ՄիջազգայինՔաղաքական

Բաքւում իրանաֆոբիայի սիոնիստական 12 ուղղութիւնները

Իրանցի փորձագէտը դեռ 9 տարի առաջ էր զգուշացրել այս մասին

«ԱԼԻՔ» – Դոկտ. Ահմադ Քազեմին իր հրապարակած վերջին թւիթով յիշեցրել է դեռեւս 2015 թւականին նախազգուշացրած այն խնդիրների մասին, որոնք այսօր կազմում են Կովկասեան տարածաշրջանի իրականութիւնը, եւ համարւում են Իրանի համար անբարենպաստ պայմանների հիմնաղբիւրը:

«Իրանի եւ Ադրբեջանի Հանրապետութեան յարաբերութիւնների կարեւորութեան մասին քննարկումների համար պահանջւում է ունենալ իրական հայեացք սիոնիստական ռեժիմի հետ Բաքւի յարաբերութիւնների մասով»: Սա ասւել է Ահմադ Քազեմիի եւ Բորհան Հեշմաթիի հետ ունեացած «Մաշրեղ»-ի հրապարակած հարցազրոյցում, որը հրապարակւել է՝ 2015 թւականի հոկտեմբերի 26-ին:

Շուրջ 9 տարի առաջ X-ի իր միկրոբլոգում հրապարակած թւիթում ծաւալուն հարցազրոյցի մասին յիշեցնելով, դոկտ. Ահմադ Քազեմին ընդգծել է, որ խնդիրների այժմէականութիւնը այնքանով է կարեւոր, որ այսօր Իրանը կանգնած է հարցազրոյցում ընդգծւած իրավիճակի առաջ եւ, որ ԱԳՆ-ի կողմից ադրբեջանա-սիոնիստական յարաբերութիւնների խորացման ընթացակարգի հետ կապւած խնդիրների կողքով մեր աննկատ անցնելը բերեց նրան, որ այսօր Իրանը Կովկասում ստիպւած է դիմագրաւել արտատարածաշրջանային ուժերի, ինչպէս նաեւ ՆԱՏՕ-ի հնարաւոր ներկայութեանը:

«Բաքու-Թել Աւիւ անխափան չւերթների պատճառներից մէկը բնակեցման ռազմավարութիւնն է։ Խնդիր, որի մասին անդրադարձել եմ նաեւ 2016-ին: Երկրորդ Իսրայէլի ստեղծման ռազմավարութիւնը նոր փուլ է մտել Ղարաբաղում էթնիկ զտումների հարցում սիոնիստական ռեժիմի դերակատար լինելուց յետոյ: Սիոնիստների ծրագրաւորւած հոսքն ու բնակեցումը Բաքւում՝ նրանց Ղարաբաղ տեղափոխման նախապատմութիւնն է»,-իր թւիթում գրել է միջազգային իրաւունքի հարցերով աւագ փորձագէտը:

Հարցազրոյցում փորձագէտներն ընդգծւած նշել էին, որ վերջին շրջանում (2000-ից՝ 2015 թ.) շարունակ շեշտել են այն կասկածը, որ կովկասեան քաղաքականութեան մէջ Իրանի սխալ ռազմավարութիւնը քաղաքական, լրատւական, մշակութային, ռազմական եւ կրօնական հարթութիւններում դրդել են Բաքւին մօտենալ սիոնիստական ռեժիմին։ Նոյնիսկ որոշ դէպքերում իշխանութիւնը մեղադրել է Բարձրագոյն ղեկավարութեանը, երբ կոտրելով լռութիւնը բարձրաձայնել է Բաքւի կառավարութեան կողմից Ադրբեջանի Հանրապետութիւնում շիաների նկատմամբ ճնշումների եւ հալածանքի մասին։

Հարցազրոյցում փորձագէտները լուսաբանելով Բաքւի անվտանգային բոլոր ոլորտներ ներթափանցած սիոնիստների ծրագրերի մասին, արձանագրել են Ադրբեջանի Հանրապետութիւնում նրանց իրականացրած հակաիրանական ռազմավարութիւնը, դրանք տեսակաւորելով 12 գլուխների տակ:

Քննարկումների ընթացքում փորձագէտներն ակնարկել են նաեւ սիոնիստ պաշտօնեաների Բաքու կատարած գիշերային այցերին, կամ այն մասին, թէ ինչո՞ւ Ադրբեջանի շիաները չեն բողոքում Բաքւի որդեգրած հակաշիական քաղաքականութեան դէմ:

«Նման խնդիրների պատասխանը գտնելու համար առաջին քայլը Ադրբեջանի Հանրապետութեան եւ սիոնիստական ռեժիմի յարաբերութիւնների օրինակների ցուցակաւորումն ու արձանագրումն էր։ «Ցաւօք, պէտք է ասել, որ այդ օրինակներն այնքան շատ են, որ բացի քաղաքական ու դիւանագիտական դաշտից, մշակոյթի բոլոր ասպարէզները (արւեստ, երաժշտութիւն, սպորտ), կրթական (դպրոցներ, համալսարաններ, այսպէս կոչւած հրէական կրթական կենտրոնների զարգացում), կրօն (հերետիկոսական աղանդների զարգացում, ինչպիսիք են բահայականները), կիբեր, հաղորդակցութիւն եւ ՏՏ, լրատւամիջոցներ, անվտանգութիւն-լրտեսում, սոցիալական (ՀԿ-ների զարգացում), հնագիտութեան (պատմութիւնը խեղաթիւրելու համար), ճարտարապետութիւն (սիոնիստական եւ մասոնական խորհրդանիշերի մշակում), միգրացիա (աշխատուժ ուղարկելու), առողջապահութիւն եւ բուժման համակարգ, վիզաների դիւրացում, զբօսաշրջութիւն, համագործակցութիւն ղարաբաղեան հակամարտութիւնում եւ այլն»,- խնդիրները նշելով թւարկել է դոկտ. Հեշմաթին եւ յաւելել, որ անկասկած, Ադրբեջանի Հանրապետութիւնում ցանկացած ոլորտ ու ասպարէզ ներթափանցելու սիոնիստական ռեժիմի ամենակարեւոր նպատակը Իրանի ներկայութիւնը կանխելն է։

«Գիւղատնտեսութեան ոլորտում մենք ականատես եղանք Ադրբեջանի Հանրապետութեան եւ սիոնիստական ռեժիմի երկկողմ յարաբերութիւնների ընդլայնմանը։ Խորհրդային Միութեան փլուզումից ցայսօր Իրանը եղել է Ադրբեջանի Հանրապետութեան ագրոտնտեսութեան աջակից երկիրը: Իսկ այսօր սիոնիստները գիւղատնտեսական ապրանքների ամենակարեւոր մատակարարն են դարձել»,- յաւելել է փորձագէտը՝ յիշեցնելով սիոնիստական «Մաշաւ» կազմակերպութեան մասին, որին ի պատասխան՝ մրցակցային դաշտում Իրանը եղածը պահպանելու կամքի բացակայութիւնից է տառապում:

 Յիշեցնենք, որ սիոնիստական «Մաշաւ» կազմակերպութեան կողմից տարբեր մասնագիտութիւնների եւ ձեռնարկատէրերի համար կազմակերպւած վերապատրաստման ուսուցումներում՝ սկսած դիւանագէտներից, վերջացրած ֆերմերներով ու ուսուցիչներով, Ադրբեջանի Հանրապետութեան հարաւային շրջաններում բնակւող զգալի թւով ֆերմերներ տեղափոխւել են օկուպացւած Պաղեստինի տարածքներ, իսկ նրանց փոխարինել են տարածքներն ու հողամասերը գնած սիոնիստական կազմակերպութիւններ:

Դոկտոր Քազեմին նոյն կապակցութեամբ նշել է. «Այս առումով կան մի քանի օրինակներ, որոնցից կարեւորը հետեւեալն է. «Ադրբեջանն առաջին երկիրն էր, որտեղից անօդաչու թռչող սարք ներթափանցեց Իրանի տարածք՝ ուղեւորւելով Նաթանզ (2014 թւականի դեկտեմբերին)։ Երբ այս անօդաչու թռչողն Իրանի երկնքում խոցւեց, Բաքւում Իրանի ժամանակի դեսպանը դիրքորոշում ընդունելով հերքեց իրողութիւնը եւ նշեց, որ իսրայէլական անօդաչու թռչող սարքի Իրան մուտք գործելու հարցում Ադրբեջանի դերի մասին հրապարակւած լուրերը չեն համապատասխանում իրականութեանը եւ այն արւել է հէնց սիոնիստական բազայի կողմից:

Այն մասին, թէ ի՞նչ ռազմավարութիւն է իրականացրել սիոնիստական ռեժիմը մինչ այժմ (հարցազրոյցը 2015 թւականին է արւել) Ադրբեջանի Հանրապետութիւնը սիոնիզմի տարածաշրջանային բազայի վերածելու համար դոկտ. Քազեմին այն դիտարկել է հետեւեալ 12 ենթագլուխների տակ: Հակաշիականութեան ռազմավարութիւն, մշակութային, քաղաքական, տնտեսական, հակաիրանական, մեդիայի, անվտանգային, էներգետիկ, ռազմական համագործակցութիւնների, հրեաների բնակեցումով երկրի հրէականացում, պատմութեան խեղաթիւրման եւ կրթական համակարգ ներթափանցելու ռազմավարութիւն:

Ծաւալուն հարցազրոյցում գրեթէ նշւած բոլոր նախազգուշացումներն այսօր իրականութիւն են դարձել Արաքսի միւս ափերում՝ թուրքա-թաթարական էութեամբ այդ հանրապետութիւնում:

Ինչ վերաբերում է, թէ ինչո՞ւ սիոնիստական ռեժիմն ընտրեց Ադրբեջանի Հանրապետութիւնը, հարցին պատասխանել է Ահմադ Քազեմին թւարկելով երեք կարեւոր պատճառները.

Առաջին. Ադրբեջանի Հանրապետութեան եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան միջեւ երկար ձգւող ընդհանուր սահմանն է:

Երկրորդ. Կրօնական եւ բնակչութեան յարաբերակցութեան առումով Ադրբեջանի Հանրապետութիւնն Իրանի Իսլամական Հանրապետութիւնից յետոյ համարւում է շիաների ամենամեծ թւաքանակով երկիրը: Ուստի, իսլամով ուղեկցւող քաղաքական գիծը ներկայ է Իրանի Իսլամական Հանրապետութեան ազդեցութեամբ, ինչն իհարկէ հաճելի չէ սիոնիստական ռեժիմին։

Եւ երրորդ. Իրանի եւ Ադրբեջանի Հանրապետութեան մշակութային, պատմական եւ ռասայական ընդհանրութիւնները: Թէեւ Ադրբեջանի Հանրապետութիւնում ապրում են փոքրամասնութիւններ, ինչպիսիք են քրդերը, թուրքմէնները, ռուսները եւ այլն, բայց այս երկրի բնակչութեան մեծամասնութիւնը ադրբեջանցիներ եւ թալիշներ են, ովքեր ընդհանրութիւններ ունեն իրանական էութեան հետ:

Սիոնիստական ռեժիմը կարծում է, որ ազդելով Ադրբեջանի Հանրապետութեան ժողովրդի վրայ եւ փոխելով նրա մշակոյթն ու ապրելակերպը, կարող է ազդել նաեւ Իրանի Ատրպատականի վրայ, եւ հնարաւորութիւն ստեղծել ներթափանցելու Իրանի ռազմավարական խորքը։

Հարցազրոյցի բնագրում մանրամասն քննարկւել եւ վերլուծւել են Բաքւի տնտեսական, ռազմավարական, քաղաքական, պառլամենտական, բանկային համակարգը, կրթական եւ այլ ոլորտներ ներթափանցած իսրայէլական կազմակերպութիւնների եւ գործակալների գործունէութիւնն ու փաստերը, եւ կարեւորւել է Ղարաբաղի տարածքի հայթափումը, որպէս իսրայէլական յարմարագոյն բազա՝ աշխարհաքաղաքական փոփոխութիւններում որպէս լծակ օգտագործելու համար:

Related Articles

Back to top button