Ուկրաինայի ԱԳՆ. «Ռուսական պատւիրակութիւնը առաջ է քաշել մի շարք պայմաններ, որոնք մեզ համար անընդունելի են»

«ԱԼԻՔ» – «Ստամբուլում կայացած բանակցութիւններում ռուսական պատւիրակութիւնն իսկապէս առաջ է քաշել մի շարք պայմաններ, որոնք անընդունելի են Ուկրաինայի համար»: Այս մասին Ստամբուլում, ռուսաստանեան պատւիրակութեան հետ բանակցութիւնների աւարտից յետոյ լրագրողների հետ ճեպազրոյցում ասել է Ուկրաինայի ԱԳՆ մամուլի խօսնակ Գէորգի Տիխին։
«Ռուսական պատւիրակութիւնը առաջ է քաշել մի շարք պայմաններ, որոնք մենք անընդունելի ենք համարում: Մենք ռուսների հետ բոլոր տեսակի բանակցութիւնների մեծ փորձ ունենք, հաւատացէք, 2014 թւականից ի վեր: Բազմաթիւ փուլեր են եղել, ուստի ես կասեմ, որ ուկրաինական պատւիրակութիւնը լաւ գիտի, թէ ինչպէս արձագանքել այն ամենին, ինչ կարող է հնչել այն կողմից»,- ասել է նա։
Ըստ Տիխիի՝ ուկրաինական պատւիրակութիւնը դրան «հանգիստ է արձագանքել»՝ ուրւագծելով սկզբունքային դիրքորոշում եւ հաւատարիմ մնալով իր գծին։