Ադրբեջանական անվերջանալի պահանջների եւ այսպէս կոչւած «Արեւմտեան Ադրբեջանի» հարցի շուրջ
Մեր նախկին յօդւածներից մէկում ընդհանուր գծերով անդրադարձել էինք այսպէս կոչւած «Արեւմտեան Ադրբեջանի» քաղաքական կոնցեպտին, դրա «բովանդակութեանն» ու ընդհանրապէս ադրբեջանական տարբեր շրջանակներում դրա ընկալմանը։ Դա արել ենք, ոչ թէ հայկական տիրոյթում ադրբեջանական ուղենիշերը քննարկման առարկայ դարձնելու, այլ թշնամու անվերջանալի յաւակնութիւնները հայկական լսարանի համար մէկ անգամ եւս յստակ դարձնելու համար՝ այն շեշտադրմամբ, որ պաշտօնական Բաքուն ուղղակիօրէն հետապնդում է Հայաստանի Հանրապետութեան կազմաքանդման հեռահար եւ ռազմավարական նպատակ, որին հասնելու համար օգտագործում է մարտավարական քայլեր, որոնց քանակն ու վտանգաւորութիւնը մեզանում ակնյայտօրէն թերագնահատւած են։ Հայաստանի Հանրապետութեան կազմաքանդումը հետապնդող Բաքւի քայլերը ներառում են ռազմական, ռազմաքաղաքական, դիւանագիտական, քարոզչական, լրատւական, սոցիալ-հասարակական, կրօնական գործիքների մի ամբողջութիւն, որոնք հետեւողականօրէն եւ ամենավտանգաւորը՝ ծրագրւած կերպով գործադրւում են։
2020 թ․ ագրեսիայից յետոյ Արցախի զգալի մասի օկուպացիան, ապա 2023 թ․ սեպտեմբերեան էթնիկ զտումների ցեղասպան գործողութիւնները, ապա Արցախի Հանրապետութեան ամբողջական օկուպացիան, ինչպէս նաեւ վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետութեան սահմանամերձ տարածքների օկուպացիան, որոշ կարեւոր ենթակառուցւածքների վերահսկումը, Սիւնիքի խոշոր բնակավայրերին անմիջականօրէն յարող տարածքներում ռազմական ներկայութիւնը Ադրբեջանի համար մարտավարական խոշոր քայլերից մի քանիսն էին միայն եւ պատահական չէ, որ ամբողջ այս ընթացքում ադրբեջանցիները շարունակում են ներքին խօսոյթի անբաժան մաս պահել «Արեւմտեան Ադրբեջանի» կոնցեպտը եւ Հայաստանի Հանրապետութեան տարածքում նախկին ԽՍՀՄ ժամանակների անկլաւների վրայ վերահսկողութիւն սահմանելու անհրաժեշտութիւնը ինչպէս նաեւ այսպէս կոչւած փախստականների վերադարձը դէպի Հայաստան։ Այս վերջինը, ի դէպ, բաւական հետաքրքիր փաթեթաւորում ունի՝ ներքին խօսոյթում եւ մօտ դաշնակիցների հետ յարաբերութիւններում Ադրբեջանը փախստականների վերադարձը ներկայացնում է «Արեւմտեան Ադրբեջանի» կոնցեպտում՝ հեռահար նպատակ ունենալով նրանց կողմից Հայաստանի Սիւնիքի մարզում ինքնավարութեան ստեղծումը, իսկ միջազգային գործընկերների հետ յարաբերութիւններում ադրբեջանական կողմը դա փաթեթաւորում է որպէս այսպէս կոչւած «Հայաստանից արտաքսւած փախստականների վերադարձի իրաւունք, այն վայրերը, որտեղից նրանք ստիպւած են եղել հեռանալ»։
Սոյն հրապարակմամբ նպատակ ունենք անդրադառնալ Արցախի Հանրապետութեան օկուպացիայից ու հայութեան բռնի տեղահանութիւնից յետոյ ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից էլ աւելի ակտիւօրէն շրջանառւող թշնամական թէզերին՝ նորից ոչ թէ այդ թէզերը մեզանում տարածելու, այլ թշնամական քաղաքականութեան ամբողջութիւնը մէկ անգամ եւս յստակ դարձնելու եւ հայ հանրոյթի մէջ համապատասխան հակաքայլերի կամքը խթանելու համար։
Միջանկեալ նկատենք, որ Հայաստանից պահանջների նման ցանկը Ադրբեջանին հնարաւորութիւն է տալիս նաեւ փորձելու լեգիտիմացնել Հայաստանի ու Արցախի նկատմամբ շարունակական ռազմական ագրեսիաները։
Այսպէս, բոլորովին վերջերս, հոկտեմբերի 7-ին, Եւրոխորհրդի նախագահ Շառլ Միշէլի հետ հեռախօսազրոյցում Ալիեւը ի թիւս այլնի երկու միտք է արտայայտել, առաջին, որ Հարաւային Կովկասում նոր պատերազմի մեղաւորը Ֆրանսիան կը լինի, երկրորդ, որ ադրբեջանական ութ գիւղեր շարունակում են մնալ «հայկական օկուպացիայի» տակ։ Սրանով, Բաքւի բռնապետը՝ օգտագործելով «օկուպացիա» տերմինը, ակնյայտօրէն նոր հիմք է փորձում ստեղծել Հայաստանի նկատմամբ հերթական ռազմական գործողութիւնների համար։ Հայաստանի հետ ռազմաքաղաքական յարաբերութիւնները նոր մակարդակի բարձրացնելու եւ համապատասխան առեւտրային յարաբերութիւնների զարգացման վերաբերեալ ֆրանսիական պատրաստակամութեանը հակադրւելով էլ, Ալիեւը նպատակ ունի ամէն կերպ կանխել Հայոցն Բանակի կարողութիւնների զարգացումը, ինչն անելու համար սպառնում է նոր պատերազմով եւ տարածաշրջանային ապակայունացմամբ՝ նախապէս իբրեւ դրա մեղաւոր հռչակելով Փարիզին։
Գալով ադրբեջանական քարոզչամեքենայի առանցքային եւ ամենավտանգաւոր թէզերից մէկին՝ «Արեւմտեան Ադրբեջանին»՝ անդրադառնանք, որ ընդամէնը օրեր առաջ լուր տարածւեց առ այն, որ Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամաւոր Քամալ Ջաֆարովը կայցելի Շւէյցարիայի Ժնեւ քաղաք՝ մասնակցելու ՄԱԿ-ի տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրաւունքների կոմիտէի Հայաստանի վերաբերեալ պարբերական զեկոյցի շնորհանդէսին։
Միջոցառմանը պատգամաւոր Ջաֆարովը կը ներկայացնի իր դիրքորոշումը որպէս «Արեւմտեան Ադրբեջանի» համայնքային երիտասարդական միութեան փոխնախագահ:
Այցի ընթացքում նախատեսւում է պատգամաւորի հանդիպումը ՄԱԿ-ի պաշտօնեաների հետ՝ քննարկելու արեւմտեան ադրբեջանցիների վերադարձի իրաւունքի ճանաչման հարցը։
Սրան նախորդել էր, դեռեւս ամիսներ առաջ 2023-ի տարեսկզբին ՄԱԿ-ում «Արեւմտեան Ադրբեջանի համայնքի» կոչի շրջանառումը, որով Հայաստանի կառավարութիւնից պահանջւում էր «միջազգային գործընթացի շրջանակներում պայմաններ ստեղծել էթնիկ ադրբեջանցիների՝ Հայաստանում իրենց տները անվտանգ եւ արժանապատիւ վերադարձի համար» եւ ակնկալւում միջազգային հանրութեան աջակցութիւնը: Նամակի հեղինակները նամակի տեքստի հետ միասին շրջանառութեան մէջ էին դրել նաեւ համապատասխան հայեցակարգ՝ «ապահովելու սոյն տարածքից վտարւած ադրբեջանցիների խաղաղ, անվտանգ եւ արժանապատիւ վերադարձը»։
ՄԱԿ-ում որեւէ գրութեան շրջանառման համար անհրաժեշտ է կառոյցում հաւատարմագրւած պաշտօնական ներկայացուցչութեան ղեկավարի գրաւոր ուղեկցող դիմումն ուղղւած ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարին։ Այլ խօսքով, թէեւ յաճախ դրանք կարող են չարտայայտել տւեալ պետութեան պաշտօնական դիրքորոշումը, բայց ակնյայտօրէն չեն կարող հակասել դրան, իսկ Ադրբեջանի նման բռնապետական պետութեան պարագայում, ադրբեջանական դիւանագիտական առաքելութիւնը չի կարող շրջանառութեան մէջ դնել մի փաստաթուղթ, որը նրանց պետական քաղաքականութեան մաս չի կազմում՝ այլ հարց է դա պաշտօնապէս յայտարարւում է որպէս այդպիսին թէ ոչ։ Հետեւաբար, ինչպէս նախորդ յօդւածում ենք պնդել՝ հաւաքական հայ հանրոյթը, հայ քաղաքական միտքը, քաղաքական ընտրանին, մտաւորականութիւնը, հանրային գործիչները պէտք է ամբողջ էութեամբ գիտակցեն այն վերահաս վտանգը, որ այսպէս կոչւած «Արեւմտեան Ադրբեջանի» քաղաքական կոնցեպտը ներկայացնում է մեզ համար։ Հայաստանի Հանրապետութիւնը պարտաւոր է բազմաշերտ եւ հուժկու հակազդեցութիւն ապահովել այս թէզի դէմ։ Պէտք է նաեւ խուսափել այն մտայնութիւնից, յատկապէս ակադեմիական շրջանակներում, որ «Արեւմտեան Ադրբեջանի» թէզին լուրջ հակազդեցութիւն ապահովել պէտք չէ, որովհետեւ դա զաւեշտ է։ Արդէն իսկ ակնյայտ է, որ Ադրբեջանը օգտագործելով միջազգային յարաբերութիւնների խառնաշփոթ իրավիճակների պարբերական կրկնումները, փորձում է իր զաւեշտալի թէզերը առաջ տանել եւ յաճախ յաջողում է։ Հետեւապէս, ադրբեջանական այս հերթական զաւեշտի բազմաչափ հակազդեցութիւնը պէտք է սկսել հնարաւորինս արագ։
Առհասարակ, ադրբեջանցիները, իրենց առջեւ դրւած որեւէ մարտավարական խնդրի լուծումից յետոյ կամ երբ Հայաստանի գործող իշխանութիւնների կողմից բաւարարւում է նրանց հերթական պահանջներից մէկը, ոչ թէ թուլացնում են ճնշումը Հայաստանի վրայ, այլ նախայարձակ ակտիւութեամբ առաջադրում են նոր անիրականալի պահանջներ, որոնց բաւարարումը կասկածի տակ կարող է դնել Հայաստանի Հանրապետութեան գոյութիւնը։
Փորձելով, ընդհանուր առմամբ ամփոփել Հայաստանին ներկայացւող ադրբեջանական պահանջները, գոնէ կարճաժամկէտ կտրւածքում դրանք մասնաւորապէս հետեւեալներն են՝
- Հայաստանի տարածքով արտատարածաշրջանային մէկ կամ մի քանի միջանցքների տրամադրում
- Արցախեան հիմնախնդրի առկայութեան բացառում եւ միջպետական յարաբերութիւններում Արցախին վերաբերող հարցերի քննարկման բացառում՝ այն շեշտադրմամբ, որ առկայ խնդիրները բացառապէս Ադրբեջանի ներքին գործն են
- Հայկական ԽՍՀ տարածքում եղած, այսպէս կոչւած, «Ադրբեջանական անկլաւների վերադարձ»
- 1980-ականների վերջին եւ 1990-ականների սկզբին Հայաստանից հեռացած ադրբեջանցիների վերադարձ իրենց սկզբնական բնակավայրեր
- Հայաստանի Հանրապետութեան Զինւած ուժերի թւակազմի, կարիքների, արտաքին ռազմաքաղաքական յարաբերութիւնների էական սահմանափակում։
Ինչպէս տեսանք, ռազմավարական հեռահար պլանաւորմամբ պաշտօնական Բաքուն հետապնդում է նաեւ այսպէս կոչւած «Արեւմտեան Ադրբեջանի» խնդիրը՝ ցանկանալով Հայաստանի Հանրապետութեան տարածքում, ադրբեջանցիների կողմից հիմնել ինքնավար հանրապետութիւն։
Այսպիսով Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ պաշտօնական Բաքւի քաղաքականութիւնն իր բնոյթով ուղղակի թշնամական է եւ այդ քաղաքականութեան թէկուզ մակերեսային վերլուծութիւնն ակնյայտօրէն ցուցում է, որ Ադրբեջանը Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման որեւէ նպատակ չունի եւ շարունակական պահանջներով, օգտւելով միջազգային յարաբերութիւններում իր համար ստեղծւած նպաստաւոր իրավիճակից, փորձում է ստանալ աւելին՝ հետեւողականօրէն հետապնդելով Հայաստանի անվտանգային համակարգի ամբողջական կազմաքանդումը։ Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման իրական նպատակադրութեան դէպքում Ադրբեջանը չէր փորձի հնարաւոր բացառապէս բոլոր ոլորտներում եւ գործընթացներում դրսեւորել ակնյայտ թշնամական վարք՝ սկսած հայ ռազմագերիների հետ պատերազմական յանցագործութիւններով դրսեւորւող վերաբերմունքից մինչեւ հայկական յուշարձանների աւերում եւ դրանց պատկանելութեան նենգափոխում։ Հայաստանի հանդէպ Ադրբեջանի իրական նպատակադրման լաւագոյն ցուցիչներից մէկն էլ ադրբեջանական կրթական համակարգն է՝ նախակրթարաններից սկսած, որը ինչպէս Եւրոխորհրդարանն է նախորդ տարի իր բանաձեւերից մէկում նկատել, իր բնոյթով արմենոֆոբ է (հայատեաց): Ցանկացած երկրի կրթական համակարգ, ի թիւս այլնի, նպատակ ունի տեսանելի ապագայի համար կրթելու որոշակի արժեհամակարգի տէր քաղաքացիներ, ինչն էլ պէտք է պայմանաւորի երկրի բնոյթն ու էութիւնը։ Կրթական համակարգի հայատեացութեան ներկայ մակարդակով, նոյնիսկ Ադրբեջանի իշխանութիւնների ցանկութեան պարագայում, հնարաւոր չի լինելու ադրբեջանական հասարակութեանը տրամադրել հայ ժողովրդի հետ առանց թշնամանքի համակեցութիւն։ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ թշնամանքը նաեւ շարունակում է միջազգային հնարաւոր բոլոր մակարդակներում՝ օգտագործելով երկրի դիւանագիտական համակագրի ողջ կարողականութիւնը։
Ստեղծւած իրավիճակում, երբ միջազգային յարաբերութիւնների ներկայ անորոշութիւններն ու խառնաշփոթը դեռ չի աւարտւել, Ադրբեջանը հետեւողականօրէն շարունակելու է՝ փորձել աւելին ստանալ։
Ուստի հաւաքական հայ ժողովրդի եւ հայկական պետականութեան բնականոն հակազդեցութիւնը պէտք է լինի, ոչ թէ գործող իշխանութիւնների դիրքորոշմամբ պայմանաւորւած՝ ադրբեջանական պահանջների թէկուզ մասնակի բաւարարումը, ինչն արդէն իսկ ցոյց է տւել իր կատարեալ սնանկութիւնը, այլ հայ ժողովրդի բովանդակ ուժերի համախմբումը, դիմադրութեան կազմակերպումը, ներքին բաժանարար պատնէշների վերացումը եւ բոլոր ոլորտներում Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութիւնը։
Գէորգ Ղուկասեան
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու,
Քաղաքագիտութեան եւ միջազգային յարաբերութիւնների փորձագէտ
Arfd.am