւ հայորդիներ:
- Աւելի քան 15 դիմողների տրամադրւել է բնակարանի վարձակալման կանխավճարներ տրամադրելու օժանդակութիւն հիմնականում 100.000.000 ռիալ։ Բնականաբար բացառիկ պարագաներում նկատի են առնւում դիմողների պայմանները։
- Ընթացիկ ժամանակահատւածում ծանր հիւանդութիւների դէպքում շուրջ 22 դիմորդների պահանջարքի եւ հնարաւորութեան սահմաններում տարբեր գումարներ է յատկացւել:
- «Ա. Աւետիսեան» ազգային բուժարանի համագործակցութեամբ պարբերաբար բժիշկ է այցելել «Սահակեան» կենտրոն՝ բնակիչներին զննելու եւ հարկ եղած ստուգումները կատարելու։
- 2020 թւականից սկսեալ, մի շարք բարերարների օժանդակութեամբ Ամանորի սեմին 60 մանուկների համար պատրաստւել են նւէրներ, իսկ 2021 թւականից սկսել, իւրաքանչիւր ամիս նպաստ ստացող ընտանիքների զաւակների ծննդեան օրերը նշւել եւ նւէրով անակնկալներ են մատուցւել, որին այս շրջան աւելացել է նաեւ նւէրքարթ։ 2023-2024 ուս. տարեշրջանի սկզբին դպրոցների վերաբացման առիթով 45 աշակերտներ ստացել են ուսապարկ եւ գրենական պիտոյքներ։
- Կարիքաւորներին Օժանդակող մարմինը ներկայիս հոգում է 3 աշակերտի յատուկ բուժման ծախսերը:
- Վերջին ամսում, Կարիքաւորներին Օժանդակող մարմնի հովանաւորութեան ներքոյ կազմակերպւեց ծնողազուրկ երիտասարդ զոյգի հարսանեաց հանդէսը:
Կարիքաւորներին Օժանդակող մարմինը վերահասու է եղել նաեւ «Սահակեան» բարեսիրական կենտրոնի աշխատանքներին, որտեղ ներկայիս բնակւում են թւով 34 բնակութեան խնդիր ունեցող անհատներ եւ լիարժէք օգտագործւում են երկու յարկաբաժինները:
Յիշեալ մարմնի հետ կապն է եղել՝ Հայրիկ Աղանեանը:
***
Դատական Խորհուրդ, որը շարունակել է իր գործունէութիւնը ընտանեկան անհամաձայնութիւններին վերահասութիւն տալու հարցում:
Խորհուրդը 2021 թւականի մայիսի 1-ից մինչեւ 2024 թւականի յունիսի 30-ը ներառեալ ստացել է ընդհանուր 157 դիմումներ: Յիշեալ ժամանակաշրջանում 73 ապահարզան է ձեւակերպել:
Հարկ է նշել, որ Դատական խորհրդի գործունէութեան ընթացքի մէջ բարեփոխումներ կատարւելով եւ դատարանների հետ դատական գործընթացի կապակցութեամբ համապատասխանեցումների արդիւնքում, խորհրդին դիմող անձանց թղթածրարների գործընթացը ակնյայտօրէն կարգաւորւել են, նաեւ Ապահարզանի 44-րդ յօդւածի գործադրման պայմանների յստակեցման պահանջը եւ անհրաժեշտութիւնն զգացւելով համադրութիւներ են տեղի ունեցել պետական պատկան պատասխանատուների հետ եւ մասնագէտների համագործակցութեամբ լուծւել են 44-րդ յօդւածի բարդութիւններն ու դժւարութիւնները:
Յիշեալ խորհրդի հետ կապն է եղել՝ Վահէ Թարոյեանը:
***
Ուսանողական Ֆոնդի մարմին, որն ըստ իր առաքելութեան երիտասարդութեան ուսման կարեւորութիւնից ելնելով, Ֆոնդին յատկացւած ընդհանուր գումարներից գոյացած տոկոսային շահոյթը, որպէս կրթաթոշակի նպաստ տրամադրել է համեստ տնտեսական պայմաններում գտնւող ուսանողներին, որոնց ընդհանուր թիւը վերջին երեք ուս. տարեշրջաններում՝ 1400 թ. մինչեւ 1403 թւական, կազմել է 91 ուսանող իսկ նաեւ Թեմական խորհրդի կողմից հովանաւորւել են «Ազատ» համալսարանի Հայոց լեզւի եւ գրականութեան ամբիոնից թւով 7 ուսանողներ:
Ուսանողներին վճարւող տարեկան սակերը՝ գերդիպլոմ եւ Լիսանս մակարդակներում կազմել է՝ 24.000.000 ռիալ իսկ գերլիսանս մակարդակում 30.000.000 ռիալ:
Ստորեւ ներկայացւում է վերջին երեք ուսումնական տարեշրջաններում Ուսանողական ֆոնդի ուսանողների թւային պատկերը
ՏԱՐԵՇՐՋԱՆ | ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹԻՒ | ԳԵՐԴԻՊԼՈՄ | ԼԻՍԱՆՍ | ԳԵՐԼԻՍԱՆՍ |
1400-1401 | 33 | 3 | 25 | 5 |
1401-1402 | 37 | 3 | 28 | 6 |
1402-1403 | 21 | 3 | 17 | 1 |
Յիշեալ մարմնի հետ կապն է եղել՝ Աշոտ Սինանին եւ ապա Լինդա Ղարախանեանը:
***
Գերեզմանատան վարչութիւն, որն ըստ իր առաքելութեան վերահասու եւ հետամուտ է հայոց զոյգ գերեզմանատների՝ Դուլաբ 47.000 քմ. եւ Նոր Բուրաստան 200.000 քմ. տարածութիւն ունեցող տարածքների բարեկարգման աշխատանքներին, որոնց հնարաւոր է ամփոփել ըստ հետեւեալի՝
- Նոր Բուրաստան գերեզմանատան ներքին ղեկավարման բարելաւման առումով տեղի են ունեցել խորհրդակցական հանդիպումներ եւ այցելութիւններ:
- Լիարժէք աւարտւել է Նոր Բուրաստան գերեզմանատան տարածքում առկայ սրահի բարեկարգման եւ կահաւորման աշխատանքը, որի բացումը տեղի է ունեցել 2023 թւականի յունիսի 2-ին եւ անւանւել է «Նահատակաց սրահ» անունով: Այն օգտագործւում է որպէս ընդունելութեան սրահ՝ պետական այրերի այցելութիւնների ընթացքում իսկ նաեւ ցանկութեան դէպքում յուղարկաւորութիւններին մասնակիցների համեստ ընդունելութեան համար:
- Լիարժէք աւարտւել են Նոր Բուրաստան գերեզմանատան տարածքի հիւսիսային հատւածում նախատեսւած Քահանաների գրասենեակի եւ նաեւ երկու սանհանգոյցի ու լւացարանի կառուցումը:
- Նոր Բուրաստան գերեզմանատնում ձեռնարկւել են մի շարք աշխատանքներ՝ կանաչապատման եւ ծառատնկման կապակցութեամբ:
- Աւարտւել են Նոր Բուրաստան գերեզմանատան ամփոփման նոր տարածքի բետոնապատման աշխատանքները:
- Իրականացւել են աշխատանքներ՝ Նոր Բուրաստան գերեզմանատան դիարանի բարեկարգման համար:
- Լիարժէք բարեկարգւած վիճակում է Դուլաբի գերեզմանատան Ս. Յովհաննէս Մկրտիչ մատուռը:
- Անվտանգութեան նկատառումով, իրականացւել է Դուլաբի գերեզմանատան հիւսիսային եւ արեւելեան բաժինների պատերի փշալարեր ցանկապատի տեղադրման աշխատանքը:
- Շրջանի քաղաքապետարանի համագործակցութեամբ Դուլաբի գերեզմանատան տարածքը պարբերաբար մաքրւել է մոլախոտերից, չորացած ծառերից ու փայտերից:
Յիշեալ վարչութեան հետ կապն է եղել՝ Ռաֆիկ Մելիքսէթեանը:
***
Յարաբերական մարմնին եւ Հանրային կապին է յանձնարարւած ազգային առաջնորդարանի կայքէջում եւ սոցցանցերում, ներքին եւ արտաքին յարաբերութեան առնչակից բոլոր միջոցառումների եւ հանդիպումների արտացոլումը:
Ազգային առաջնորդարանի Հանրային կապի զոյգ գրասենեակների համագործակցութեամբ կազմւել եւ հանրութեանն է արտացոլւել՝
- Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի հովւական այցելութիւնները.
- Թեմական եւ կրօնական խորհուրդների լուրերը, յայտարարութիւններն ու հաղորդագրութիւնները.
- Եկեղեցական արարողութիւնները.
- Պետական այրերի եւ պատւիրարկութիւնների այցելութիւնները.
- Ազգային մարմինների գործունէութեան լուրերը.
Ստորեւ ներկայացնում ենք կառոյցիս սոցիալ ցանցերի հետեւորդների թւային պատկերը՝
- Instagram՝ 6583
- Telegram՝ 1503
- 2021 թւականի հոկտեմբեր ամսից մինչեւ 2024 թւականի յունիս ամսի աւարտը ազգային առաջնորդարանի կայքէջն ունեցել է 125.803 այցելու:
- Թեմական խորհրդի գործունէութեան ընթացքում Հանրային կապի գրասենեակի միջոցով 1533 լուր, հաղորդագրութիւն եւ յայտարարութիւն է տեղադրւել Ազգ. Առաջնորդարանի թելեգրամի սոցցանցում, իսկ էջի հետեւորդները 28% աճ է արձանագրել եւ միջին հաշւով իւրաքանչիւր լուրն ընթերցել են շուրջ 592 հոգի:
- Նաեւ նոր գծագրութիւն է ստացել ազգային առաջնորդարանի ինստագրամի էջը, որտեղ թւով 109 լուր՝ փոստի տարբերակով եւ 159 սթորի է տեղադրւել: Էջի հետեւորդները 35% աճ է արձանագրել 22 ամիսների ընթացքում եւ 5304 հետեւորդից հասել է 6583 հոգու:
Յիշեալ մարմնի հետ կապն է եղել՝ Մհեր Օհանեանը:
***
Թեմական խորհուրդը Ս. Աստւածածին եկեղեցու շրջափակում աշխատող մարմնա-մտային խանգարումներով հայ երեխաներին օժանդակող՝ «Ակունք» կենտրոնի հետ ուղղակի հաղորդակից լինելու նպատակով, նշանակել է կապ, ունեցել է հանդիպումներ եւ հարկ եղած պարագային, Կենտրոնի նիւթական դժւարութեան նեցուկ է հանդիսացել: Կենտրոնը ներկայիս ունի 19 սան (10 տղայ ու 9 աղջիկ) եւ 8 պաշտօնեայ:
Յիշեալ կենտրոնի հետ կապն է եղել՝ Լինդա Ղարախանեանը:
***
Արցախում տեղի ունեցած իրադարձութիւններից տուժածներին եւ բռնի տեղահանւած արցախահայութեանը օժանդակող յանձնախումբ՝
Արցախում տեղի ունեցած իրադարձութիւններից տուժածներին եւ բռնի տեղահանւած արցախահայութեանը հնարաւոր միջոցներով օժանդակելու հրատապ օրակարգով, 20 եւ 26 սեպտեմբեր 2023 թւականին, Թեմական խորհրդի հրաւէրով, խորհրդակցական հանդիպումներ կայացան Ազգային Առաջնորդարանի դահլիճում եւ համայնքային օժանդակութիւնների կազմակերպչական աշխատանքների ձեւաչափը ճշտելու համար, անմիջապէս կեանքի կոչւեց յանձնախումբ, որն անմիջապէս լծւեց աշխատանքի:
Յանձնախմբի աշխատանքների, բարերարների օժանդակութիւնների եւ հայրենակիցների դրամական նւիրատւութիւնների շնորհիւ Հայաստան են ուղարկւել երեք մարդասիրական բեռներ՝ ընդհանուրը շուրջ 65 տոննա, որոնք փոխադրւել են ըստ հետեւեալի՝
- Առաջին փուլում Հայաստան փոխադրւած բեռնաքանակը պարունակել է՝ 2200 ադիալ, 10 տոննա մակարոն, 1200 կաթսաների հաւաքածու:
- Երկրորդ փուլում Հայաստան փոխադրւած բեռնաքանակը պարունակել է 16 տոննա հիգիենայի պարագաներ եւ 300 էլեկտրական վառարան:
- Երրորդ փուլի համար գնւել եւ փոխադրւել է 1500 էլեկտրական վառարան:
Իսկ առաքման եւ Արցախից տեղահանւած մեր հայրենակիցներին բաժանման աշխատանքներն իրականացւել են Հայ Օգնութեան միութեան միջոցով:
Հարկ է նշել, որ յանձնախումբը իր աշխատանքն աւարտին է հասցրել 2023 թւականի դեկտեմբեր ամսին:
***
Գործունէութեան շրջանի աւարտին, ճրտպ. Նորայր Արամեանը շրջանաւարտ Թեմական խորհրդի անունից երախտագիտութիւն ու շնորհակալութիւն յայտնեց Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսին, իր հայրական հոգածութեան համար, որ ցուցաբերում է մեր թեմի ժողովրդի եւ ժողովականութեան նկատմամբ եւ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանին, որ իր հայրական խորհուրդներով ու յորդորներով մասնակից եւ օգտակար է եղել խորհրդի աշխատանքներին: Շնորհակալութիւններ յայտնեց նախորդ շրջանի եւ նորընտիր Պատգամաւորական ժողովի՝ յարգարժան դիւանին եւ ժողովականներին, Հաշւեքննիչ մարմնին եւ Կրօնական խորհրդին, Անթիլիասի Ազգային Կենտրոնական վարչութեան Քաղաքական ժողովի նախկին անդամ՝ Թովմաս Թովմասեանին եւ նորընտիր անդամ՝ Յովսէփ Աւետեանին եւ Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանին՝ 32-ամսեայ գործունէութեան ընթացքում երկուստեք յարաբերութիւնների եւ համագործակցութեան կապակցութեամբ, նաեւ ազգային մարմիններում, Եկեղեցական խորհուրդներում եւ յանձնախմբերում աշխատող գործընկերներին, որոնց անմիջական համագործակցութեամբ հնարաւոր է դարձել իրագործել ներկայացւած աշխատանքները:
Շնորհակալութիւն յայտնեց նաեւ համայնքիս անդամներին եւ բոլոր նրանց, ովքեր տարբեր բնագաւառներում եւ աշխատանքներում սատարել եւ համագործակցութիւն են ցուցաբերել՝ Թեմական խորհրդի 32-ամսեայ գործունէութեան ընթացքում:
Ազգային առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակ