Հայկ Դեմոյեան. «Հեռացնելուց առաւել կարեւոր է սրանց նկատմամբ ամենադաժան պատիժի ի կատար ածումը»

«ԱԼԻՔ» – Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի նախկին տնօրէն, պատմաբան Հայկ Դեմոյեանը Նիկոլ Փաշինեանի վերջին յայտարարութիւնների ֆոնին կարեւորել է ՀՀ գործող իշխանութիւնների պատժի ենթարկելը:
«ՄԵՆՔ էինք… հզօր, միասնական, համախմբւած, գիտակից ու անսասան: Ընդամէնը մի բջջային հեռախօս էր պէտք, որ դառնայինք միաբջիջ խաբեբաների ծաղրուծանակի առարկան: Էլի ՄԵՆՔ ենք, նոյն սերունդը… ուղղակի պէտք է յիշել, չմոռանալ ու դուրս գալ պայքարի նոյն ոգով ու նոյն համոզմունքով:
Օտարի լուծը կրկին փաթաթել են մեր վզին: Փաթաթել են գեղեցիկ ու դիւթիչ փաթեթաւորումներով ու նոր վարդապետութիւներով, որոնցից դաւաճանութեան արիւնալի հոտ է գալիս: Ու փորձելու են յիմարի տեղ դնել քեզ ու համոզեն, որ այն ինչ արւում է, քեզ համար է արւում:
Իրականում արհեստավարժ թմրեցմամբ դանդաղ մահ են բերում բոլորիս, քանի դեռ դուրս չես եկել քո բջջային հեռախօսից ու լիովին չես գիտակցել մերօրեայ ազգային ողբերգութեան ծաւալներն ու հետեւանքները, որոնց հեղինակներն ու ճարտարապետները տակաւին ապրում են մեր կողքին:
Կայացնենք պատմական մի դատավճիռ. հեռացնելուց առաւել կարեւոր է սրանց նկատմամբ ամենադաժան պատիժի ի կատար ածումը:
Այնժամ աշխարհը մեզ կը հասկանայ, կը հասկանայ ու ԿԸ ՅԱՐԳԻ…», – գրել է նա: