The Economist. Պուտինն առայժմ կարծես յաղթում է Ուկրաինայի պատերազմում
Պուտինի ամենամեծ առաւելութիւնը Եւրոպայում ռազմավարական տեսլականի բացակայութիւնն է. Ըստ «Սիւիլնետ»-ի՝ The Economist հանդէսն այսպէս է սկսում ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերեալ իր յօդւածը, որը վերնագրւած է «Պուտինն առայժմ կարծես յաղթում է Ուկրաինայի պատերազմում» (Putin seems to be winning the war in Ukraine-for now)։
2022-ի փետրւարի 24-ին Վլադիմիր Պուտինի Ուկրաինա ներխուժումից յետոյ առաջին անգամ թւում է, որ նա կարող է յաղթել։ Ռուսաստանի նախագահն իր երկիրը դրել է պատերազմի հիմքի վրայ եւ ամրապնդել իշխանութիւնը: Նա ռազմական մատակարարումներ է ստանում արտասահմանից եւ օգնում գլոբալ հարաւին շրջւելու Ամերիկայի դէմ: Ամենակարեւորը, նա խարխլում է Արեւմուտքում առկայ այն համոզմունքը, որ Ուկրաինան կարող է եւ պէտք է պատերազմից դուրս գայ որպէս եւրոպական բարգաւաճ ժողովրդավարութիւն:
Արեւմուտքը կարող է շատ աւելին անել պարոն Պուտինին հիասթափեցնելու համար: Եթէ ցանկանար, այն կարող էր գործի դնել արդիւնաբերական եւ ֆինանսական ռեսուրսներ, որոնք կը խոչընդոտէին Ռուսաստանին: Այնուամենայնիւ, ճակատագրականութիւնը, ինքնագոհութիւնը եւ ռազմավարական տեսլականի ապշեցուցիչ բացակայութիւնը լուրջ խոչընդոտներ են, յատկապէս Եւրոպայում: Յանուն իր, ինչպէս նաեւ Ուկրաինայի շահերի՝ Արեւմուտքը շտապ պէտք է թօթափի իր անտարբերութիւնը:
Պուտինի հնարաւոր յաղթանակի պատճառներից մէկն էլ այն է, որ յաղթելն աւելի շատ տոկունութիւն է պահանջում, քան տարածք գրաւել: Զօրքերից ոչ մէկն ի վիճակի չէ միւսին դուրս մղել այն հողից, որը վերահսկում է: Ուկրաինայի հակայարձակումը կանգնել է. Ռուսաստանը օրական աւելի քան 900 մարդ է կորցնում Դոնբասի շրջանի Աւդէեւկա քաղաքը գրաւելու ճակատամարտում։ Սա պաշտպանական պատերազմ է, եւ այն կարող է տեւել երկար տարիներ։
Սակայն մարտի դաշտն ձեւաւորում է քաղաքականութիւնը։ Գործողութիւնների թափն ազդում է բարոյա-հոգեբանական վիճակի վրայ: Եթէ Ուկրաինան նահանջի՝ Կիեւում անհամաձայնութիւնների աղաղակը կը զօրանայ։ Արեւմուտքում հնչող ձայները, որ Ուկրաինային փող ու զէնք մատակարարելը փողերի վատնում է, նոյնպէս կը հնչեղանան։ Առնւազն 2024-ին Ռուսաստանը կռւելու աւելի ուժեղ դիրքերում կը լինի, քանի որ կունենայ աւելի շատ անօդաչու թռչող սարքեր եւ հրետանային արկեր, եւ քանի որ նրա բանակն ուկրաինական որոշ զինատեսակների դէմ մշակել է էլեկտրոնային պատերազմի յաջող մարտավարութիւն։ Նաեւ, որ Պուտինը հանդուրժելի կը համարի զոհերի սարսափելի թւերը։
Արտաքին աջակցութեան աճը մասամբ բացատրում է Ռուսաստանի առաւելութիւնը մարտի դաշտում։ Պուտինը Իրանից անօդաչու սարքեր է ձեռք բերել, իսկ Հիւսիսային Կորէայից՝ արկեր: Նա աշխատել է համոզելու գլոբալ հարաւի մեծ մասին, որ մեծ մասնակցութիւն չունի Ուկրաինայի հետ տեղի ունեցող իրադարձութիւններին: Թուրքիան եւ Ղազախստանը դարձել են ռուսական ռազմական մեքենան սնուցող ապրանքների խողովակներ։ Ռուսական նաւթի համար առաստաղային՝ 60 դոլար գին սահմանելու Արեւմուտքի սխեման ձախողւել է, քանի որ դրան զուգահեռ առեւտրային սխեմայ է ձեւաւորւել, որի դէմ Արեւմուտքը ոչինչ չի կարող անել։ Ռուսական Urals նաւթի գինը 64 դոլար է՝ 2023-ի սկզբից 10 տոկոսով թանկ:
Պուտինը յաղթում է նաեւ, որովհետեւ ամրապնդել է դիրքերը երկրի ներսում: Հիմա նա իր քաղաքացիներին անհեթեթօրէն ասում է, թէ նրանք աքցանւած են Արեւմուտքի դէմ գոյատեւման պայքարում: Շարքային ռուսներին պատերազմը գուցէ դուր չի գալիս, բայց նրանք սովորել են դրան։ Վերնախաւը խստացրել է վերահսկողութիւնը տնտեսութեան վրայ եւ շատ փող է աշխատում: Պուտինը կարող է իրեն թոյլ տալ ցկեանս աշխատավարձ վճարել ընտանիքներին, որոնց այրերը կռւում ու մեռնում են։
Այս ամենի պատկերին զարմանալի չէ, որ Կիեւում տրամադրութիւններն աւելի մռայլ են։ Քաղաքական կռիւն է վերադարձել, մարդիկ պայքարում են ազդեցութեան համար: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եւ նրա ամենաբարձրաստիճան գեներալ Վալերի Զալուժնին գժտւել են: Ներքին հարցումները ցոյց են տալիս, որ կոռուպցիոն սկանդալները եւ Ուկրաինայի ապագայի վերաբերեալ մտահոգութիւնները խաթարել են Զելենսկու դիրքերն ընտրողների շրջանում:
Արեւմտեան կառավարութիւնները պնդում են, որ հաւատարիմ են Ուկրաինային, քան երբեւէ: Սակայն աշխարհով մէկ անցկացւած հարցումները ցոյց են տալիս, որ շատերը կասկածում են դրան: Ամերիկայում Բայդէնի վարչակազմը պայքարում է, որ Կոնգրեսը թոյլ տայ աւելի քան 60 մլրդ. դոլարի ֆինանսաւորումը Ուկրաինային: Շուտով նոր խոչընդոտ կը լինի՝ ի դէմս յաջորդ տարւայ նախընտրական քարոզարշաւի։ Եթէ Դոնալդ Թրամփը նախագահ ընտրւի՝ արագ խաղաղութիւն հաստատելու խոստումով, Ամերիկան կարող է յանկարծակի դադարեցնել զէնքի մատակարարումը։
Եւրոպան պէտք է պատրաստ լինի սարսափելի այդ սցենարին եւ ամերիկեան օգնութեան դանդաղմանը, ով էլ որ լինի Սպիտակ տանը: Սակայն եւրոպացի առաջնորդները շարունակում են այնպէս, կարծես առատաձեռն Ջօ Բայդէնը ղեկավարելու է յաւերժ: Եւրոմիութիւնը Ուկրաինային խոստացել է 50 միլիարդ եւրօ, բայց Հունգարիան եւ, հնարաւոր է, Գերմանիայի բիւջետային խառնաշփոթը խոչընդոտում են այդ գումարի յատկացումը: Դեկտեմբերին Եւրոմիութիւնը պէտք է ազդարարի, որ պատրաստ է բանակցութիւններ սկսել Ուկրաինայի անդամակցութեան համար։ Սակայն շատերը կարծում են, որ գործընթացը միտումնաւոր կը խափանւի, քանի որ ընդլայնումը դժւար է եւ սպառնում է սեփական շահերին: Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին պրանկ ձայնագրութեան ժամանակ ասել է, որ Եւրոպան յոգնել է: Կարելի է կարծել, թէ Թրամփի նախագահութիւնը կարող է նպաստել Ուկրաինայի աջակցութեանը, քանի որ Եւրոպան եւս ստանձնել է պաշտպանութեան իր պատասխանատւութիւնը: Սակայն առաջնորդներից մէկը մասնաւոր զրոյցում կանխատեսում է, որ աջակցութեան շուրջ տարաձայնութիւնները խորանալու են:
Դա աղէտ կը լինի: Մինչեւ 2025-ը պատերազմ վարելու լարւածութիւնը կարող է սկսել հասնել պարոն Պուտինին: Ռուսները կարող են գնալով աւելի զայրանալ հարկադիր մոբիլիզացիաներից, գնաճից եւ սոցիալական ծախսերի փոխարէն բանակը ֆինանսաւորելուց: Սակայն պարզապէս յոյս ունենալ, որ Պուտինի ռեժիմը կը փլուզւի, անիմաստ է: Նա կարող է տարիներ մնալ իշխանութեան ղեկին, եւ եթէ մնայ, ապա կը սպառնայ պատերազմով, քանի որ դա նրա արդարացումն է ներքին բռնաճնշումների եւ սեփական ժողովրդի տառապանքների համար: Նա խաթարել է Ռուսաստանի հեռանկարները՝ նրան մեկուսացնելով Եւրոպայից եւ արտաքսելով ամենաձեռներէց մարդկանց: Առանց պատերազմի՝ նրա իշխանութեան ունայնութիւնն ամբողջութեամբ ի դերեւ կելնի։
Հետեւաբար, Եւրոպան պէտք է ծրագրի, որ Պուտինն իր անվտանգութեանը հիմնական ու երկարաժամկէտ սպառնալիք է լինելու: Ռուսաստանը վերազինւելու է։ Այն ունենալու է մարտական փորձ։ Եւրոպան իր պաշտպանութիւնը պէտք է ծրագրի այնպէս, որ Պուտինին թոյլ չտայ իր թուլութիւնը շօշափելու այս կողմում, յատկապէս, որ նա կասկածում է նախագահ Թրամփի՝ կռւելու պատրաստակամութեանը, եթէ ինքը յարձակւի ՆԱՏՕ-ի երկրի վրայ:
Պարոն Պուտինին զսպելու լաւագոյն միջոցը կը լինի այն, որ Եւրոպան վճռականութիւն դրսեւորի՝ հէնց հիմա ցոյց տալով, որ լիովին հաւատարիմ է ծաղկող, ժողովրդավարական ու դէպի Արեւմուտք ձգտող Ուկրաինային: Ուկրաինայի սպառազինումը կարեւոր է, յատկապէս հակաօդային պաշտպանութիւնը եւ հեռահար հրթիռները՝ ռուսական մատակարարման գծերին հարւածելու համար։ Այդ իսկ պատճառով շատ կարեւոր է, որ ԱՄՆ-ը հաստատի օգնութեան վերջին տրանշը: Քանի որ զինանոցներն արդէն սպառւել են, աւելի շատ աշխատանք է պէտք արեւմտեան զէնք արտադրողների կարողութիւնները մեծացնելու ուղղութեամբ: Պատժամիջոցները եւս կարող են աւելի արդիւնաւէտ թիրախաւորում ունենալ՝ Պուտինի վարչակարգի ու ռուսական վերնախաւերին իրարից բաժանելու համար:
Քաղաքական գործողութիւնները Եւրոպայում նոյնպէս կարեւոր են: Պուտինը կը յարձակւի Ուկրաինայի քաղաքների վրայ եւ կը պառակտի նրա հասարակութեանը՝ սաբոտաժի ենթարկելով երկրի վերափոխումը արեւմտեան ժողովրդավարութեան: Ի պատասխան՝ Եւրոպան պէտք է կրկնապատկի ջանքերը՝ ապահովելու Ուկրաինայի առաջընթացը՝ փողի եւ ԵՄ-ին միանալու խոստումով: Եւրոպական առաջնորդները չեն գիտակցում խնդրի վիթխարիութիւնը։ Իսկապէս, շատ-շատերը, կարծես, խուսափում են դրանից: Դա յիմարութիւն է։ Նրանք պէտք է յիշեն Լեւ Տրոցկուն. «Դուք կարող են չհետաքրքրւել պատերազմով, բայց պատերազմն անպայման կը հետաքրքրւի ձեզնով»:
Թարգմանութիւնը՝ Կարէն Յարութիւնեանի