ՇՀԿ գագաթնաժողովը դատապարտել է Իսրայէլի եւ ԱՄՆ-ի կողմից Իրանի դէմ ագրեսիան

«ԱԼԻՔ» – Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան (ՇՀԿ) պետութիւնների ղեկավարները Չինաստանի Տեանցզին քաղաքում տեղի ունեցած գագաթնաժողովի աւարտին ընդունել են ամփոփիչ հռչակագիր:
Ինչպէս հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները՝ ամփոփիչ հռչակագիրը վերաբերում է ՇՀԿ շրջանակում համագործակցութիւնն ամրապնդելուն, այդ թւում՝ ռազմական, էներգետիկ եւ տրանսպորտային ոլորտներում, ինչպէս նաեւ արհեստական բանականութեան համակարգերի անվտանգութեան ոլորտում համատեղ աշխատելու վերաբերեալ։
ՇՀԿ պետութիւնների ղեկավարները նաեւ կոչ են արել Միաւորւած Ազգերի Կազմակերպութիւնը յարմարեցնել ժամանակակից քաղաքական-տնտեսական իրողութիւններին եւ չափաւոր բարեփոխումների միջոցով՝ զարգացող երկրների ներկայացւածութիւնն ապահովել ՄԱԿ-ի կառավարման մարմիններում։
Հռչակագրում ամրագրւած է նաեւ խորը մտահոգութիւն՝ պաղեստինա-իսրայէլական հակամարտութեան շարունակական սրման վերաբերեալ։ ՇՀԿ անդամ երկրները խիստ դատապարտել են այն գործողութիւնները, որոնք յանգեցրել են բազմաթիւ քաղաքացիական զոհերի եւ Գազայի հատւածում աղէտալի մարդասիրական իրավիճակի։
Բացի այդ, հռչակագիրը դատապարտել է Իսրայէլի եւ ԱՄՆ-ի կողմից Իրանի դէմ ագրեսիան:
Փաստաթղթում նշւում է, որ պետութիւնների ինքնիշխանութեան, անկախութեան, տարածքային ամբողջականութեան, հաւասարութեան, փոխադարձ օգուտի, ներքին գործերին չմիջամտելու, ուժի կամ դրա կիրառման սպառնալիքի չկիրառման սկզբունքները միջազգային յարաբերութիւնների կայուն զարգացման հիմքն են։