Արաղչին մեկնել է Նիւ Եօրք

«ԱԼԻՔ» – ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին եւ նրան ընկերակցող դիւանագիտական պատւիրակութիւնը մեկնել են Նիւ Եօրք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի տարեկան նստաշրջանին։ Ինչպէս հաղորդում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին յայտնել է ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային:
Ուղեւորութեան ընթացքում, Արաղչին կը մասնակցի ՄԱԿ-ի օրակարգային հարցերի հետ կապւած տարբեր հանդիպումների եւ կը ներկայացնի մեր երկրի դիրքորոշումներն ու տեսակէտները։
Օրակարգում են նաեւ տարբեր երկրների գործընկերների հետ հանդիպումները եւ երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ խորհրդակցութիւնները։
Նախատեսւում է, որ Նիւ Եօրքում, ԱԳ նախարարների մասնակցութեամբ, տեղի կունենայ Իրանի եւ E3-ի բանակցութիւնների հերթական փուլը, որին ներկայ կը լինի նաեւ ԵՄ արտաքին քաղաքականութեան պատասխանատու Կայա Կալասը:
«Թասնիմ»-ի հետ զրոյցում, ԱԳՆ աղբիւրը տեղեկացրել է, որ հանդիպումը տեղի կունենայ այսօր կամ վաղը:
Յաւելելնք, որ Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանը եւս երեքշաբթի օրը կը մեկնի Նիւ Եօրք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի տարեկան նստաշրջանին։
Նախատեսւում է, որ նա ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայում ելոյթ կունենայ չորեքշաբթի առաւօտեան:
Այցի ընթացքում Փեզեշքիանը կը հանդիպի նաեւ տարբեր երկրների ղեկավարների եւ ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի հետ: