Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արմէն Ռուստամեան. «Մենք մեր 135 տարւայ տէրն ենք, դուք ձեր 8 տարւայ համար պատասխան տւէք»

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանի ելոյթը ԱԺ-ում՝ Հեռուստատեսութեան եւ ռադիոյի յանձնաժողովի անդամ Յակոբ Յակոբեանի լիազօրութիւնների դադարեցման մասին «Հայաստան» խմբակցութեան հեղինակած ԱԺ որոշման նախագծի քննարկման ժամանակ:

Նախ, ուրախ եմ, որ այս քննարկումը Դաշնակցութեան մասին է։ Սա միշտ մեզ ուղեկցել է 135 տարի, մեր համար սա նորութիւն չէ… 135 տարի մեզ մերժում են, բայց 135 տարի մենք կանք, այս ֆենոմէնը իհարկէ դուր չի գալիս առաջին հերթին թուրք-ադրբեջանական տանդեմին։ Նրանք այնքան են պայքարել մեր դէմ, որ դուք վազելով էլ չէք հասնի, եւ այս առումով խօսքս ուզում եմ ուղղել պարոն Յակոբ Յակոբեանին: Բայց Յակոբ Մովսէսին ասելիքս մի բան է լինելու, որովհետեւ ես իր հետ ունեցել եմ առիթներ նաեւ բանավիճելու այս թեմաների շուրջ, երբ ինքն ազատ մտաւորական էր, իսկ Յակոբ Յակոբեանին՝ մէկ այլ բան, որովհետեւ նա հիմա ՔՊ-ի թեթեւ ձեռքով դարձել է ծանր հրետանի Դաշնակցութեան դէմ։ Այսինքն՝ Դուք դարձել էք Դաշնակցութեան դէմ դատի մեղադրող կողմը։

Գիտէք չէ՞ ինչ արդիւնքի են հասել Դաշնակցութեանը դատողները։ Դաշնակցութեան դատողներն այսօր արխիւացւած են: Կայսրութիւններ են Դաշնակցութեանը դատել, նրանք հիմա արխիւացւած են, չկան այդ կայսրութիւնները։ Դաշնակցութեան մէջ այնքան մեծեր կան, փաղանգ ունեցող կուսակցութիւն է Դաշնակցութիւնը։ Թումանեան, Աւետիք Իսահակեան, այս անունները հերիք են, որ անգամ Յակոբ Մովսէսը չհամարձակւի դատել Դաշնակցութեանը, որովհետեւ այդ մեծերի չափ չկայ, էլ ուր մնաց ՔՊ-ն փորձի դատել այդպիսի փաղանգ ունեցող կուսակցութեանը։ Մտածէք, թէ ձեր կուսակցութիւնից ի՞նչ անուններ են մնալու պատմութեան մէջ։

Եւ ամենակարեւորը, եթէ Դաշնակցութիւնը չլինէր, Դաշնակցութեան տեսակը չլինէր, մենք, դուք կը լինէի՞նք պետութիւն: Որ այսքան շատ խօսում էք, այդ պետութիւնը կը լինէ՞ր, այս տարածքները կը լինէի՞ն, որոնց վրայ մենք հիմա պետութիւն ունենք, այսինքն՝ այդքան ապերախտ կարո՞ղ է լինի մի սերունդ իր նախնիների նկատմամբ… Չեք հասկացե՞լ, որ եթէ այդ տեսակը չլինէր, այո՛, «Մահ կամ ազատութիւն» ասող տեսակը չլինէր, այս դառը ճակատագիր ունեցող ազգը, դարեր շարունակ հալածւած ազգը ո՞նց էր պետութիւն ունենալու: Հէ՛նց այդ տեսակն է ձեզ այս ամէնը ժառանգել…

Փարիզ գնացել մտե՞լ էք Պանթէոն։ Ի՞նչ է այնտեղ գրւած։ Ովքե՞ր են այնտեղ թաղւած, որոնց մահւան շնորհիւ Ֆրանսիան պետութիւն է դարձել։ Նիւ Հեմփշիրի կարգախօսը ո՞րն է. «Ապրիր ազատ կամ մեռիր»։ Հետադիմակա՞ն են, հա՞։ Բա այդպէս են արել, որ ձեւաւորել են այն ինչ որ ունեն։

Մենք, այո՛, երդւել ենք եւ շարունակելու ենք երդւել բոլոր ուժերով եւ անգամ կեանքի գնով ծառայել Հայաստանի եւ հայութեան ազատագրութեան դատին, եւ այս ծառայութիւնը մատուցածներն են, որ մեզ այս պետութիւնն են ժառանգել, ո՞նց կարելի է դա ուրանալ…

Դաշնակցութեան տեսակը հետեւեալ սկզբունքի վրայ է հիմնւած՝ համակերպւել նրան, ինչը փոխել պէտք չէ, փոխել այն, ինչին հնարաւոր չէ համակերպւել: Սա՛ է Դաշնակցութեան տեսակը, եւ սա դաստիարակել է պէտք ամէն հայի մեջ: Ի՞նչը ես փոխեմ, իմ տեսա՞կը փոխեմ:

Այսօր ո՞ւմ էք ուզում խաբել, խաղաղութիւն, անվտանգութիւն… Անվտանգութիւն ո՞ւմ համար, ֆիզիկական գոյութիւն ունեցող հայի համա՞ր, թէ՞ հայ տեսակի համար, հայի ինքնութիւնը պահպանելու համար, անվտանգութեան բովանդակութիւնը հանել էք, ասում էք՝ անվտանգութիւն, ու՞մ է պէտք այդ անվտանգութիւնը, այդ ինքնութեան կռիւը չի՞ դարեր շարունակ մեր ժողովուրդը տարել, Դաշնակցութիւնը մտել է այդ կռւի մէջ, այո, իր ինքնութիւնը պահպանելու համար։

Եթէ Ադրբեջանը մեր ինքնութեան հետ հարց չունի, ինչո՞ւ Արցախը հայաթափեցին, ինչո՞ւ են ժառանգութիւնը վերացնում, ինչո՞ւ են եկեղեցիները քանդում, 1915 թւականին հայերին կոտորում էին՝ ինչի համար, որովհետեւ ասում էին՝ դուք գիաւուր էք, դուք մեր տեսակը չէք։ Ապրո՞ւմ են Թուրքիայում հայեր, այո՛, ապրում են, ծագումով հայեր են ապրում Թուրքիայում, բայց այնքան մինչեւ իրենք չհակասեն իրենց սահմանադրութեանը։ Թուրքիայում չկայ փոքրամասնութիւն, կայ թուրքական ինքնութիւնը կրող անձ, եւ եթէ մէկը դրա դէմ խօսում է, դառնում է Հրանտ Դինքի նման ճակատագիր ունեցող մէկը, դա՞ էք ուզում, որ հայ ժողովուրդն էլ այդպիսին դառնայ։

Մենք մեր ինքնութիւնից հրաժարւենք, թուրքական ինքնութիւնը համարենք շատ լաւ է, «կարդաշ-եոլդաշ» ասելով ապրենք, կասեն՝ ապրէք, ո՞վ է ձեզ խանգարում, բենզինն էլ կը գայ, ամէն ինչ էլ կը գայ, ինչ ասես ձեզ կը տան, մենակ դուք չասէք, որ Հայկի սերունդն էք, չասէք, որ դուք Հայ Առաքելական Եկեղեցու հետեւորդն էք, չասէք… դրա համար են պայքար սկսել Դաշնակցութեան դէմ, որովհետեւ ինքնութեան կրողն է, պահպանիչն է, պայքար են սկսել Հայ եկեղեցու դէմ, որովհետեւ ինքնութիւնը կրողն ու պահպանողն է, հիմա դուք եկել էք մեր ինքնութեան ոչնչացմանը ձգտող կողմի հետ զինադադարը ներկայացնում էք որպէս «խաղաղութիւն»։

Չարի հետ զինադադարը խաղաղութեան տեղ մի դրէք, չկայ խաղաղութիւն, եթէ խաղաղութեան հիմնական բաղադրիչները չկան, դա պէտք է ձեռք բերւի երկու կողմերի իրաւունքները յարգելով եւ հարցերը լուծելով, ուժերի հաւասարակշռում պէտք է լինի, բայց ո՛չ մէկը կայ, ո՛չ միւսը, կայ յաղթող ու պարտւող։ Ուշքի եկէ՛ք, մենք մեր 135 տարւայ տէրն ենք, դուք ձեր 8 տարւայ համար պատասխան տւէք, ինչ էիք ստացել եւ ինչ թողեցիք։

Arfd.am

Related Articles

Back to top button