ԻրանՄիջազգայինՔաղաքական

Քաղաքական խելամտութեան հակառակ երեսը, կամ Բաքուն դարձել է Իսրայէլի շտաբը Կովկասում

Տարածաշրջանային հարցերով փորձագէտ Շոայբ Բահմանը՝ տարածաշրջանի զարգացումներում Բաքւի դերի մասին

«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – Գազայում շարունակւող ցեղասպանութեան եւ Լիբանանի խաղաղ բնակչութեան դէմ գործողութիւնների այս օրերին, Ադրբեջանի Հանրապետութեան իշխանութիւններն այն սակաւաթիւ երեւոյթներից են, որոնք Սիոնիստական ​​ռեժիմին աջակցող յայտարութիւնների եւ գործնական քայլերի միջեւ նոյն պատկերն են փոխանցում:

Փաստն այն է, որ Գազայի հատւածի զոհերին ու անօթեւան դարձած պաղեստինցիներին աջակցելու հարցում Բաքւի բացակայութիւնն առաւել ընդգծւած է երեւում, յատկապէս, այդ երկրից դէպի օկուպացւած տարածքներ տանող էներգակիրների բեռնւած ռէժիմով աշխատանքի ու Թել  Աւիւին սննդամթերքով ապահովելու ամենօրեայ չւերթներով:

Փորձագիտական կենտրոնների կարծիքով՝ Ադրբեջանի Հանրապետութիւնը Հայաստանի վարած «խաղից դուրս վիճակ» քաղաքականութեան անորոշութեան հաշւին գնալով դառնում է տարածաշրջանի կարեւոր դերակատարներից մէկը, ինչպէս եւ Իրանի եւ Սիոնիստական ​​ռեժիմի միջեւ հակամարտութեան կարեւոր տարրը՝ Իրանի հետ սահմանակից լինելու հաշւին:  Իսկ Իսրայէլը որպէս Բաքւի ռազմավարական արտատարածաշրջանային դաշնակից գործընկեր, կարեւոր դեր է խաղում Բաքու-Թեհրան յարաբերութիւններում առկայ լարւածութիւնը թէժացնելու հարցում: 

Նոյն կապակցութեամբ Ռուսաստանի եւ տարածաշրջանի հարցերով փորձագէտ դոկտ. Շոայբ Բահմանը «Ֆարհիխթէգան» օրաթերթին տւած հարցազրոյցում մեկնաբանել է Կովկասի զարգացումներում Բաքւի որոշիչ (արդէն) դերակատարութեան հարցը:

Փորձագէտը նշել է, որ Սիոնիստական ​​ռեժիմի հետ խորացւած յարաբերութիւնների հաստատումը տնտեսական, ռազմական եւ անվտանգային ոլորտներում կարելի է տեսնել Ադրբեջանի Հանրապետութեան ստեղծման կարճ պատմութեան մէջ, իսկ այդ համագործակցութիւնները առաւել կենտրոնացած են էներգետիկայի եւ սպառազինութեան ոլորտներում: «Իսկ այն տարածաշրջանի զարգացումներում բարձրացնում է Ադրբեջանի Հանրապետութեան դերակատարութիւնը»,- յիշեցրել է փորձագէտը:

Ադրբեջանի Հանրապետութեան յարաբերութիւններն Իրանի հետ, ինչպէս նաեւ այդ երկրի կապերը Սիոնիստական ​​ռեժիմի հետ պէտք է  տեսակաւորել, ինչն առիթ կը տայ աւելի լաւ պատկերացում կազմել Բաքւի քաղաքականութեան մասին: Անդրադառնալով հարցի կարեւորութեանը, Շոայբ Բահմանը յիշեցնելով, որ վերջին տարիներին բոլոր քաղաքական, անվտանգային, ռազմական, մշակութային, սոցիալական եւ տնտեսական գործընթացներում Իրանի նկատմամբ ակնյայտ ատելութիւն է տարածւում, իսկ Իրանին փոխարինելու առիթը բաց չի թողնում Իսրայէլը, ընդգծել է. «Օրինակ, այսօր Ադրբեջանի Հանրապետութիւնը մատակարարում է Սիոնիստական ​​ռեժիմի սպառած նաւթի աւելի քան 40 տոկոսը: Իսկ զէնքի աւելի քան 70 տոկոսը գնում է Իսրայէլից։ Երբ նման ծաւալուն յարաբերութիւններ կան ռազմական եւ անվտանգային ոլորտներում, պարզ է դառնում, թէ ինչ ծաւալների ու մակարդակի վրայ են յարաբերութիւններն այլ ոլորտներում»։

Գազայի պատերազմի ամենաթէժ պահին Ալիեւը շնորհաւորեց  Իսրայէլի Անկախութեան տօնը

Տարածաշրջանային հարցերով փորձագէտը նշել է, որ թէեւ Ադրբեջանի Հանրապետութիւնը փորձում է ուղղակիօրէն չներգրաււել Գազայի հակամարտութեանը, բայց միանշանակ կանգնած է Իսրայէլի կողքին։ «Սիոնիստական ​​ռեժիմի յանցագործութիւնների եւ ցեղասպանութեան ամենաթէժ օրերին կայացել են հանդիպումներ Բաքւի եւ Թել Աւիւի բարձրաստիճան պաշտօնեաների միջեւ, եւ Ադրբեջանը շնորհաւորել է Նեթանեահուին տարբեր առիթներով, յատկապէս՝ Իսրայէլի Անկախութեան օրւայ առիթով, որը բոլոր մուսուլմաններն անւանում են «Նեքբաթ»  (դժբախտութիւն)։ Բացի այդ, Ադրբեջանի Հանրապետութիւնից որեւէ դատապարտող յայտարարութիւն չի հնչել Գազայում կամ Լիբանանում իրականացւող յանցագործութիւնների վերաբերեալ: Նոյնիսկ Իրանում ահաբեկչական գործողութիւնների վերաբերեալ չի եղել նման յայտարարութիւն, ինչպիսիք են նահատակ Հանիէի սպանութիւնը կամ Իրանի հիւպատոսութեան շէնքի վրայ ահաբեկչական յարձակումը»,- նշել է փորձագէտը։

Չնայած տարածաշրջանում լարւածութեան աճին եւ աշխարհի տարբեր երկրների կողմից Սիոնիստական ​​ռեժիմի դատապարտմանը, Ադրբեջանի Հանրապետութիւնը չի պատրաստւում իջեցնել  յարաբերութիւնների մակարդակն այս ռեժիմի հետ։

Շոայբ Բահմանը շարունակելով նշել է, որ երկու կողմերի յարաբերութիւնները խորացւած են, եւ յաւելել է. «Թէեւ իսլամական երկրների եւ Իսրայէլի միջեւ յարաբերութիւնների կրճատումը բոլոր մուսուլմանների եւ նոյնիսկ համաշխարհային հասարակական կարծիքի պահանջն է, սակայն Բաքուն շարունակում է սննդամթերք եւ էներգիա մատակարարել Իսրայէլին: Սա ապացոյցն է այն բանի, որ Բաքուն հաշւի չի առնում իսլամական աշխարհի եւ առհասարակ միջազգային հանրութեան կարծիքը:   Փոխարէնը, իսրայէլցիներն Ադրբեջանը դիտարկում են որպէս աշխարհագրական դիրք, որտեղից կարող են թիրախաւորել Իրանը:  Իրականում, ըստ իսրայէլցիների՝ ինչպէս Իրանը ազդեցութիւն ունի Պաղեստինում, Լիբանանում եւ Սիրիայում, նրանք փոխադարձ առիթ են փնտրում Իրանի սահմանակից շրջաններում, որպէսզի համանման իրավիճակ ստեղծեն Իրանի համար: Նոյն տրամաբանութեամբ Բաքուն դարձել է Սիոնիստական ​​ռեժիմի յենակէտը, իսկ անցած տարիներին իսրայէլցիները բազմիցս ահաբեկչական գործողութիւններ են իրականացրել հէնց Ադրբեջանի Հանրապետութեան տարածքից։ Խնդիրը պարզ է, Ադրբեջանի Հանրապետութիւնը շարունակում է իր յարաբերութիւններն Իսրայէլի հետ եւ չունի դրանք նւազեցնելու կամ վերանայելու ցանկութիւն»։

Իրանն եւ Ադրբեջանը անվտանգութեան համաձայնագիր ունեն

Ի պատասխան այն հարցին, թէ ի՞նչ է լինելու Բաքւի մօտեցումն ու դերը՝ Իրանի եւ Սիոնիստական ​​ռեժիմի միջեւ էսկալացիայի աճի դէպքում, Բահմանը նշել է. «Իսրայէլցիները բարձրաձայնել են այն մասին, որ պատերազմի դէպքում կարող են օգտագործել Ադրբեջանի Հանրապետութեան տարածքը Իրանի դէմ։ Սակայն Իրանի եւ Ադրբեջանի Հանրապետութեան միջեւ գոյութիւն ունեցող անվտանգութեան համաձայնագրի հիման վրայ, կողմերի միջեւ պայմանաւորւածութիւն կայ իրենց տարածքը փակել այլոց վրայ՝ որեւէ գործողութիւն ձեռնարկելու դէպքում։ Ուստի Իրանի եւ Ադրբեջանի Հանրապետութեան միջեւ այս ոլորտում կայ իրաւական համաձայնութիւն։ Միեւնոյն ժամանակ, Բաքուն եւ  տարածաշրջանի իւրաքանչիւր երկիր գիտակցում է, որ եթէ ցանկանում է իր տարածքը տրամադրել Իսրայէլին՝ Իրանի դէմ գործողութիւնների համար, ապա անպայման կը ստանայ համարժէք պատասխան։ Յատկապէս Բաքւի իշխանութիւնները միանշանակ տեղեակ են, թէ ինչ վտանգաւոր հետեւանքներ կարող է ունենալ, եթէ ցանկանում են գնալ նման արկածախնդրութեանը»։

Related Articles

Back to top button