ԱԿՆԱՐԿ. ՀԱՄԱՏԵՂ ԽԱՆԴԱՎԱՌՈՒԹԵԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԿԵՆԴԱՆԻ ՀԱՐԹԱԿՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՒՈՐ ԼՌՈՒԹԻՒՆԸ

ՀԱՏԻՍ
Որպէս կենսափաստ նշենք, որ երէկ եկեղեցիներում տեղի ունեցած Տեառնընդառաջի տօնակատարութիւնը եւս մէկ անգամ փաստեց, որ հասարակութիւնը՝ նոյնիսկ ենթագիտակցաբար, բարձր է գնահատում համատեղ խանդավառութեան, միասնական ուրախութեան եւ խորհրդանշական համախմբման առիթները։ Այդպիսի պահերին համայնքային մասնակցութիւնը դառնում է բնական ու ինքնաբուխ, ոչ թէ պարտադրւած կամ ձեւական։
Ցանկալի կը լինէր այս դիտարկումը տրամաբանօրէն կապել Թեհրանի հայոց դպրոցների «Համադպրոցական» խաղերին, որոնք կազմակերպւում են Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Մարզական միութեան կողմից եւ տարիներ շարունակ հանդիսացել են թեհրանահայ աշակերտներին միաւորող, սպասւած ու կենդանի հարթակներից մէկը։ Այս խաղերը ոչ միայն մրցակցութեան դաշտ են եղել, այլեւ՝ ներկայութեան, հանդիպման եւ համայնքային շնչառութեան իրական առիթ։
Սակայն կարելի է ենթադրել, որ վերջին դէպքերի բերումով «Համադպրոցական» խաղերը յետաձգւել են, ինչն անխուսափելիօրէն ազդում է երիտասարդների ներգրաււածութեան շարունակականութեան վրայ։
Տրամաբանութիւնը պարզ է. ճգնաժամային իրավիճակներում մասնակցութեան առիթների ստեղծումը, հասկանալի պատճառներով եւ անվտանգութեան նկատառումներից ելնելով, ժամանակաւոր դադար է առնում։ Սակայն հէնց այստեղ է, որ խնդիրը ստանում է աւելի խորքային չափում։
Ճգնաժամերից ժառանգւող ամենավտանգաւոր երեւոյթներից մէկը ոչ միայն մարդուն ուղեկցող թրոմաներն են, այլ ինքնամեղադրանքի զգացողութիւնը։ Յատկապէս երիտասարդների պարագային այս զգացումը ձեւաւորւում է լուռ, անտեսանելի, բայց խորքային կերպով։ Երբ այս ամէնի ֆոնին թուլանում է նաեւ համայնքային կեանքը, պէտք է յիշել, որ դրան զուգահեռ չեն նւազում հաւաքական կեանքի սպասումները։ Իսկ այդ սպասումները մեծ դեր ունեն թրոմաները մեղմելու գործընթացում։ Դրանց բացակայութեան պայմաններում ինքնամեղադրանքն աստիճանաբար ուղեկցում է անհատին առօրեայ կեանքում, յատկապէս այն պարագայում, երբ նա իր կենսափորձով դեռ պատրաստ չէ նման բեռ կրելու։
Արդէն այլ առիթներով խօսել ենք տարբեր պատճառներով համայնքային ծրագրերի դադարեցման մասին։ Սակայն երկարատեւի վրայ այդ դադարները փոխակերպւում են անորոշութեան, իսկ լռութիւնը՝ խառնաշփոթի։ Այդ լռութեան մէջ համայնքը աստիճանաբար կորցնում է սեփական ձայնը լսելու կարողութիւնը։
Այս մթնոլորտում ճնշումն այլեւս արտաքին չէ․ այն դառնում է ներքին։ Երիտասարդը կարող է ֆիզիկապէս մնալ համայնքի կողքին, սակայն ներսից լինել ճաք տւած, լուռ, երբեմն՝ յոգնած։ Իսկ երբ նա մի կողմ է քաշւում, դա տեղի է ունենում ոչ թէ ազատ ընտրութեամբ, այլ յաճախ մեղքի զգացումով։
Խնդիրն այստեղ բարոյական չէ, այլ կառուցւածքային։ Համայնքը, յաճախ անգիտակցաբար, յայտնւում է պատասխանատւութիւնը թօթափողի դերում։ Իսկ այդ երեւոյթը երիտասարդի ենթագիտակցութեան մէջ սկսում է իմաստաւորւել այնպէս, կարծես համայնքն այլեւս ի վիճակի չէ կրել սեփական բեռը։ Մինչդեռ մերօրեայ, տեխնոլոգիաներին համընթաց ձեւաւորւող անհատականութիւն ունեցող երիտասարդը կոչւած չէ փրկելու համայնքը, վերականգնելու անցեալը կամ լրացնելու համակարգային բացերը։ Երբ այս բեռը նա սկսում է զգալ իր վրայ, նրան ոչ թէ ուժեղացրել ենք, այլ մաշեցրել։
Արժէ յիշեցնել նաեւ, որ համայնքը՝ արդի ընկալմամբ, համակարգ է. իսկ համակարգը, եթէ տեղ մնաց, արագօրէն փոխարինւելու է մէկ այլ համակարգով։ Այս փոխարինման գործընթացը, երբ տեղի է ունենում ինքնութեան հաշւին, յաճախ բերում է ինքնամեղադրանքի խորացման։
Երիտասարդին ինքնամեղադրանքից ազատագրելը համայնքային առողջացման կարեւոր քայլ է։ Համայնքային կեանքն ու աշխատանքները կարելի է պատկերացնել երաժշտութեան մէջ ակորդի օրինակով. երբ ակորդները բացակայում են, երգը կորցնում է իր ուղեկցութիւնը։ Նոյնպէս՝ երբ չկան մասնակցութեան բնական, անվտանգ եւ կենդանի առիթներ, երիտասարդի ներկայութիւնը աննկատ կերպով վերածւում է քաւութեան, ոչ թէ ընտրութեան։
Միայն այն ժամանակ, երբ մասնակցութիւնը դառնում է ընտրութիւն, երիտասարդը կարող է վերադառնալ լիարժէք ներկայութեամբ՝ երեւալու ծարաւով, առանց խղճի ծանրութեան, բայց՝ պատասխանատու գիտակցութեամբ։



