ՄիջազգայինՔաղաքական

COP29 – Իրանական ՀԿ-ների յայտարարութիւնը. «Կլիմայական արդարութիւն հնարաւոր չէ՝ առանց իրաւազրկւած համայնքների իրաւունքների ճանաչում»

«ԱԼԻՔ» – Իրանական տասնեակ հասարակական կազմակերպութիւններ (ՀԿներ), որոնք ակտիւ են մարդու իրաւունքների ոլորտում, հանդէս են եկել համատեղ յայտարարութեամբ՝ դատապարտելով Իսրայէլի ռեժիմի ներկայութիւնը Բաքւում ընթացող կլիմայի փոփոխութեան կոնֆերանսում (COP29): Այդ կազմակերպութիւնները պահանջում են համաշխարհային ճնշում գործադրել կլիմայական արդարադատութիւնը Պաղեստինում վերականգնելու համար: Յայտարարութեան մէջ նշւած է նաեւ  մարդու իրաւունքների խախտման փաստերի, ինչպէս նաեւ  օկուպացւած տարածքներում շրջակայ միջավայրի ոչնչացման իրականութեան մասին:

Յայտարարութեան ամբողջական տեքստում ասւած է.

«Որպէս իրաւապաշտպան կազմակերպութիւններ՝ մենք խորապէս մտահոգւած ենք COP29-ին Իսրայէլի ներկայութեան վերաբերեալ, որն անց է կացւում  կլիմայական ճգնաժամի արդար լուծման նպատակով։ Մենք կարծում ենք, որ այս ռեժիմի վարքագիծը, յատկապէս մարդու իրաւունքների ոտնահարման ոլորտում, ոչ մի կերպ համահունչ չէ այս գագաթնաժողովի արժէքներին, յատկապէս մարդու իրաւունքների եւ կլիմայի փոփոխութիւնների դէմ աշխատանքների առումով եւ այն հակասում է բնապահպանական նորմերի հիմնարար սկզբունքներին։

Պաղեստինի եւ Լիբանանի օկուպացւած տարածքներում այս ռեժիմի կողմից մարդու իրաւունքների եւ հումանիտար կանոնների կրկնակի խախտումը, բացի մարդկային աղէտալի հետեւանքներից, կործանարար ազդեցութիւն է ունեցել տարածաշրջանային էկոհամակարգերի եւ Մերձաւոր Արեւելքի կլիմայի վրայ: Իսրայէլի ռազմական գործողութիւնները, որոնք յանգեցրել են կենսական ենթակառուցւածքների, գիւղատնտեսական տարածքների ու բնական ռեսուրսների ոչնչացմանը, խախտում են միջազգային բնապահպանական իրաւունքի հիմնարար սկզբունքները, ներառեալ «կանխարգելման սկզբունքը», «Զգուշաւորութեան սկզբունքը» եւ «փոխհատուցման սկզբունքը»:

Կարեւորում ենք, որ կլիմայական արդարութեան նպատակներին հասնելը կախւած է մարդու իրաւունքների եւ սոցիալական արդարութեան չափանիշների պահպանումից։ Ուստի միջազգային հանրութեանը եւ COP29-ի մասնակիցների ուշադրութեանն ենք յանձնում արձանագրւած հետեւեալ խախտումները.

  1. Իսրայէլի լայնածաւալ յարձակումները պաղեստինեան եւ լիբանանեան ենթակառուցւածքների վրայ, ներառեալ ջրամատակարարման համակարգերի, գիւղատնտեսական տարածքների ու սննդի անվտանգութեան ոչնչացումը, միջազգային պարտաւորութիւնների բացարձակ խախտումներ են: Նման գործողութիւնները հակասում են զինւած հակամարտութիւնների ժամանակ շրջակայ միջավայրի պահպանման սկզբունքին, եւ Իսրայէլը պէտք է պատասխանատւութիւն կրի գործած աւերածութունների ու տարածաշրջանի շրջակայ միջավայրի վրայ կործանարար ազդեցութեան համար։
  2. Իսրայէլի կողմից Գազայի անօրինական ու գիտակցւած շրջափակումը լուրջ բնապահպանական ճգնաժամ է առաջացրել, կրճատելով այս տարածքի բնակիչների հասանելիութիւնը ջրի, սննդի եւ առողջապահական ծառայութիւններին: Այս շրջափակման շարունակութիւնը հակասում է Ժնեւի 4-րդ կոնւենցիայի 23-րդ եւ 55-րդ յօդւածներին, եւ անմարդկային ու անընդունելի պայմաններ է ստեղծել Գազայի խաղաղ բնակչութեան համար։
  3. Կլիմայական արդարութեան հասնելն անիմաստ է առանց խոցելի եւ օկուպացւած համայնքների հիմնական իրաւունքների ապահովմանը: Պաղեստինցիներն ունեն իրենց բնական ռեսուրսների ազատ ու անվտանգ հասանելիութեան, եւ բնապահպանական որոշումների կայացման գործընթացներին մասնակցելու իրաւունք: Իրաւունք, որն Իսրայէլը, որպէս բռնազաւթող կողմ, պարտաւոր է յարգել։

Կոչ ենք անում COP29-ին մասնակցող երկրներին ու միջազգային իրաւապաշտպան կազմակերպութիւններին դատապարտել Իսրայէլի գործողութիւնները եւ ստիպել նրան կատարել միջազգային իրաւական պարտաւորութիւնները եւ անյապաղ դադարեցնել կործանարար բնապահպանական եւ մարդասիրական գործողութիւններն օկուպացւած պաղեստինեան եւ լիբանանեան տարածքներում:

Քանի դեռ անտեսւած են պաղեստինցիների իրաւունքները, կլիմայական արդարութեան գլոբալ նպատակների իրականացումը, որին ձգտում է COP29-ը, դատարկաբանութիւնից բացի այլ բան նշանակել չի կարող»:

Related Articles

Back to top button