Վահաբական եւ սալաֆիական ֆունդամենտալիզմը, Թուրքիան եւ Ռուսաստանը
Թուրքիան կեանքի գնով անգամ փորձելու է վրէժխնդիր լինել Ռուսաստանից
ԱՐԱ ՊՕՂՈՍԵԱՆ
Քաղաքագէտ
Վահաբական եւ սալաֆիական մուսուլմանական հոսանքները ժամանակին սնեցին ահաբեկչական շարժումները ամբողջ աշխարհում։ Սրանց մասնակցութեամբ ահաբեկչութիւնն աննախադէպ ծաւալների հասաւ Մերձաւոր Արեւելքում եւ հիւսիսային Աֆրիկայում, յաւակնելով ստեղծել Իսլամական Խալիֆայութիւն՝ հիմնւած շարիաթի օրէնքների վրայ։
Ալ-Քայիդայից յետոյ սա երկրորդ հզօր միջազգային ահաբեկչական հոսանքն էր, որը ֆիզիկապէս կարողացաւ առնւազն Մերձաւոր Արեւելքի երկու երկրներում՝ Սիրիայում եւ Իրաքում գրաւել հսկայածաւալ տարածքներ եւ հռչակել խալիֆայութիւն։
Իսլամական ֆունդամենտալիզմի այս երկու շարժումները՝ վահաբականը եւ սալաֆիականը, կենսական կապերով կապւած են Թուրքիայի հետ, իսկ վահաբական շարժումը բաւականին մեծ տարածում ուներ Ադրբեջանում։ Ժամանակի ընթացքում այս իսլամական արմատական աղանդները տարածւեցին նաեւ Միջին Ասիայի երկրներում, որոնցից յատկապէս տարածւածութեան իմաստով աչքի էին ընկնում Ուզբեկստանը, Կիրգիզստանը, Տաջիկստանը։ Հետաքրքիրն այն է, որ տարածման համար կենսունակ միջավայր էր նաեւ աղքատութեան բարձր մակարդակը եւ ցածր կենսամակարդակը, կրթական ցածր ցենզը եւ յետամնացութիւնը։ Այս հանգամանքը փաստօրէն ընդհանուր է բոլոր աղանդների համար։ Ճիշտ այդպէս էլ աղանդները սկսեցին տարածւել Հայաստանում 1988-ից յետոյ, իրենց յաջողութեան գագաթնակէտին հասնելով յատկապէս 1994 թւականից յետոյ, երբ ազգային վերելքին սկսեց փոխարինել հիասթափութիւնն ու կենցաղային բարդ պայմանները։
Ռուսաստանում Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչական գործողութիւնները ըստ ռուսական մամուլի՝ ուղիղ կապ ունի հէնց սալաֆիական աղանդի հետ։ Ընդհանրապէս, Ռուսաստանի աքիլեսեան գարշապարը հէնց իսլամական ֆունդամենտալիզմն է, իսկ ռուսական տարածութեան մէջ թէ՛ սալաֆիական, թէ՛ վահաբական եւ թէ՛ իսլամի միւս՝ աւելի փափուկ հոսանքների վրայ էական, եթէ չասեմ հիմնական ազդեցութիւն ունեն Սաուդական Արաբիան եւ Թուրքիան։ Ի դէպ՝ այս երկուսն էլ, որպէս Սուննի ուղղութեան երկրներ, յաւակնում են իսլամական խալիֆայի աստիճանին, բայց սա այլ պատմութիւն է…
Ռուս-չեչենական պատերազմները եւս գալիս են ապացուցելու, որ Թուրքիան Ռուսաստանի ներսում տեղի ունեցող բոլոր անջատողական իսլամական շարժումների ո՛չ միայն աջակցողը, այլեւ նախաձեռնողներից մէկն է։
Անկասկած՝ ռուս-ուկրաինական պատերազմից Ռուսաստանն առնւազն պարտւած դուրս չի գայ ռազմական իմաստով, իսկ ներքին՝ իր «աքիլեսեան գարշապարի» ապահովման իմաստով Ռուսաստանն ընտրել է իմ կարծիքով ամենառիսկային ճանապարհը՝ Թուրքիայի հետ բարեկամութեամբ հնարաւոր չէ ստեղծել իսլամական վահան։
Աւելին՝ Թուրքիան ունի երկարատեւ պատմական եւ ինստիտուցիոնալ յիշողութիւն եւ երբեք չի ների Ռուսաստանին Օսմանեան կայսրութեան կործանման համար։ Թուրքիան կեանքի գնով անգամ փորձելու է վրէժխնդիր լինել Ռուսաստանից։ Առայժմ Ռուսաստանի դէմ հիբրիդային եւ քօղարկւած պատերազմ վարելով, ռուսական քաղաքական եւ ռազմական էլիտայի մէջ իր ազդեցութեան մարդկանց ներդնելով, ռուսական օլիգարխիայի մէջ սեփական հզօր ներկայացուցիչներ ունենալով եւ նրանց միջոցով ազդելով ռուսական քաղաքականութեան վրայ։
Իսլամական ֆունդամենտալիզմը դանդաղ գործունէութեան ռումբ է՝ դրւած Ռուսաստանի պետականութեան հիմքերի տակ: