Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2024 թ․ եօթերորդ համարը
«Դրօշակ»-ի 2024 թ. յուլիսի համարն ընթերցողն այսօրւանից կարող է գտնել համացանցում: Պաշտօնաթերթի հերթական համարի առանցքում դարձեալ հայութեան եւ Հայաստանի տագնապալի ներկան է եւ մտահոգիչ հեռանկարը: «Հայ Դատ» խորագրի ներքոյ այս թեմային անդրադարձ է քաղաքագէտ Մարի Յովհաննիսեանի «Նիկոլ Փաշինեանի 2024 թւականի ապրիլքսանչորսեան ուղերձի եւ թուրք ժխտողների հռետորաբանութեան նմանութիւնները» յօդւածը: Յօդւածի խորագիրը յուշում է, թէ ինչի մասին է այն, իսկ մեր կողմից աւելացնենք միայն, որ հեղինակն ասելիքը հիմնաւորում է կոնկրետ օրինակներով եւ փաստարկներով:
«Դրօշակ»-ն այս անգամ ներկայացնում է նաեւ ազգային անվտանգութեան խնդիրների մասնագէտ Արփի Աբրահամեանի իրաւաքաղաքական բնոյթի երկու յօդւածները: Յօդւածներից առաջինում հեղինակը գրում է այն մասին, թէ ազգային անվտանգութեան առումով, ինչպէս եւ հայոց պետականութեան դէմ ուղղւած ինչպիսի վտանգներ է պարունակում իշխանութեան նախաձեռնած նոր սահմանադրութեան ընդունման գաղափարը: Ըստ էութեան, Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից պարտադրւած այս պահանջն ուղղւած է հայոց ինքնիշխանութեան, ազգային ինքնութեան եւ ռազմավարական հիմնասիւների դէմ:
Հեղինակի յաջորդ յօդւածը նւիրւած է վերջին շրջանում իշխանութեան կողմից շրջանառութեան դրւած Եւրոմիութեանը անդամակցելու հարցին: Փորձելով սին խանդավառութեան քօղածածկոյթ ստեղծել այս անորոշ ծրագրի շուրջ՝ իշխանութիւնը փորձում է դրա ետեւում իրականացնել թշնամուն հերթական տարածքային զիջումների դաւադրութիւնը:
«Դրօշակ»-ի այս համարում պատմաբան եւ քաղաքագէտ Վահէ Սարգսեանը սկսել է հետաքրքիր յօդւածաշարի հրապարակումը հետեւեալ խորագրի ներքոյ. «Ռուս-վրացական յարաբերություններն այցագրային եւ հաղորդակցութեան ոլորտներում»:
Կոնկրետ խնդիրների տեսանկիւնից Վ. Սարգսեանը յօդւածաշարում անդրադառնում է ռուս-վրացական յարաբերութիւնների վերջին տասնամեակների հոլովոյթին, ներկայացնելով տւեալ գործընթացի հետ առնչւող բազմաթիւ հետաքրքրական տեղեկութիւններ:
Տարածաշրջանի խորապատկերին Թեհրանի «Ալիք» պաշտօնաթերթի գլխաւոր խմբագիր Արամ Շահնազարեանը վերլուծում է, արտահերթ նախագահական ընտրութիւններից յետոյ ինչ փոփոխութիւններ կարող են տեղի ունենալ Իսլամական դրացի հանրապետութեան արտաքին ռազմավարական դիրքորոշումներում, մասնաւորապէս Հայաստան-Իրան փոխյարաբերութիւնների ոլորտում:
«Դրօշակ»-ի սոյն համարում տեղ են գտել նաեւ սոցիալ-տնտեսական, բնապահպանական եւ այլ բնոյթի հետաքրքրական նիւթեր:
«Դրօշակ»-ի 2024 թ. եօթերորդ համարը համացանցում կարող էք գտնել droshak.am հասցէի ներքոյ:
Ներբեռնել համարը «Դրօշակ»-ի թիւ 7, 2024 թ.