ԻրանՄիջազգայինՔաղաքական

Արտաքին գործերի նախարար. «Բանակցութիւնների 3-րդ փուլը շատ աւելի լուրջ էր, քան նախորդ երկուսը»

«ԱԼԻՔ» – Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ բանակցութիւնների երրորդ փուլի վերաբերեալ արտգործնախարար Սէյէդ Աբբաս Արաղչին յայտարարել է, որ բանակցութիւններից յետոյ է տեղեկացել Շահիդ Ռաջայի նաւահանգստում տեղի ունեցած պատահարի մասին: Նա ցաւակցել է զոհերի ընտանիքներին եւ Իրանի ժողովրդին։

Արաղչին «Մեհրաբադ» օդանաւակայնում լրագրողների հետ ճեպազրոյցի ժամանակ նշել է. «Շնորհակալ եւ երախտապարտ ենք պրն. Բուսաիդին Օմանի Մասկատ քաղաքում կայացած բանակցութիւնների երրորդ փուլը հիւրընկալելու համար»։ Նա յաւելել է, որ  բանակցութիւնները տեղի են ունեցել հանգիստ մթնոլորտում։

Արտաքին գործերի նախարարը նշել է, որ 3-րդ փուլի հանդիպումներն եղել են շատ աւելի լուրջ, քան նախորդներն էին, եւ, որ բանակցող կողմերն աստիճանաբար անցում են կատարել տեխնիկական քննարկումների։ «Մենք մի քանի անգամ գրաւոր կարծիքներ փոխանակեցինք»,- նշել է Արաղչին։

Արտաքին գործերի նախարարը նշել է նաեւ, որ կան տարաձայնութիւններ թէ՛ մակրօ, թէ՛ մանրամասնութիւնների մէջ մտնելու հարցերում, եւ յայտարարել, որ մինչ յաջորդ հանդիպումը մայրաքաղաքներում կը լինեն վերանայումներ՝ տեսնելու, թէ ինչպէս կարող ենք նւազեցնել տարաձայնութիւնները։

Արաղչին ընդգծել է. «Ակնյայտ էր, որ երկու կողմերն էլ լուրջ են տրամադրւած, եւ սա ստեղծում է մի մթնոլորտ, որտեղ մենք յոյս ունենք՝ առաջընթաց գրանցւի։ Իհարկէ, մեր այս յոյսը չափազանց զգուշաւոր է, եւ կան հարցեր, որոնց շուրջ պէտք է ընդհանուր համաձայնութեան գալ, որից յետոյ կարելի է անցնել մանրամասնութիւնների շուրջ բանակցութիւնների»:

Բանակցութիւնների յաջորդ փուլի մասին հարցին անդրադառնալով նա յաւելել է. «Այն, հաւանաբար, կրկին տեղի կունենայ շաբաթ օրը, իսկ մանրամասներն ու վայրը կը համաձայնեցնի համադրող կողմը, որը Օմանն է, եւ կը տեղեկացնի կողմերին»։

Բանակցող թիմերի վերաբերեալ ԱԳ նախարարն ասել է. «Այն կը լինի ներկայիս մակարդակում՝ իմ եւ պրն. Վիտկոֆի մասնակցութեամբ ու փորձագէտների ուղեկցութեամբ»։

Բանակցութիւններում բարձրացւած հարցերի վերաբերեալ ենթադրութիւններին ի պատասխան՝ նա ասաց. «Մեր հարցը միայն միջուկային է, եւ մենք այլ հարցեր չենք բարձրացնելու։ Միջուկային հարցի շուրջ են բանակցում միայն, պատժամիջոցների վերացման դիմաց, ինչը շարունակւել է երեք փուլով»։

Արտաքին գործերի նախարարը յայտարարել է. «Երբ ես ասում եմ, որ մթնոլորտը լուրջ էր, դա նշանակում է, որ երկու կողմերն էլ ցուցաբերեցին իրենց կամքը, բայց միայն կամքը բաւարար չէ։ Միայն կամքի ուժը չի երաշխաւորում յաջողութիւնը: Իսկ յաջողութեան հասնելու համար պէտք է բաւարարւեն երկու կողմերի ցանկութիւնները։ Սա ժամանակ է պահանջում:  Մեր տարակարծութիւններից քանիսը լուրջ են, իսկ  քանիսը՝ ոչ այնքան լուրջ։ Յուսով ենք արագ ենք շարւելու առաջ: Երրորդ փուլում տեղափոխւել ենք փո՛ւլ, որում, թերեւս, մինչ այս պահը չենք եղել: Ես գոհ եմ բանակցային գործընթացից։ Նախկին փորձը մեզ օգնում է աւելի արագ շարժւել առաջ»։

Փորձագիտական ​​​​խմբի կազմի վերաբերեալ Արաղչին ասել է. «Մեր կողքին են անհրաժեշտ փորձագէտներ: Այժմ, երբ աստիճանաբար ընդհանուր հարցերից դէպի մասնագիտացւած քննարկումների ենք անցնում, դրանցով աստիճանաբար մեծանում է նաեւ թիմի կազմը:  3-րդ փուլում առաջին անգամ մեզ հետ էին տնտեսական փորձագէտներ: Յաջորդ հանդիպումից, կարծում եմ, կաւելացւի նաեւ Ատոմային էներգիայի կազմակերպութեան փորձագէտը։ Առաջ շարժւելուն զուգընթաց, համապատասխան փորձագէտը կը աւելացւի՝ կախւած օրակարգի թեմաներից»։

Related Articles

Back to top button